
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ է ընդունել։ Քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: Ստորեւ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունը բանաձեւի վերաբերյալ։
Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։
Բանաձևում ընդգծվում են 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես սաստկացել են COP29 գագաթնաժողովի շուրջ։ Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևում նաև շեշտվում են բանտարկյալների իրավունքների կանոնավոր խախտումները՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:
Բանաձևում հիշատակվում են նաեւ 23 հայ գերիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները։ Կոչ է արվում անհապաղ ազատ արձակել նրանց՝ երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «Մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։
Մեկնաբանել