HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տապալում տապալման հետեւից

Այն, ինչ կատարում են հայ ծանրորդները լոնդոնյան օլիմպիական հարթակում, ուրիշ բառով չես անվանի, քան տապալում կամ խորտակում: Հերթական հիասթափությունը բոլորիս պատճառեց 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, որը կրկնեց երեկվա Առաքել Միրզոյանի տխուր ելույթը՝ հրում վարժությունում 0 ստանալով: Մելինեն պոկեց 111 կգ, սակայն հետո ձախողեց 115 կգ-ոց ծանրաձողի բարձրացումը: Երեկ էլ Առաքել Միրզոյանը իր 6 փորձերից միայն մեկը կատարեց: 

Մելինեից պոկում վարժությունում ավելի լավ հանդես եկան 5 մարզուհիներ: Սակայն առավելագույնը 115 կգ բարձրացված քաշն էր, եւ հրում վարժությունում կարելի էր հետ բերել այդ 4 կգ-ի տարբերությունը կամ գոնե մեդալների համար պայքարել: Սակայն Դալուզյանը ձախողեց բոլոր 3 փորձերը եւ դարձավ առանց մեդալի մնացած մեր 8-րդ մարզիկը: 

Երկամարտի 261 կգ արդյունքով չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Ջոնգ Սիմ Ռիմը, երկրորդ տեղը բաժին հասավ ռումինուհի Ռոքսանա Կոկոսին (256 կգ): Նույն արդյունքով երրորդը բելառուս Մարինա Շերմանկովան էր, Դինա Սազանավեցն էլ բարձրացրեց այդքան, սակայն դարձավ 4-րդը: Այսպիսի դասավորությունը հետեւանք էր քաշի տարբերության. մի քանի տասնյակ գրամները մարզուհիների միջեւ բաշխեցին մեդալներն ու դրանց գույները:  

Հրում վարժությունը, որում ավանդաբար հայ մարզիկները ընդհանուր առմամբ ավելի վստահ են հանդես եկել, այս օրերին մեր ծանրորդների անեծքն ու սարսափն է դարձել: Կրկին հարց է ծագում. ինչպիսի՞ հաշվարկներ են անում մարզիչները, որոնց սաները պարզապես չեն կարողանում հաղթահարել ծանրությունն ու կատարել առաջադրանքը: Սրանք կիլոգրամներ են, որոնք բարձրացվել են մարզումների ժամանակ: Ուրեմն ի՞նչ է պատահում ելույթից առաջ: Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն հենց իրենց՝ մարզիկների, մարզիչների ու ղեկավարների կողմից: Երկրպագուները որքան համբերատար, նույնքան էլ պահանջող են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter