HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կալանավորված անձանց թիվն ավելանում է, իսկ ՔԿՀ-ները՝ գերբեռնվում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերջին շրջանումհաճախ կալանավոր չեն ընդունում ազատ տեղ չլինելու պատճառով, իսկ «Արթիկում» նույնիսկ թույլատրելիից շատ մարդ է ընդունվում: Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող կալանավորված անձանց թիվն ավելանում է: Փաստաբանների դիտարկմամբ՝ դատարանները կաշկանդված են կալանքի միջնորդությունները քննելիս: Եթե այդ միջնորդությունները մերժեն, վտանգ կա, որ կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:

Քրեակատարողական ծառայությունից չեն հերքում, որ տեղ չունենալու պատճառով «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր չեն ընդունում:

«Քրեակատարողական հիմնարկներում, պայմանավորված կալանավորված անձանց բարձր հոսքայնությամբ, ազատ տեղ լինելու հանգամանքը կարող է ենթարկվել դինամիկ, ամենօրյա փոփոխման: Ազատությունից զրկված անձինք տեղաբաշխվում են ըստ տվյալ պահին առկա տեղերի առկայության և օրենքով նախատեսված այլ հանգամանքներ հաշվի առնելով»,- ասում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների լրակազմերը սահմանելու մասին» 2022թ. թիվ 397-Ն որոշման համաձայն՝ «Արթիկ» ՔԿՀ-ում նախատեսված է ընդունել 100 կալանավոր, մինչդեռ այս տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ այնտեղ պահվել է 111 անձ:

2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ, 2023թ. համեմատ, 5,8%-ով ավելացել է կալանավորված անձանց թիվը, իսկ 13,6%-ով՝ դատապարտյալների: 10 ՔԿՀ-ում պահվում է 2701 մարդ: Կալանավորված անձանց թվի շեշտակի ավելացումը երևում է, երբ համեմատում ենք 2018թ․-ի հետ: Մասնավորապես, եթե 2018թ. ՔԿՀ-ներում պահվում էր 928 կալանավորված անձ, ապա 2024թ.՝ 1417՝ 488-ով ավել։ Ինչ վերաբերում է դատապարտյալներին, ապա 2018թ. ՔԿՀ-ներում պահվել է 1337 դատապարտյալ, իսկ այս տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ՝ 1284: Դատապարտյալների դեպքում թիվը նվազել է, սակայն, 2023թ. համեմատ 13,6%-ով աճել է:

Վերջին 7 տարվա կտրվածքով կալանավորված անձանց թվի նվազում արձանագրվել է 2020 և 2022 թվականներին: Մնացած տարիներին, նախորդ տարվա համեմատ, թվի աճ է արձանագրվել: Ինչ վերաբերում է դատապարտյալներին, ապա նշված ժամանակահատվածում թվի աճ արձանագրվել է 2022թ․-ին և 2024-ին, մնացած տարիներին թիվը նվազել է։

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվում են ամենաշատ թվով անձինք: 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ այնտեղ 1083 մարդ է գտնվում՝ 714 կալանավոր և 369 դատապարտյալ: «Արմավիր» ՔԿՀ-ն նախատեսված է 1240 մարդու համար, որից 720-ը՝ կալանավորված անձանց համար:

Ամենաքիչ ծանրաբեռնվածը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն է, որտեղ պահվում է 31 մարդ՝ 22 կալանավոր և 9 դատապարտյալ:

2024թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներով  քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց օրական միջին ծախսը մեկ անձի հաշվարկով՝ ներառյալ բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողների աշխատավարձը, պարգևավճարը, տրանսպոտային ծախսերը, ինչպես նաև կապիտալ ծախսերը, կազմում է մոտ 13 հազ. 119 դրամ:

Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, դատապարտյալների և կալանավորված անձանց միջին օրական թվաքանակը 2024թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2611 մարդ: Ստացվում է, որ օրական միջինը 34 մլն 253 հազ. դրամ է ծախսվում անազատության մեջ գտնվող անձանց պահելու համար, ինչը տարեկան կազմում է 12 մլրդ դրամից ավելի:

Փաստաբան Արմինե Ֆանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կալանքը շարունակում է մնալ խափանման միջոցների «թագուհին», որովհետև հայաստանյան իրավակիրառ պրակտիկան որևէ կերպ չի կարողանում առաջնորդվել նվազագույնի սկզբունքով:

Փաստաբանի դիտարկմամբ՝ քրեական հետապնդման մարմինները հիմնականում որդեգրում են խիստ քաղաքականություն և խափանման միջոցի ընտրության հարցին անդրադառնալիս սկսում են կալանքից, ոչ թե  ավելի մեղմ հնարավորություններից:

Կալանքների թվի աճի պատճառներից մեկը, ըստ Արմինե Ֆանյանի, դատական իշխանության անկախության դեմ վերջերս իրականացված ցայտուն դրսևորումներն են՝ դատավորների նկատմամբ իրականացված հետապնդումները: Փաստաբանի խոսքերով՝ դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության անձանց ազատ արձակելու, չկալանավորելու, այլ ոչ ապօրինի կալանավորելու համար:

«Շատ ցավալի է, որ ես ականատես չեմ եղել կամ չեմ լսել դատավորի որևէ  կարգապահական վարույթի մասին, որ անձի նկատմամբ  կիրառվել է կալանք խափանման միջոցն ակնհայտ անհիմն, առանց օրինական հիմքերի, իսկ այդպիսիները բազմաթիվ են: Ավելին, երբ կալանքի միջնորդությունը մակագրվում է դատավորին, մենք արդեն մոտավոր պատկերացնում ենք, որ  այդ դատավորը հիմնականում կալանք տվող դատավոր է, և դրական ելքով միջնորդության քննարկում չենք էլ ակնկալում: Պետք է ցավով նշեմ, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը դեռևս բավարար չէ, և դատավորները, խուսափելով հնարավոր կարգապահական վարույթներից, հիմնականում բավարարելով քննիչի միջնորդությունը՝ ընտրում են խիստ խափանման միջոց»,- ասում է Արմինե Ֆանյանը:

Փաստաբանի կարծիքով՝ մեր երկրում դեռևս իշխում է սովետական երկրներին բնորոշ պատժողական քաղաքականությունը: Դատախազությունը չի ցանկանում նահանջել: Համագործակցության մասին միջնորդությունները, համաձայնեցման վարույթները տապալվում են, շատ քիչ դեպքերում է պատժի շուրջ համաձանություն ձեռք բերվում: Սա ևս բերում է նրան, որ քրեակատարողական հիմնարկները գերբեռնվեն:

«Նոր օրենսգրքով հրաժարվել էինք արագացված դատաքննությունից՝ ընդունելով, որ արդեն ունենք նոր տեսակ՝ համաձայնեցված վարույթ: Բայց փորձը ցույց տվեց, որ Դատախազությունը պատժի շուրջ համաձայնության չի գալիս, և բեռը մնում է դատարանի վրա: Այդ իսկ պատճառով արագացված դատաքննությունը վերադարձվեց Քրեական դատավարության օրենսգիրք»,- հավելում է փաստաբան Ա. Ֆանյանը:

 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter