HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

«Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։

Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները։ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։

Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։

Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 12-ին Երևանում կայացած ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, նշվել է, որ այն կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ ԱՊՀ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ դատական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և զարգացման համար։

Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունը նաև դատական ոլորտում։

Պատրաստկամություն է հայտնել աջակցել դրա խորացմանը՝ մասնավորապես դատավորների վերապատրաստումների ոլորտում երկու երկրների արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter