HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողությունը կիրականացնի Պետական վերահսկողական ծառայությունը

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը:

Ըստ Պետական վերահսկողական ծառայության, նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և Ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ:

«Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն Ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:

Գործող օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունները կարիք ունեին առավել հստակեցման, ինչն արդեն նոր օրենքի նախագծում կատարելագործվել է, ինչպես նաև հստակեցվել են Ծառայության առանձին իրավասությունների սահմանումները: Բացի այդ, գործող օրենքում առկա են մի շարք ընդհանրական ձևակերպումներ, որոնք գործնականում կարող են տարընթերցումների տեղիք տալ: Նախագծով սահմանված որոշ հասկացություններ և բնորոշումներ հստակեցվել են, ինչպես նաև լրացուցիչ պարզաբանվել են Ծառայության իրավասությունների սահմանումները: Ծառայության վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը բերվել են ավելի համընդհանուր կիրարկման դաշտ:

Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում, Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով, նախագծով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն:

Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում, մոնիթորինգի և մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայության հիմնարկներում իրականացվող հանրային գնումները: Նախագծով նախատեսվել են նաև Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը, կանոնակարգվել են առանձին դեպքերում որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը:

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողով՝ հավանության արժանանալուց հետո ներառվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ՊՎԾ շենքը 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter