HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Հանճար կերտողները». արհեստական բանականության հայերեն թարգմանած առաջին գիրքը՝ իր մասին 

Արհեստական բանականությունը մարդկանց մոտ տարբեր զգացողություններ է առաջացնում. շատերը վախենում են, մյուսները՝ ոգևորվում, մարդկանց մի խումբ էլ՝ խճճվում անորոշության մեջ: Բայց արհեստական բանականությունը կարծես ինքն է լեզու գտել մարդկանց հետ, և այդ լեզուն այս անգամ հայերենն է։

Դեկտեմբերի 23-ին Երևանում լույս տեսավ հայերեն առաջին գիրքը, որն ամբողջությամբ թարգմանվել է արհեստական բանականության միջոցով։ Գրքի թեման էլ հենց ինքն է՝ արհեստական բանականությունը։

Քեյդ Մեցի «Հանճար կերտողները» գիրքը պատմում է արհեստական բանականության զարգացման հեղափոխական 50 տարիների մասին՝ առաջին անհավատալի թվացող մտքից մինչև տեխնոլոգիական հսկաների կռվախնձոր դառնալը։ Հեղինակը New York Times-ի տեխնոլոգիական թղթակիցն է, որն այս պատմությունը գրի է առել Սիլիկոնյան հովտի առաջատարների հետ ունեցած հարյուրավոր զրույցների համադրման արդյունքում։

Գրքի կենտրոնում այն գիտնականներն, ինժեներներն ու ձեռներեցներն են, որոնք կարևոր դեր են խաղացել արհեստական բանականության վերելքում։ Գրքում նաև անդրադարձ է կատարվում տեխնոլոգիայի էթիկական, սոցիալական և տնտեսական հետևանքներին, ներկայացվում են հենց դրա ակունքում կանգնած մարդկանց վախերն ու մտահոգությունները: Այն բացահայտում է մեծ տեխնոլոգիական ընկերությունների մրցակցությունը՝ դառնալու արհեստական բանականության առաջատար, և պատմում, թե ինչպես են խելացի մեքենաները սկսել վերափոխել մեր աշխարհը, ու ինչ տեղ ունի մարդը այդ նոր աշխարհում։

Իսկ նոր աշխարհում, ըստ արհեստական բանականությանը որպես թարգմանիչ օգտագործած Մարիամ Դիլբանդյանի, տեխնոլոգիական առաջընթացը ստիպում է հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկել։ Արհեստական բանականության «Kaytser» ինկուբատորի հիմնադիրն ասում է՝ հայերենով մասնագիտական գրականության անհասանելությունը լուրջ խնդիր է, պետք է խողովակներ ստեղծել, որ գիտելիքը ավելի կարճ ճանապարհով հասնի Հայաստան։

«Ադամ Սմիթի «Ազգերի հարստություն» գիրքը 248 տարի անց հայերենով թարգմանված չէ։ 18 տարեկան հայ երեխան մտնում է համալսարան, իր առջև դրվում է տնտեսագիտության նախահոր գիրքը ռուսերենով՝ այն էլ անգլերենից թարգմանված, որը երկու տարի պետք է անցնի։  Հետո զարմանում ենք, որ մասնագետներ չունենք, որ գիտելիքը ուշ է գալիս Հայաստան, զարմանում ենք, թե տնտեսությունն ու երկիրը ինչու չեն զարգանում։ Այս ամեն ինչը գալիս է գիտելիքի պակասից ու քո սեփական լեզվով դրա անհասանելիությունից»,- նշում է Մարիամ Դիլբանդյանը։

Ասում է՝ պատճառը, թե ինչու մասնագիտական գրականությունը չի թարգմանվում, պարզ է. լավ թարգմանիչ լինելն ու երկու լեզվի ամբողջությամբ տիրապետելն այս դեպքում բավարար չէ, պիտի նաև ոլորտի մասնագետ լինես, որ կարողանաս տերմինները ճիշտ հասկանալ ու փոխարկել։ Այստեղ է, որ օգնության է գալիս ամեն ինչի մասնագետ արհեստական բանականությունը։

Թարգմանչական տեխնոլոգիան ստեղծելու համար մեկ ամիս է պետք եղել։ Սկզբում անգլերենից հայերեն որակյալ թարգմանություն ստանալու վրա են աշխատել, հետո անցել են մասնագիտական լեզվին, մեծ քանակությամբ տվյալներ սովորեցրել ու երկու ժամում թարգմանել գիրքը, որ շատ ավելի երկար ժամանակ կպահանջեր, եթե աշխատեր մի քանի թարգմանիչ։ Մարիամ Դիլբանդյանն ասում է՝ թարգմանության 99% ճշգրտության են հասել։

«Վերջում միշտ մարդն է վերստուգում։ Այստեղ է, որ ժամանակ ու գումար կարող ենք տալ մարզային ուսուցիչներին՝ լեզուների մասնագետներին, որ էլ չեն աշխատում։ Գործընթացը արագանում է, անհրաժեշտ գումարի չափը՝ պակասում»,- ասում է գաղափարի հեղինակը։

Նախագծի շրջանակում արդեն համագործակցություն կա համալսարանների հետ։ Քանի որ թարգմանության գործընթացը ժամանակատար է, իսկ շատ ոլորտներ այնքան արագ են զարգանում, որ ժամանակավրեպ դառնալու լուրջ վտանգ կա, Դիլբանդյանը շեշտում է՝  Հարվարդում մեկ օր առաջ տպված հոդվածը պիտի հաջորդ օրը հայերենով հասանելի լինի հայ ուսանողին։ Տեխնոլոգիան այս հնարավորությունը թույլ է տալիս։

«Հանճար կերտողները» գիրքը սովորեցնում է չվախենալ արհեստական բանականությունից, այլ պատրաստ լինել նրա առաջարկած խաղի նոր կանոններին։ 

«Արդյունաբերական հեղաշրջման ժամանակ, երբ կարի մեքենան ստեղծվեց, ի՞նչ պիտի անեին կարողները։ Աշխատանքի ձև փոխվեց։ Հիմա էլ է նույնը, տրանսֆորմացիա է սկսվում»,- բացատրում է Դիլբանդյանը։

Ասում է՝ ցանկացած տեխնոլոգիական նորարարություն հանդիպում է ընդդիմության, ինքը պատրաստ է այդ արձագանքին։

Գիրքը ներկայացվել է Տարվա բիզնես գրքերի շնորհանդեսի շրջանակում։ Մայքլ Հայաթի «Իմ լավագույն տարին» գիրքը ևս թարգմանվել է արհեստական բանականությամբ։

Լուսանկարները՝ Միլենա Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր