
Թրամփը Էնդրյու Փիքին կնշանակի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ազգային անվտանգության հարցերով իր ապագա օգնական Մայք Ուոլցի խորհրդական Էնդրյու Փիքին նշանակել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զրուցակիների փոխանցմամբ՝ նշանակման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։ Պարբերականը նշում է, որ Փիքը Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարությունում պատասխանատու էր Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության համար:
Նախկինում Փիքը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում զբաղվել է նաև Եվրոպայի հարցերով, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հեռացվել էր այդ պաշտոնից։ Ընդ որում, ինչպես նշում է Politico-ի զրուցակիցը, Փիքն ունի գաղտնի տվյալներին հասանելիություն, որը երբեք հետ չի կանչվել և չի կասեցվել:
Պարբերականի գնահատմամբ՝ Փիքը մեծ դերակատարում կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի հակամարտության և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի մոտեցումների ձևավորման հարցում, եթե դառնա Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից։
Ներկայումս Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է Մայքլ Քարփենթերը։ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել