HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատժել անօրինություն կատարած պաշտոնյաներին. «Խոսրովի անտառ» նախաձեռնության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը 24.05.2007թ. ընդունել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին թիվ 673-Ն որոշումը, որով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում ստեղծել է այսպես կոչված` «Գիլան» պետական արգելավայր` նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը` 118 հեկտար տարածքով: Այս որոշման արդյունքում փոփոխություններ են մտցվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ եւ 29-րդ կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գիլան» պետական արգելավայրի համապատասխան հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել մինչեւ 60 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության համար հողամասերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչեւ 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով»: Այս որոշումների նախագծերը չեն անցել Օրհուսի կոնվենցիայով սահմանված հանրային լսումները:

Սույն թվականի հուլիսի 30-ին Խոսրովի արգելոցի վերաբերյալ բնապահպանության նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարարի կողմից եղավ հավաստիացում, որ արգելոցի կարգավիճակը վերականգնելուց հետո «Գիլան» արգելավայրի տարածքում կառուցված շինություններն այլեւս անօրինական կարգավիճակ ունեն ու ապամոնտաժվելու են, որի համար անհրաժեշտ է անցնել իրավական ընթացակարգեր: Հավաստիացում եղավ նաեւ, որ դադարեցվելու է ճանապարհաշինությունը, մինչեւ բնապահպանության նախարարությունում այդ հարցը չքննարկվի: Նշվեց նաեւ, որ մշակվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ արտացոլված են հանրության մտահոգությունները եւ որը առաջիկա օրերին կներկայացվի հանրության դատին:

Վերը նշված հավաստիացումները հույս են ներշնչում, որ հանրությունը գործուն մասնակցություն կունենա «Խոսրովի անտառի» եւ Հայաստանի մյուս հատուկ պահպանվող տարածքների իրավական կարգավիճակի` միջազգային չափանիշներին համապատասխան կարգավորման, դրանց կառավարման եւ որոշումների կայացման գործընթացին: 

Այնուհանդերձ, չի իրականացվել մեր կողմից ներկայացված պահանջներից մեկը: Այն է` պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, ում գործողությունների հետեւանքով «Խոսրովի անտառ» արգելոցից անօրինական կերպով առանձնացվել է «Գիլան» արգելավայրը` վնասելով արգելոցի բնականոն վիճակը: Մենք համոզմունք ենք հայտնում, որ քանի դեռ Հայաստանում չի գործում օրինազանց պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, մեր երկրում շարունակվելու են կայացվել անօրինական որոշումներ եւ վարչական ակտեր:

«Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն
01.08.2012 թ.

Մեկնաբանություններ (1)

Դերենիկ
Հարգելի «Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնություն, շնորհաորում էմ ձեզ այդ փոքր հախթանակի համար , բայց որպեսզի մեկնդ միշտ վերջ տրվի Խոսրովի անտառ» պետական արգելոցի նկատմամբ /թուրքական/ ոտնձգությունները, պետքե ՀՀ կառավարությունից պահանջել որպեսզի չեղյալ համարվի ՀՀ կառավարությոան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին թիվ 673-Ն 24.05.2007թ որոշումը, և ընդունել նոր որոշում որով ազգային պարկերում և արգելանոցներում արգելվում է կառուցապատման աշխատանքներ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter