
Հաջորդ տարի, շնորհիվ մասնակցային բյուջետավորման ծրագրի, Ազատանը կունենա խաղահրապարակ
2025թ․-ի գարնանը Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրի սկզբնամասում՝ 150 քմ տարածքի վրա, կձևավորվի մանկական խաղահրապարակ-զբոսայգի՝ շնորհիվ համայնքում ներդրված մասնակցային բյուջետավորման ծրագրի, որի մեկնարկը տրվել էր 2024թ․-ի ամռանը: «Խաղահրապարակ Ազատանում» առաջարկի հեղինակը Ազատանի բնակչուհի Լենա Մխիթարյանն է: Լենան ծնունդով գյումրեցի է: Տարիներ առաջ ամուսնացել և տեղափոխվել է Ազատան, ունի երկու մանկահասակ երեխա: Թե՛ իր, թե՛ ամուսնու աշխատավայրը Գյումրի քաղաքում է, երեխաների ժամանցը ևս, առիթի դեպքում, այնտեղ են կազմակերպում: Սակայն ապրելատեղի զարգացումն ու կյանքի որակի բարելավումը երիտասարդ կնոջ համար ևս առաջնային է: Նրա համոզմամբ, ցանկացած փոքր կամ մեծ բնակավայր պետք է ինքնաբավ լինի ու կարողանա սեփական ռեսուրսները ճիշտ օգտագործել՝ զարգանալու համար:
«Ազատանից Գյումրի հասնելու համար ընդամենը 15 րոպե է պահանջվում, էն դեպքում, որ քաղաքի ծայրամասային Մուշ թաղամասից տրանսպորտով մոտ կես ժամ է պետք կենտրոն հասնելու համար: Մենք երբեք չենք դժվարացել մեր փոքրիկներին առիթի դեպքում Գյումրի բերելու, խաղահրապարակներ, սրճարաններ տանելու, բայց չէ որ դա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ,- նկատում է Լենան,- ես միշտ մտածում էի, թե որքան լավ կլիներ, եթե մի փոքրիկ խաղահրապարակ Ազատանում լինի, ինչ-որ ժամանցի վայր ունենայինք, որ երիտասարդ մայրիկներն էլ չձգտեն անպայման քաղաք հասնել: Դեռ խորհրդային տարիներից գյուղերում տղամարդիկ միշտ ունեցել են հավաքատեղի, իսկ կանայք զրկված են եղել դրանից: Նույն բանը հիմա է շարունակվում, և ես մտածում էի, որ համայնքային զբոսայգին, թեկուզ և փոքր, կլուծի այդ հարցը»:
Լենան աշխատում է Գյումրու համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնում: Վերջին տարին համակարգում է համայնքապետարանի սուբվենցիոն և զարգացման ծրագրերի բաժինը: Կառավարության կողմից համայնքներում ներդրվող մասնակցային բյուջետավորման ծրագրին անձամբ առնչվել է, երբ պետք է համակարգեր Գյումրիում հայտարարված գաղափարների մրցութային աշխատանքները:
«Շիրակի մարզում Կառավարության կողմից ներդրած մասնակցային ներդրումային ծրագրին երկու համայնք էր մասնակցում ՝ Գյումրին և Ախուրյան խոշորացված համայնքը: Գյումրիում լավագույն հաղթող գաղափարի համար նախատեսվել էր 5 մլն դրամ, Ախուրյանում՝ 3 մլն դրամ, որից 2 մլն-ը համայնքի ներդրումն էր, 1 մլն դրամ էլ պիտի հատկացներ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագիրը»: Տեղն ընտրվել է գյուղի սկզբնամասում, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն է կանգնեցված: Ընտրվել է կից տարածքը, քանի որ ցանկապատված է՝ անվտանգության հարցն էլ է լուծված, թեպետ ես ծրագիրը ներկայացնելիս նշել էի, որ նախապես ընտրված տարածքը կարող է փոփոխվել՝ ըստ նպատակահարմարության: Այս պահին արդեն կան տեղադրված մի քանի խաղեր «CapSLoc»-ի կողմից, համայնքապետարանն էլ մնացածը, հավանաբար, ընթացքում կավելացնի»,- ասում է Լենա Մխիթարյանը:
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում Ազատանում խաղահրապարակի գաղափարի վերաբերյալ տեղեկատվության տարածման և բացատրական աշխատանքներին հատկապես ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի հանրակրթական դպրոցը: Անահիտ Բարսեղյանն Ազատանի դպրոցի փոխտնօրենն է: Ասում է, որ փորձել է որպես Ազատանի բնակիչ, ով ուզում է զարգացած տեսնել սեփական բնակավայրը, հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը:
«Ես մեծ հաճույքով մասնակցել եմ տեղեկատվական արշավին, մարդկանց շրջանում գաղափարի տարածմանը, որովհետև ինքս էլ շատ կարևորում եմ համայնքային զբոսայգի-խաղահրապարակ ունենալը,- նկատում է Անահիտ Բարսեղյանը,- մեր գյուղի կանայք զրկված են որևէ հավաքատեղիից, մեր երիտասարդ մայրիկները չգիտեն՝ գյուղում ուր տանեն իրենց երեխաներին, որ կարողանան նրանց զբաղմունքն ապահովել, համ էլ իրենց հանգստի հարցը լուծել: Հիմա դեռ տարածքն ամբողջությամբ կահավորված չէ, բայց վստահ եմ, որ գարնանն ամեն ինչ պատրաստ կլինի: Մենք առաջին անգամ համայնքով հնարավորություն ունեցանք մասնակցելու մրցույթին ու հաղթելու մեր համախմբվածության շնորհիվ: Մասնակցային բյուջետավորման ծրագիրը նաև լավ ցուցիչ է համայնքների բնակիչների համերաշխության ու միասնական որևէ գործ անելու առումով»:
Ազատանում խաղահրապարակի կառուցման գաղափարը 7 այլ գաղափարների հետ անցել էր մրցութային փուլ և հաղթել 1638 ձայնով: Երկրորդ տեղում բավականին փոքր մի բնակավայր էր՝ Փոքրաշենը, որտեղից երկու գաղափար էր առաջադրվել, և նրանցից մեկն ստացել էր 1429 քվե: Ախուրյան խոշորացված համայնքի դեպքում հատկանշականն այն էր, որ կողքի համայնքի բնակիչները ևս, բարի կամք դրսևորելով, կարող էին քվեարկել հարևանի գաղափարի օգտին:
«Ես, իհարկե, վստահ էի, որ եթե համախմբվենք, կհաղթենք, որովհետև Ազատանն ունի մոտ 6000 բնակիչ, ու եթե քվեարկության իրավունք ունեցողների 1/3-րդն էլ մասնակցեր, բավարար կլիներ: Դե քանի որ արդեն փորձ ունեի Գյումրիում կազմակերպված մասնակցային բյուջետավորման գործընթացներից, գիտեի նաև, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ քվեարկության ընթացքում: Ախուրյանում քվեարկության ընթացքը սկզբում շատ հարթ էր ընթանում, որը զարմանալի էր, այսինքն մի տեսակ բողոքներ չկային անձի նույնականացման, հաստատման հետ կապված: Հետո ինձ տարօրինակ թվաց, որ մի գիշերում հնարավոր է 200 ձայն ավելանա, մարդկային գործոնի դեպքում ուղղակի ֆիզիկապես անհնար է այդքանին նույնականացնել,-պատմում է Լենան,- սա ստիպեց ինձ փորձ կատարել՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է նման թռիչքային աճ գրանցվել»:
Լենան ասում է, որ փորձել է պատահական անուն-ազգանուն լրացնելով՝ մասնակցել քվեարկությանն ու ստացել է հաստատում: Դրանից հետո բողոքարկել է աշխատանքները կազմակերպած հանձնաժողովին և հասել նրան, որ վերջին մի քանի օրերին արդեն անձի նույնականացումն ու հաստատումը կատարվի կոնկրետ պատասխանատու աշխատակցի մասնակցությամբ: «Դրա արդյունքում, իհարկե, եղան կուտակումներ, անգամ վերջնաժամկետը մեկ օրով երկարացվեց, որ ադմինը կարողանա 50-ից ավելի մարդկանց նույնականացնի: Հաջորդ տարվա համար, իմ տեղեկություններով, քվեարկության մեխանիզմն ավելի է խստացվել, և ով պատահի չի կարողանալու մասնակցի, եթե տվյալ համայնքի գրանցում ունեցող բնակիչ չէ,-ասում է Լենան,- Գյումրիում քվեարկության խիստ կանոններ էին գործում, դրա համար էլ հաղթած նախագիծը ստացել էր 216 ձայն»:
Լենա Մխիթարյանի տեղեկություններով հաջորդ տարի Գյումրին և Ախուրյանը մասնակցային բյուջետավորման ծրագրի համար Կառավարությունից համապատասխանաբար ստանալու են 49 և 43 մլն դրամ: Խստացվելու ու վերահսկվելու է հատկապես քվեարկության կարգը:
Մեկնաբանել