
Ադրբեջանական ինքնաթիռը կարող է խոցված լինել ռուսական զինուժի կողմից
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը դեկտեմբերի 25-ին ընկել էր Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ, կարող է խոցված լինել Ռուսաստանի ԶՈւ հակաօդային ուժերի կողմից։ Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Euronews հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ադրբեջանի կառավարությունից հեռուստաընկերությանը հայտնել են, որ ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական «ցամաք-օդ» դասի հրթիռն է: Աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական ՀՕՊ ուժերը ադրբեջանական այս ավիաընկերության ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ են արձակել՝ Գրոզնիում անօդաչուների «ակտիվության» ժամանակ։ Այդ ժամանակ Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ուղղությամբ Ուկրաինան անօդաչուներ էր արձակել։ Հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ՝ վնասելով դրա արտաքին հատվածը։
Euronews-ի աղբյուրները հայտնել են, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում, չնայած այն բանին, որ օդաչուներն արտակարգ վայրէջք են պահանջել: Բաքու-Գրոզնի չվերթի ուղևորներից մեկը, որն ինքնաթիռի կործանման հետևանքով վնասվածքներ է ստացել, TACC գործակալությանը պատմել է, որ Azerbaijan Airlines-ի անձնակազմը երեք անգամ փորձել է ինքնաթիռն իջեցնել Գրոզնիում։
Euronews-ը գրում է, որ անձնակազմին ուղղորդել են Կասպից ծովի վրայով շարժվել դեպի Ղազախստանի արևմուտք՝ Ակտաուի կողմ։
Ադրբեջանական Caliber.Az-ը, որը մոտ է կանգնած այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ «կառավարական հավաստի աղբյուրների» տվյալներով՝ Գրոզնիի մոտակայքում ինքնաթիռի ուղղությամբ կրակ է արձակվել «Панцирь-С» տեսակի ՀՕՊ համակարգից։ Պարբերականի տվյալներով՝ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների պատճառով «ամբողջովին կաթվածահար է եղել ադրբեջանական ինքնաթիռի կապի համակարգը», ինչի պատճառով ինքնաթիռն անհետացել է ռադարներից:
Associated Press գործակալությունը գրում է, որ բրիտանական Osprey Flight Solutions ընկեությունը, որը մասնագիտացած է ավիացիոն անվտանգության ոլորտում, իր հաճախորդներին զգուշացրել է, որ «Azerbaijan Airlines-ի ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից»։
Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում ռուսական ՀՕՊ ուժերի կողմից ինքնաթիռի խոցման վարկածը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ AZAL-ի ինքնաթիռը փոխել է ուղղությունը «եղանակի վատթարացման պատճառով», իսկ վթարը տեղի է ունեցել Ղազախստանում «վայրէջքի ժամանակ»: ««Վթարի պատճառները մեզ հայտնի չեն։ Կան տարբեր վարկածներ։ Կարծում եմ, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի»,- հայտարարել է Ալիևը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Կրեմլը չի պատրաստվում «որևէ վարկած առաջ քաշել» մինչև հետաքննության եզրակացությունները: Ղազախստանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևն էլ «սպեկուլյատիվ» է անվանել «լուսանկարներից ինչ-որ եզրակացություններ անելու փորձերը, թե դա ինչ-որ գործողությունների արդյունք է և այլն»:
Ավիաաղետի հետևանքով զոհվել են երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ավիավթարի հետևանքով զոհված 25 անձանց ցուցակը, որոնք 19-64 տարեկան են, իսկ նրանց թվում կան ինչպես ուղևորներ, այնպես էլ անձնակազմի անդամներ: Ինչպես հայտնում է 1news-ը, ցանկում հիշատակվում են միայն Ադրբեջանի քաղաքացիները։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է այդ երկրի 6 քաղաքացի: Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևն էլ նշել է, որ զոհերի թվում կա նաև ՌԴ 7 քաղաքացի: Ինքնաթիռում եղել են նաեւ Ղրղզստանի երեք քաղաքացիներ, որոնք ողջ են մնացել։
Լուսանկարը՝ Getty Images / Anadolu/Issa Tazhenbayev
Մեկնաբանել