HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ընկալ ենք զասադա, մունք էլ ենք պրծնում, պատրոններն էլ են պրծնում». շարունակվում է 73 զոհված զինծառայողների գործով քննությունը

«Ի՞նչ հանգամանքներում է անհայտ կորել ձեր որդին». 44-օրյա պատերազմում զոհված 73 զինծառայողի գործով դատական նիստերում տուժողների հարցաքննությունը սկսվում է այսպես։

Զոհվածի հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը դատարանում տեղեկություն են հաղորդում իրենց հարազատի հետ ունեցած վերջին զրույցի մասին, պատմում՝ ինչպես են փորձել գտնել նրանց կամ գոնե որևէ տեղեկություն ստանալ հրամանատարներից։

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։

Մեղադրյալի աթոռին երկու հրամանատար է՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նրանք մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է այս գործի քննությունը։ Դատարանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հարցաքննվեց 3 տուժող։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զոհված Արշակ Զարգարյանի հորը՝ Կոմիտաս Զարգարյանին, ներկայացնում է հարցաքննության կարգը և հարցնում՝ որտեղ է բնակվում։

Կոմիտասն ասում է, որ անօթևան է, մշտական բնակության վայր չունի, կորցրել է հայրենիքը։

Կոմիտաս Զարգարյանը հայրենիքի համար պաշտպանության ժամանակ կորցրել է նաև որդուն։ Արշակը կամավոր էր մեկնել ռազմաճակատ։

Վերջին անգամ Կոմիտասը որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ին։ Արշակն ասել է, որ իրենց տանում են Հադրութի կողմեր, հայրը խնդրել է զգուշանալ, որից հետո կապն ընդհատվել է։

Մի քանի ժամ անց նույն համարից Կոմիտասը կրկին զանգ է ստացել իր համագյուղացի մեկ այլ կամավորականից, ասել է՝ «ընկալ ենք զասադա, մունք էլ ենք պրծնում, պատրոններն էլ են պրծնում»։

Ըստ Կոմիտասի՝ տղաները խնդրել են, որ ինքը զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանից օգնություն խնդրի նրանց համար։

Ըստ հրամանատարներին առաջադրված մեղադրանքի՝ զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ. հոկտեմբերի 11-ի գաղտնի հրամանի համաձայն՝ մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո Հադրութի շրջանի ճանապարհային խաչմերուկ՝ «9-րդ կմ» կոչվող տեղամաս։ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչև ենթականերին հրաման տալը, Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի մարտական կարգադրությունը և իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՊՆ մարտական կանոնադրության դրույթները։

Կոմիտասն ընկերների հետ փորձել է գնալ Հադրութ։ Կարմիր Շուկայից զենք են վերցրել, շարժվել դեպի Վարանդա։ Ճանապարհին նրա ընկերներից մեկին զանգել և ասել են, որ սարերի վրա թշնամին է, հետ գնան։

«Հետ ենք դառնում դեպի Ազոխ, ուզում ենք Ազոխից բարձրանանք ծելեվիշկա, տղերքի զոհված վայրը տեսնենք։ Կես ճանապարհին նորից են հաղորդում, որ դա էլ է թուրքերի վերահսկողության տակ»,- պատմում է նա։

Կոմիտասը նախկին զինվորական է, զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։ Դատարանում մի քանի անգամ շեշտեց՝ ռազմական պայմաններում հրամանը չի քննարկվում, այն պետք է կատարվի։

«Ցավալին էնա, որ սաղ դարդի տեր մարդիկ ենք, մեղավորին չենք կարում գտնենք, հերիք ա էլի, հերիքա…»,- ասում է զոհվածի հայրը։

Չնայած մեղավորներ փնտրելուն՝ Կոմիտաս Զարգարյանը զինծառայողների զոհվելու մեջ մեղավոր չի համարում մեղադրվող հրամանատարներին։ Դատարանին էլ հայտնեց՝ քննիչն իր հարցերով փորձում էր ուղղորդել։

«Քննիչն ինձ ուղղորդում էր, ասում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր է, ասում եմ՝ ինչի՞ է մեղավոր, եթե Գոռ Իշխանյանը հրաման չտար, կասեի մեղավոր է»,- ասում է նա։

Կոմիտասը խնդրել է քննիչին ռազմական փորձագետներից ճշտել տրված հրամանների անհրաժեշտությունը եղե՞լ է, թե՞ ոչ, հրամանը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ, բայց մինչև հիմա տեղեկություն չունի՝ ռազմական փորձագետն ինչ գնահատական է տվել։

Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հարցրեց տուժողին՝ զորքն ուղարկելուց առաջ Գոռ Իշխանյանը չպե՞տք է գնահատեր իրավիճակը, որպեսզի զինծառայողները չհայտնվեին շրջափակման մեջ։

-Քիչ առաջ շեշտեցի, որ պատերազմական ժամանակաշրջանում վերադասի տրված հրամանը չի քննարկվում,- պատասխանեց տուժողը։

Հանրային մեղադրողի մեկ այլ հարցին՝ տեղյա՞կ է արդյոք՝ այդ հատվածը, որտեղ ուղարկում էին, գրավվա՞ծ է եղել, Կոմիտասն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել։

Դատախազը հայտնեց, որ Կոմիտաս Զարգարյանի ցուցմունքում հակասություն է առաջանում։ Վերջինս հայտնել է, որ տղաները զանգել և ասել են, որ շրջափակման մեջ են հայտնվել, բացի այդ երբ իրենք ընկերներով փորձել են մոտենալ այդ տարածքին, իրենց հայտնել են, որ արդեն մոտակայքում թշնամին է։

-Հնարավոր է դիվերսիոն խումբ է եղել այդ ժամանակ,- հայտնեց տուժողը։

-Եթե շրջափակման մեջ են, բա չեղա՞վ, որ գրավել են,- հարցրեց դատախազը։

-Գիտեք դա մի քիչ մասնագիտական է, շատ հնարավոր է՝ 20 կմ ճանապարհով ունենաս քոնը, ներխուժեն, էդ տարածքը վերցնեն։

Դատախազը կրկին հարցրեց՝ պե՞տք էր համապատասխան գործողություններ կատարել, որպեսզի շրջափակման մեջ չընկնեին։

-Այո,- պատասխանեց Կոմիտասը։

Հաջորդը հարցաքննվեց զոհված Հայկ Աթաբեկյանի եղբայրը՝ Իշխան Աթաբեկյանը։

Վերջինս երկու հրամանատարներին մեղադրում է նրանում, որ այնտեղ, որտեղ ուղարկել են զորքին, անվտանգ չի եղել։

Իշխան Աթաբեկյանը դատարանին հայտնեց, որ ինքը տեղեկացել է՝ Կարեն Առստամյանը պետք է դիմավորեր զորքին, բայց չի դիմավորել, ինքը տեղյակ չէ՝ ինչու։ Առստամյանն ասել է՝ կապի խնդիր է եղել, իրեն չեն տեղեկացրել։

Ըստ զոհվածի եղբոր ցուցմունքի՝ Հադրութը հոկտեմբերի 7-8-ն արդեն իսկ հայկական կողմի տիրապետության տակ չի եղել։

«Չեմ կարող ասել՝ Գոռ Իշխանյանը տիրապետել է այդ ինֆորմացիային, թե ոչ, բայց պարտավոր էր իմանալ, քանի որ զորք ուներ այնտեղ»,- պատմում է նա։

Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի վերջո զորքը դեպի Հադրութ ուղարկողն ո՞վ է եղել։

-Ջալալ Հարությունյանը,- պատասխանեց տուժողը։

-Բա ինչո՞ւ եք ասում՝ Գոռն է ուղարկել։

-Ջալալը հրաման է տվել, նա էլ ուղարկել է,- ասաց Իշխան Աթաբեկյանը։

Զոհվածի եղբայրը նշեց՝ եթե ինքն իմանար, որ այդ հատվածում վտանագավոր է, զորք չէր ուղարկի։

Հարցաքննվեց նաև Գարիկ Գուլբանդյանի հայրը՝ Համլետ Գուլբանդյանը։ 

Նա դատարանին հայտնեց, որ որդին վարորդ է եղել։ Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել։

Համլետ Գուլբանդյանը դատարանին հայտնեց, որ մինչև 73 զինծառայողներին կուղարկեին Հադրութ, այդտեղ ժամեր առաջ եղել է մեկ այլ գումարտակ։

«Ես զարմանում եմ՝ ո՞նց կարելի է 200 հոգուց բաղկացած գումարտակը հետ բերել ու 70 հոգու ուղարկել»,- հարցնում է զոհվածի հայրը։

Զինծառայողներին այդտեղ ուղարկելու հրամանը, զոհվածի հոր կարծիքով, հետո է գրվել, «ծնողների աչքերը փակելու համար»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 8-ին։

Գլխավոր լուսանկարում՝ Կոմիտաս Զարգարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter