
Բրոդվեյից Գյումրի՝ սուրբծննդյան երգերի թևերով
Բեմից հնչում է շվեդական ABBA խմբի «Happy New Year» երգը «Super Trouper» ալբոմից՝ թողարկված 1980թ․-ին: Կրկներգի ժամանակ դահլիճից ձայնակցում է հանդիսատեսը` ռիթմին համահունչ ճոճելով ձեռքերը: Օտարալեզու ամանորյա տոնական կատարմանը փոխարինում է Ռուբեն Հախվերդյանի «Ձյունն», ու դահլիճը պարուրվում է խենթի պես թափվող փաթիլներով: Բեմն ու դահլիճը վերածվում են գիշերվա երազը թոթափած մի քաղաքի, որտեղ հեքիաթն իր գիրկն է առնում բոլորին:
«Բրոդվեյից Գյումրի» տոնական-երաժշտական երկլեզու կատարումներից բաղկացած ծրագիրը Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի նորարարությունն է: Ծրագիրը բաղկացած է Սուրբ ծննդյան տոնին նվիրված եվրոպական ու ամերիկյան բոլորին հայտնի երգերից: Իսկ ինչու՞ Բրոդվեյ, հավանաբար նրա համար, որ թատերական աշխարհում Նյու Յորքի գրեթե 25 կմ ձգվող փողոցը, որտեղ գործում է 41 մասնագիտացված թատրոն, ամենամոգական վայրերից մեկն է համարվում: Այստեղ յուրաքանչյուր ներկայացման համար պահանջվում են դերասանական կազմի, անձնակազմի և նվագախմբի 130 անդամ, 230 զգեստ, 22 տեսարանային փոփոխություն: Մոգական մթնոլորտի համար հաճախ անհրաժեշտ են լինում հարյուրավոր մոմեր, սառույց, մառախուղ և ծխի մեքենաներ:
«Բրոդվեյից Գյումրի» երաժշտական ծրագիրը ստեղծելիս հավակնություն չենք ունեցել մեր փոքրիկ բեմը վերածել բրոդվեյան շքեղ վայրի՝ հնարավորություններն են սահմանափակ, կամ փորձել ինչ-որ բաներ կրկնօրինակել: Մեր մոգությունն այլ տեղ է թաքնված: Մեր ստեղծած կախարդանքը ազգային, ժողովրդական գործիքների հնարավորությունների ներկայացումն է՝ սուրբծննդյան տոներին նվիրված եվրոպական և ամերիկյան առավել հայտնի երգերի կատարումը,- ասում է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի տնօրեն Կարեն Մայիլյանը,- «Բրոդվեյն» այստեղ տոնական մոգության խորհրդանիշն է, որը հայկականացրել ենք»:
Ծրագրում ընդգրկված է սուրբծննդյան տոնին ու Ամանորին նվիրված 14 երգ, որից 11-ն՝ անգլերեն, իսկ 3-ը հայերեն կատարումներ են: «Մենք մի քանի նպատակ ենք ունեցել ամանորյա այս ծրագիրը կազմելիս: Նախ՝ ներկայացնել ազգային-ժողովրդական գործիքների հնարավորությունները ոչ աշուղական երգարվեստի ոլորտում, երկրորդ՝ գրավել փոփ երաժշտության սիրահարների ուշադրությունն ու ապացուցել, որ նույն դուդուկը, թառն ու քամանչան այնքան ճկուն են, որ կարող են ցանկացած երաժշտություն վերարտադրել և իհարկե ամրապնդել մեր հավատարիմ հանդիսատեսի սերը, մյուս կողմից էլ մտահղացումը լավ փորձառություն էր հենց մեր երաժիշտների և երգիչների համար՝ սեփական հնարավորությունները ցուցադրելու առումով»,- ասում է Կարեն Մայիլյանը:
Ի՞նչ կմտածեր Սայաթ-Նովան, եթե ապրեր մեր օրերում և լսեր, թե ինչպես է իր գովերգած քամանչան, որին համարում էր տասնապատիկ լավը բոլոր նվագարաններից, հնչեցնում «Happy New Year», «Holly Jolly Chrstmas», «Jingle Bells» օտարալեզու երգերը:
«Սայաթ-Նովան իր «Քամանչա» երգում ասում է՝ «Ամեն սազի մեջըն գոված, դուն թամամ տասն իս, քամանչա», և դա չափազանցություն չէ: Քամանչան, կարելի է ասել, ժողովրդական գործիքների «ջութակն» է, ինքը յուրահատուկ գործիք է, իրենով կարելի է նվագել ամեն տիպի երաժշտություն, թեպետ ընդամենը 4 լար ունի, ինչպես ջութակը,- նկատում է Գյումրու ժողգործիքների նվագախմբի քամանչահար Ֆերդինանդ Մսրյանը,- ես 7 տարեկանից քամանչա եմ նվագում, արդեն 23 տարի է, որ հիմնականում աշուղական, հայկական կոմպոզիտորական ստեղծագործություններ եմ կատարում: Քամանչայով որևէ երաժշտություն ստանալու խնդիր չկա, պարտիտուրան էնպես է գրվում, որ կարող ես հանգիստ նվագել: Օրինակ՝ պետք է նվագել «սվինգ», դու՝ որպես ժողգործիքների երաժիշտ, նախ ինքդ պիտի մտնես էդ ռիթմերի մեջ, որ հաջողես: Ժողովրդական երգերի մեջ կան շատ ավելի բարդ, խառը չափեր, որոնք հասանելի չեն եվրոպացի երաժիշտներին, իսկ մենք հնարավորություն ունենք ցանկացած չափի մեջ ազատ նվագելու»:
Թառահար Խորեն Հովհաննիսյանի համոզմամբ մելիզմներով հարուստ աշուղական գործերն ավելի դժվար է նվագելը, քան եվրոպական երաժշտությունը: Թառն իր 11 լարով ու տվյալ երաժշտության համար արված նոտագրմամբ կարող է հաղթահարել ցանկացած արգելք: «Սա չի նշանակում, թե մենք թերագնահատում ենք եվրոպական երաժշտությունն, ուղղակի ուզում ենք ասել, որ մեր ազգային, ժողովրդական գործիքների դիապազոնն ավելի լայն է, մեր գործիքներն ավելի ճկուն են»,- ասում է Խորենը:
Դուդուկահար Ռաֆիկ Սարիբեկյանը հպարտությամբ սեղանին է շարում երաժշտական գործիքները՝ դուդուկ, զուռնա, պկու, պարկապզուկ: Համերգային ծրագրում հիմնականում նվագում է դուդուկ և զուռնա՝ «Տոնածառ ջան, տոնածառ» ստեղծագործության մեջ: «Վեց գործիք եմ նվագում ու իրանց մեջ ամենասիրածս գործիքը զուռնան է,- ասում է Ռաֆիկը,- ես ուրախ եմ, որ էս ծրագիրն եղավ, կարողացանք հանրությանը ցույց տալ, թե ինչ հնարավորություներ ունեն աշուղական, ազգային կատարումների համար նախատեսված մեր նվագարանները»: Դուդուկահար Տիգրան Այվազյանը համակարծիք է ընկերոջ հետ: Ասում է, որ առիթ է եղել ջազային ստեղծագործություններն են նվագել, իսկ ամանորյա ծրագիրը նորամուծություն էր, որ կարողացան դարձյալ պատվով անել: «Շատ կարևոր է, որ ամեն գործիքի համար ճիշտ նոտագրում լինի, մնացածը տեխնիկայի հարց է»,- Տիգրանը ծիծաղում է:
Նվագախմբի մեներգչուհի Կատարինա Անախասյանն ասում է, որ անգլերեն տեքստերի հետ կապված խնդիրներ չի ունեցել, որովհետև լեզվին տիրապետում է, բացի դրանից փորձերին զուգահեռ աշխատել է լսել նաև այդ երգերի հայտնի կատարումները: «Երևի խմբում ամենահեշտն ինձ են տրվել կատարումները, քանի որ և՛ լեզվին եմ տիրապետում, և՛ երաժշտական ուղղվածությունս էլ ավելի էստրադային է, իմ երգացանկում կոմպոզիտորական ստեղծագործություններն են գերակշռում, դժվարությունը դիալեկտի հետ կապված է եղել, բայց դա էլ ժամանակի հետ շտկեցինք, օտար լեզվի մասնագետ չենք հրավիրել,- ասում է Կատարինան,- օրինակ, Շառլ Ազնավուրին նվիրված համերգային ծրագրի ժամանակ, ֆրանսերեն լեզվի մասնագետ ունեցել ենք, իսկ էս դեպքում պետք չեղավ՝ մեկս մեկիս օգնելով՝ հաղթահարեցինք պրոբլեմները»:
Ծրագրում տեղ գտած երգերի նոտագրումն ու գործիքավորումը կատարել են թավջութակահար Գրիգոր Միրզոյանը (11 գործ), կոմպոզիտոր Անդրանիկ Ներսիսյանը և Հարություն Եղիազարյանը:
Մեկնաբանել