
Սև ծովը սևացել է. էկոլոգիական աղետ` Սև ծովում
ՌԴ Կրասնոդարի երկրամասում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Դեկտեմբերի 15-ն Կերչի նեղուցում «Վոլգոնևֆտ 212» և «Վոլգոնևֆտ 239» հեղուկանավերի խորտակման հետևանքով հազարավոր տոննաներով նավթամթերք է արտահոսել Սև ծով: Մազութը Կերչից հասել է Անապայի ափեր և սևացրել ծովափնյա տարածքները:
Բնապահպաններն ահազանգում են, որ վտանգված է Սև ծովի ողջ էկոհամակարգը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցածը որակել է էկոլոգիական դժբախտություն, և մեղավորները, ինչպես իրեն են զեկուցել, նավապետեր են, որոնք փոթորկի ժամանակ չեն պատսպարվել և ծով են դուրս եկել: Ավելին, խոսվում է նաև հեղուկանավերի անսարքությունների մասին, որոնք իրավունք չեն ունեցել այդ պայմաններով ծով դուրս գալ:
Հեղուկատարներից մեկն իր երթուղին սկսել է Սարատովից, մյուսը` Ազովի ծովից: Երկուսն էլ պետք է հասնեին «Կովկաս» նավահանգիստ:
Նրանք տեղափոխել են ավելի քան 9000 տոննա մազութ: Թե որքանն է արդեն խորտակված հեղուկատարներից արտահոսել ծով, հստակ հայտնի չէ, սակայն մասնագետներն ահազանգում են, որ եթե խորտակված հեղուկատարներից մնացած մազութն էլ արագ չարտահանվի, այն ամբողջությամբ կհայտնվի Սև ծովում:
Երկու հեղուկանավերի խորտակման փաստով հարուցվել են քրեական գործեր: Զոհվել է մեկ անձ:
Greenpeace-ի տվյալներով` արդեն ավելի քան 60 կմ ծովափ է աղտոտված մազութով: Արձանագրվել են թռչունների անկման դեպքեր:
5000-ից ավելի կամավորներ են հավաքվել Կրասնոդարի շրջանում, որպեսզի հավաքեն ծովափնյա մազութը, նրանք նաև փորձում են փրկել թռչուններին:
![]() |
![]() |
Լուսանկարները` bloknotanapa.ru-ից
Էկոլոգներն ահազանգում են, որ մազութը ծովային կենսաբազմազանության համար տոքսիկ ազդեցություն ունի: Մազութը չի վերանում, այլ հետզհետե նստվածք է տալիս ծովի հատակին, իսկ մինչ այդ արգելափակում է արևի ճառագայթները, ինչի հետևանքով ծովի ողջ կենսաբազմազանությունը վտանգվում է:
Ծովափնյա այդ հատվածներում առաջիկայում հանգիստ կազմակերպել նույնպես հնարավոր չի լինի, քանի որ մազութը արագ չի վերանա: Որքան էլ մաքրեն, ողջ ծավալի 10 տոկոսը հնարավոր կլինի մաքրել, մնացածը կշարունակի աղտոտել ծովը` մինչև նստվածք տալը կամ ափամերձ հատվածներից դուրս գալը:
Հեղուկանավերը խորտակվել են դելֆինների ապրելավայրերի մոտ, եթե անգամ նրանք արագ տեղափոխվեն, վտանգ կա, որ մազութը նրանց, այնուամենայնիվ, կվնասի կերակրման շղթայի միջոցով:
Արտակարգ դրություն է հայտարարվել նաև Ղրիմում` Կերչի հատվածում, այնտեղ նույնպես` ափամերձ տարածքներում մազութի արտահոսքերը տեսանելի են դարձել: Փրկարարական ջոկատները սկսել են մաքրման աշխատանքները:
![]() |
![]() |
Sentinel արբանյակից արդեն իսկ ստացվել և հրապարակվել են լուսանկարներ, որտեղ սև կետերով երևում է մազութի կուտակված տեղանքը: Այն խորտակման վայրից 3-5 կմ հեռավորությամբ է, սակայն քամու ազդեցությամբ հետզհետե տեղափոխվում է ծովափնյա տարածքներ:
Գլխավոր լուսանկարը` РИА Новости-ից
Մեկնաբանել