HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքապետարանների հավաքագրած աղբի վճարը ծախսերի 15-40%-ն է ծածկում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2024թ․ հունվարին «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանների կազմման» մեթոդական ուղեցույց ընդունեց։ Ուղեցույցի օրինակով բոլոր համայնքները պետք է կառավարման տեղական պլաններ ընդունեին՝ հիմքում դնելով արտադրողի ընդլայնված պատասխանատվության սխեման՝ «աղտոտողը վճարում է» սկզբունքով:

Կառավարման պլանում, ի թիվս բազմաթիվ այլ պահանջների, համայնքները պետք է ներկայացնեն թափոնների բաղադրության հիմնական տեսակներն ու դրանց քանակը։ Նաև՝ աղբի հավաքման և տեղափոխման ծախսերի ու եկամուտների հաշվարկները՝ հետևյալ սկզբունքով՝ թափոններ ստեղծողները պետք է վճարեն այնքան, որքան աղտոտում են և պետք է վճարեն մատուցվող ծառայության իրական արժեքը:

Թե ինչպես համայնքներն այդ մեթոդաբանությունը տեղայնացրին աղբահանության իրենց պլաններում, ուսումնասիրել ենք Արմավիրի մարզի չորս համայնքների՝ Մեծամոր, Արմավիր, Արաքս, Փարաքար և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի օրինակով։ Նշված համայնքները աղբահանության ծառայությունը պատվիրակել են մասնավոր ընկերության՝ «Մաքրություն» ՍՊԸ-ին։

Ընկերությունը 2021թ․-ից ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզի նշված չորս համայնքների 63 գյուղերին, իսկ այս տարվա մայիս ամսից՝ նաև 5 բնակավայրով միավորված Եղեգնաձոր համայնքին։ Համայնքապետարանները ծառայության համար համայնքի տարեկան բյուջեում գումար են հաշվարկել, որը պայմանագրային ժամկետում փոխանցում են ընկերությանը։ Բնակիչներից և իրավաբանական անձանցից աղբահանության վճար գանձելը համայնքապետարանների պարտավորությունն է։  

Նշված հինգ համայնքների ղեկավարներին գրությամբ խնդրել էինք ներկայացնել, թե 2024թ․-ին որքան գումար են հատկացրել աղբահանությանը, դրա որ մասն է կազմում հավաքագրվող վճարը և ինչքանն է սուբսիդավորվում համայնքային բյուջեից։ Պատկերն այսպիսին է՝ հինգ համայնքից չորսի աղբահանության համար պլանավորված բյուջեի կառուցվածքում գումարի գերակշիռ մասը համայնքային բյուջեից հատկացվող սուբսիդիան է, բնակիչներից հավաքագրվող վճարը բյուջեի  15-59%-ն է կազմում։

Բացառություն է Փարաքար համայնքը, սակայն այստեղ էլ պլանավորված հավաքագրումը չեն ապահովել։ Նշված հինգ համայնքներից Փարաքարը նաև կառավարման պլան չի ընդունել, իսկ Եղեգնաձորի համայնքապետարանը ավագանու որոշումով հաստատված «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը» չի հրապարակել պաշտոնական կայքում։

Որքան գումար է հավաքվում և որքան է ներդրվում աղբահանության համար

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը տեղեկացրել է, որ համայնքի բյուջեում աղբահանությունը սանիտարական մաքրումից առանձնացված չէ։ Սանմաքրման և աղբահանության ծախսերի հանրագումարը 143 մլն 140 հազար դրամ է։ Կանխատեսվում է հավաքագրել 85 մլն դրամ, որը կկազմի ծախսերի 59,3%-ը։ Համայնքային բյուջեից աղբահանության և սանմաքրման աշխատանքներին համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 71 մլն դրամ։ 

Արմավիրի համայնքապետարանը համայնքի կազմում ընդգրկված 10 գյուղերի (16 300 բնակիչ) աղբահանության ծառայությունը հանձնել է «Մաքրություն» ՍՊԸ-ին։ Արմավիր քաղաքում, որտեղ 29 100 մարդ է բնակվում, սպասարկումն իրականացնում է համայնքային ենթակայության «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը։ Համայնքապետարանը գյուղերի և քաղաքի համար աղբահանության վճարի տարբերակված մոտեցում է կիրառում։ Ավագանին 2024թ․-ին աղբի վճարը գյուղերում յուրաքանչյուր բնակչի համար ամսական 50 դրամ է սահմանել, Արմավիր քաղաքի բնակիչների համար՝ 200 դրամ։

Համայնքի ավագանու որոշումներից դատելով՝ քաղաքաբնակներից դժվարությամբ են հավաքում 200 դրամ վճարը։ Ավագանին 2023թ․-ի նոյեմբերին որոշում է ընդունել՝ խոստանալով մինչև 2018թ․ մայիսի 1-ը աղբահանության դիմաց հաշվարկված և կուտակված պարտքերից ազատել այն բնակիչներին, որոնք մինչև 2024թ․ հունիսի 30-ը կմարեն 2018թ․-ի մայիսի 1-ից մինչ 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված պարտքը:

Համայնքի ղեկավարը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2024թ․-ին պլանավորվածի նկատմամբ դեկտեմբերի 6-ի դրությամբ հավաքագրվել է 85,1%, սակայն չի ներկայացրել, թե հավաքագրված գումարի որ տոկոսն է կազմում ընթացիկ տարվա վճարը և որքանն է հավաքագրվել ապառքներից:

Մեծամոր համայնքը բնակավայրերի, հետևաբար նաև բնակչության թվաքանակով ամենամեծն է այս 5 համայնքներից։ Համայնքում միավորվել են Մեծամոր քաղաքը և 30 գյուղ, ընդհանուր՝ 80 314 բնակչություն։ Մեծամոր համայնքում աղբահանությունն իրականացնում է միայն «Մաքրություն» ՍՊԸ-ն։

Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2024թ․-ին աղբահանության և սանիտարական մաքրման համար համայնքային բյուջեից 180 մլն դրամ սուբսիդիա է հատկացվել։ Բնակիչներից պլանավորվել է 27 մլն դրամ աղբի վճար գանձել, դեկտեմբերի 4–ի դրությամբ հավաքագրվել է 36 մլն 644 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը հայտնում է, որ աղբահանության վճարների փաստացի հավաքագրումը տարեկան ծրագրի նկատմամբ կազմում է 135,71%։ Այսինքն, ընթացիկ տարվա վճարը և ապառքների հավաքագրումը դարձյալ չեն տարանջատել։

Համայնքապետարանը 2024թ․-ին աղբահանության վճարի դրույքաչափը Մեծամոր քաղաքի և համայնքի 30 գյուղերի բնակիչների համար ամսական 100 դրամ է սահմանել՝ յուրաքանչյուր անձի համար։ Մեծամորում ավագանին աղբի վճարի ապառք ունեցող բնակիչներին խրախուսող որոշումներ չի ընդունել, սակայն մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ աղբահանության չմարված պարտավորությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով բնակիչներին ծանուցումներ են ուղարկում և այլ միջոցներ են կիրառում։

Արաքս համայնքի 2024թ․-ի տարեկան բյուջեում աղբահանության համար պլանավորվել է 63 950 000 դրամ: Արաքս  համայնքն ունի 27 934 բնակիչ և համայնքի 13 գյուղերի համար ավագանին միատեսակ սակագին է կիրառում՝ յուրաքանչյուր անձից ամսական 150  դրամ վճար։

Այս տարի բնակիչներից պլանավորվել է հավաքագրել 24 163 600 դրամ։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել էր 34 464 568 դրամ, որը կազմում է նախատեսվածի 164%–ը: Արաքս համայնքի նախորդ տարիների վճարների հավաքագրումը շատ ցածր է եղել, այս թիվը նաև նախորդ տարիների ապառքների հավաքագրումն է ներառում։ Համայնքապետարանը 2024թ․-ի վճարների հավաքագրման ցուցանիշը չի առանձնացրել։

Ինչպես արդեն նշեցինք, Արմավիրի մարզի չորս համայնքներից ամենացածր հավաքագրում ունի Փարաքարը։ Համայնքի 2024թ․ տարեկան բյուջեում աղբահանության համար նախատեսվել է 64 մլն 500 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամը համայնքային բյուջեից տրամադրվող սուբսիդիան է։ Բնակիչներից հավաքվող աղբահանության վճարը պլանավորվել է 54 մլն 200 հազար դրամ։

Փարաքար համայնքն ունի 28 740 բնակիչ և համայնքում միավորված բոլոր 9 գյուղերի համար աղբահանության վճարը սահմանվել է ամսական 200 դրամ՝ յուրաքանչյուր բնակչի համար: Համայնքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 30-ի դրությամբ հավաքագրվել է 32 մլն 731 հազար դրամ կամ տարեկան պլանավորվածի 60,4%-ը։

Մեր ուսումնասիրած 5 համայնքներից Փարաքարը միակն է, որի աղբահանության բյուջեն հիմնականում՝  84%-ը, կազմվել է աղբի վճարներից հավաքագրվող գումարներից։ Դրա փոքր մասն է սուբսիդավորվում համայնքային բյուջեից։ Սակայն, քանի որ Փարաքարը կառավարման խնդիր ունի՝ համայնքը 2024թ․-ի կեսերից ղեկավար չունի, հնարավոր չէր հավաքագրումների մեծ ցուցանիշ ակնկալել։ Այսինքն, թերի հավաքագրումների պատճառով սուբսիդավորումը շատ ավելի մեծ չափով է արվել, քան տարեսկզբին պլանավորվել էր բյուջեով։ Համայնքապետարանը պայմանագրային պարտավորություններ ունի աղբահանում իրականացնող կազմակերպության նկատմամբ և համայնքի բյուջեից պետք է փոխանցի ողջ գումարը՝ 64 մլն 500 հազար դրամ։

Եղեգնաձորի համայնքապետարանը տեղեկացրել է, որ 2024թ․ տարեկան բյուջեում աղբահանության համար պլանավորվել է բնակիչներից 26 մլն 850 հազար դրամ վճար հավաքագրել։ Համայնքի ավագանին տարբերակված դրույքաչափ է կիրառել համայնքում միավորված 5 բնակավայրերի համար (20 480 բնակիչ)։ Եղեգնաձոր քաղաքում յուրաքանչյուր բնակիչ աղբահանության համար ամսական 200 դրամ պետք է վճարի, իսկ գյուղական բնակչությունը՝ 100 դրամ։

Համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացնում է, որ մինչև դեկտեմբերի 11-ը հավաքագրվել է 23 124 600 դրամ, որը պլանավորվածի 94,7%-ն է։ Համայնքային բյուջեից աղբահանության համար 19 մլն 752 մլն դրամ սուբսիդիա է հատկացվել։ Աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մայիս ամսից համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները գնման պայմանագրով փոխանցվել է «Մաքրություն» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարն ավելի մեծ է եղել, որի համար Եղեգնաձոր համայնքի ավագանին մայիսի 17-ին ընդունած որոշումով 38 մլն դրամով ավելացրել է համայնքային բյուջեից աղբահանությանը հատկացվող սուբսիդիան։ Այսինքն, աղբահանության համար Եղեգնաձոր համայնքը 2024թ․-ին հատկացրել է 84 մլն 602 հազար դրամ, որից 26 մլն 850 հազար դրամը բնակիչներից հավաքագրվող վճարն է, իսկ մոտ 58 մլն դրամը՝ համայնքայն բյուջեից տրամադրվող սուբսիդիան։

«Մաքրություն» ՍՊԸ-ի ղեկավարը մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ աղբահանումն իրականացնում է օրենքի պահանջներին համապատասխանող տեխնիկայով։ Իր սպասարկման տարածքում գտնվող հինգ համայնքներում կոնսերվացրել է բոլոր աղբանոցները, և աղբը մեկ վայրում է կուտակում։ Գյուղերում աղբամաններ են տեղադրել և շաբաթական երկու անգամ կամ երեք օրը մեկ անգամ աղբահանում են իրականացնում։ Մեքենան աղբը հավաքում է տներից, եթե այդ փողոցներում աղբամաններ դնելու տեղ չկա կամ աղբատարը չի կարող մոտենալ աղբամանին։ Աղբը տեղափոխում է փակ մեքենաներով և այլն։

«2022թ.–ից արդեն գյուղերում աղբանոցներ չկան, Արմավիրի մարզի 63 գյուղերից հավաքված աղբը փակ մեքենաններով տեղափոխում են Արմավիր քաղաքի աղբավայր, որը բնակավայրերից հեռու է։ Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում նույնպես աղբանոցները փակել ենք և մի աղբավայրում ենք կուտակում»,– «Հետք»–ին հայտնել էր ընկերության տնօրենը։

Այսինքն, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների համեմատությամբ այս ընկերությունը բավականին լավ ծառայություն է մատուցում, և դա բավարար էր, որ համայնքապետարանները աղբի վճարի նվազագույն շեմը վերանայեն։ Սակայն, նրանք 2025թ․-ի համար էլ «աղտոտողը վճարում է» սկզբունքը չեն կիրառել վճար սահմանելիս։

«Համայնքապետարանները չեն հանդգնում աղբահանության վճարը 100 դրամից բարձրացնել։ Մյուս կողմից՝ բնակչությանը չեն հանդգնում ասել, որ իրենց մատուցվող աղբահանության արժեքը 100 դրամից ավել է կազմում։ Առավել ևս, օրենքով սահմանված 400 դրամի շեմը ոչ մեկը չի ուզում խախտել»,– ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Ինքնածախսածածկվող աղբահանություն իրականացնելու համար համայնքներում որքան պետք է սահմանեն դրույքաչափը, մեր հարցին պրն Ալպետյանը պատասխանեց․ «Եթե այսօրվա վատ աղբահանումը գոնե ծախսածածկենք, յուրաքանչյուր բնակչից պետք է ամսական 400 դրամ գանձել։ Խոսքը ոչ թե թափոնների կառավարման ծառայություն մատուցելու մասին է, այլ՝ թերի աղբահանություն իրականացնելու»։

Նրա ասելով՝ մարդիկ պետք է հասկանան, որ փոքր վարձավճարով չի ծածկվում անգամ այդ թերի աղբահանությունը։ Եթե  նորմալ աղբահանություն ենք ցանկանում ունենալ, օրինակ՝ բարվոք աղբամաններ, կանոնավոր աղբահանում, պարտաճանաչ անձնակազմ, պահանջներին համապատասխանող աղբատար մեքենա և գոնե մի քիչ սանիտարական պայմաններում շահագործվող աղբավայր, այլ ոչ թե աղբանոց, այդ ծախսերը միանգամից կաճեն։ Անգամ ներկայիս օրենսդրությամբ սահմանված առավելագույն շեմը՝ 400 դրամը, չի բավարարի ծախսածածկելու համար։  

Հարություն Ալպետյանը շեշտում է, որ մարդիկ նաեւ սոցիալական-հոգեբանական խնդիր ունեն։ Նրանք չգիտեն, թե ինչ ծառայության դիմաց են վճարում եւ ինչքան է կազմում այդ վճարը։ «Բնակչությունը, հիմնականում, ավելի լավ ծառայություն է պահանջում, բայց տեղեկացված չէ, որ իրենց վճարած գումարով այդ վատ աղբահանության անգամ կեսը չի ծածկվում»,– ասաց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Համաշխարհային բանկի զեկույցը Հայաստանի կոշտ թափոնների կառավարման մասին

Համայնքներում կոշտ կենցաղային թափոնների կառավարումը սուբսիդավորվող գործունեություն է։ Մասնագիտական բոլոր հաշվարկներով հիմնավորվել է, որ աղբահանության ծախսերը շատ ավելի բարձր են, քան համայնքային բյուջեներում աղբահանության վճարներից ստացված եկամուտները։ Համայնքապետարանները բյուջեում աղբահանությունը չեն առանձնացնում սանիտարական ծառայությունից, որպեսզի ավելի ցայտուն չլինի աղբահանության և ցածր հավաքագրումների բացը պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրամադրվող դոտացիաների միջոցով լրացնելը:

2024թ․ մայիսին Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստանի կոշտ թափոնների կառավարման ոլորտի գնահատման և բարեփոխումների պլան» զեկույցը, որտեղ վերլուծվել է համայնքներում իրականացվող աղբահանության քաղաքականությունը։ «Ծախսերի հիմքում պետք է դրված լինի «աղտոտողը վճարում է» սկզբունքը և ծախսերի ամբողջական հատուցման սկզբունքը պետք է դառնա թափոնների վճարման օրենսդրական պահանջ»,– առաջարկում են հետազոտողները:

ՀԲ-ի հետազոտության հաշվարկներով՝ համայնքների թափոնների կառավարման միջին ամսական ծախսը 2022թ․-ին, մեկ շնչի հաշվարկով, կազմում էր 380 դրամ։ Ենթադրելով, որ ծախսերի 2/3-ը վերաբերում է աղբահանությանը, իսկ 1/3-ը՝ սանիտարական մաքրմանը, աղբահանության միջին ամսական ծախսը մեկ շնչի համար կազմում է 250 դրամ։

Թափոնների սակագնից ստացված եկամուտը ծածկում է թափոնների հավաքման ծախսերի 70%-ը (170 դրամ/250 դրամ մեկ շնչի հաշվով միջին արժեքը), կամ թափոնների հավաքման ընթացիկ ծախսերի 30%-ը սուբսիդավորվում է համայնքային եկամուտների այլ աղբյուրներից, ներառյալ՝ պետական սուբսիդավորումը:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter