HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Արցախի Հանրապետության վարչապետին

Աննա Մնացականյան       

«Մանկությունը զզվելի բան է, երբ այն չես ունենում: Ստիպված ես ամբողջ կյանքում լինել երեխա»:

Մհեր Արշակյան, «Մանկատներ եւ երեխաներ»,

2001թ. Դժվար է գտնել որբության ունիվերսալ սահմանում այսօրվա հայ իրականության համար: Մանկալքությունը և սոցիալական որբությունը այն լրջագույն խնդիրներից են, որ այսօր կանգնած են մեր հասարակության առջև: Մինչեւ 19-րդ դարի վերջը հայ ավանդական մշակույթում չեն հիշատակվում բացառապես որբ երեխաների խնամքով զբաղվող հատուկ սոցիալական ինստիտուտներ:

Կիրառվել են երեխային խնամք տրամադրելու խնամակալության եւ խնամատարության մոդելները, ընդ որում, երեխան մեծ մասամբ խնամակալվել է ազգակիցների կամ բարեկամների կողմից: Նշված ժամանակաշրջանում գործել են գիշերօթիկ կրթական հաստատություններ, որտեղ ուսանել են ինչպես որբ, այնպես էլ ընտանիքավոր երեխաներ: Հաստատությունները հիմնականում դիտարկվել են որպես նոր սերնդի մեջ քրիստոնեության տարածման մեխանիզմ, իսկ ավելի ուշ կրել են բացառապես կրթական, եւ ոչ սոցիալական շեշտադրումներ:

Որբ երեխան դիտարկվում էր նաեւ որպես սոցիալական ռեսուրս, աշխատուժ, որը կարող է եւ պարտավոր է օգտակար լինել հասարակությանը: Այդպիսով լուծվում էր որբ երեխայի սոցիալական պահանջվածության եւ հասարակական կյանքին ներգրավման խնդիրը: XX դարի սկզբին, ցեղասպանությունից հետո, աղետալի պայմաններում բացվեց շուրջ 100 որբանոց:

Մինչեւ 1950-ական թթ. որբ երեխայի ծնողը ցեղասպանության, բռնապետության կամ պատերազմի զոհ էր, անմեղ նահատակ, հերոս, ինչը երեխային տալիս էր յուրահատուկ կարգավիճակ եւ իրավունքներ: Բացի դրանից, աշխարհա-քաղաքական իրադարձությունների հետեւանքները կրում էր, ոչ միայն որբ երեխան, այլ նաեւ ողջ հասարակությունը: Խորհրդային ժամանակաշրջանի 70-ական թթ.-ին փոխվեց ընտանիքի սոցիալական կազմը, որտեղից երեխան հայտնվում էր մանկական խնամակալական հաստատությունում` մանկատանը կամ գիշերօթիկ հաստատությունում:

Հաստատությունը համալրվում էր միայնակ մայրերի, ապօրինի ծնված եւ ընկեցիկ երեխաներով: Այս երեխաները այլեւս չէին արժանանում հասարակության հոգատարությանը եւ կարեկցանքին: Դարասկզբին բացված որբանոցների գերակշռող մասը փակվեց, մնացածը վերակազմավորվեցին մանկատների, երկարօրյա եւ գիշերօթիկ հաստատությունների:

Այսպես, 1963-64 թթ. հանրապետությունում գործում էր 5 հատուկ դպրոց` ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների համար /853 աշակերտ/, 3 մանկատուն` 477 սաներով, որոնց 7%-ը ազգությամբ ռուս , ադրբեջանցի եւ այլ ազգերի երեխաներ էին:

Հաստատությունների սոցիալական նշանակությունը կայանում էր նրանում, որ այն պարագայում, երբ ընտանիքը չէր իրականացնում անհատականության ձեւավորման գործառույթը, ապա այդ դերը ստանձնում էր պետությունը, եւ այդ երեխաներին խնամք տրամադրելուց բացի, ներգրավում էր նրանց երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործընթացում: Միեւնույն ժամանակ պետությունը գիտակցում էր հասարակության առջեւ ծառացող սոցիալականացման գործընթացը չհաղթահարած քաղաքացու վտանգն ու հետեւանքները:

Տեղի էր ունենում հասարակության կողմից մանկատան երեխայի օտարում, սակայն իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում, մանկատնից դուրս գալուց հետո` աշխատանքի միջոցով, երեխան նորից ինտեգրվում էր հասարակության մեջ, դառնալով որոշակի կատեգորիայի անդամ` գյուղացի, բանվոր, արհեստավոր եւ այլն:

Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ասպարեզներում փոփոխություններով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում ընտանիքների մեծամասնության կենսական պայմանների վատթարացման ազդեցության, ինչպես նաև բարոյական նորմերի արժեզրկման հետևանքով փոխվեց երեխաների նկատմամբ վերաբերմունքը, ընդհուպ մինչև նրանց դուրս մղումը ընտանիքից:

Այսպես, եթե 1999 թ. Հայաստանում գործող մանկատներում երեխաների թիվը չէր գերազանցում 550-ը, իսկ գիշերօթիկ դպրոցներում այդ թիվը կազմում էր 2,497, ապա 2005թ.-ին մանկատներում խնամվում էր 1,156 երեխա, իսկ գիշերօթիկ հաստատություններում երեխաների թիվը հասավ 11,000-ի: Փաստորեն, հասարակությունը չէր ցուցաբերում բավարար ուշադրություն ընտանիքների խնդիրների նկատմամբ, այլ լուծում էր միայն երեխայի խնամքի հարցը, մեկուսացնելով նրան ընտանիքից:

Ինչպես փաստում է Հայ Օգնության Միության տվյալների շտեմարանը, 1992-2009թթ. ժամանակահատվածում, երկրաշարժի, արցախյան ազատամարտի եւ այլ պատճառներով երկու ծնողներին կորցրած 1,297 երեխաներ խնամակալվել են ազգականների կողմից եւ երբեւիցե չեն հանձնվել մանկատուն: Մի քաղաքական համակարգից մյուսին անցման ժամանակ, երբ փոխակերպվում են ավանդական քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ինստիտուտներ, բնակչության տարբեր կատեգորիաներ, խմբեր, խավեր դառնում են ոչ կենսունակ: Համաշխարհայնացման, ուրբանիզացման, միջմշակութային նոր հարաբերությունների համատեքստում սկսեցին ձեւավորվել նոր դասակարգեր:

Մարդիկ զրկվեցին նախկինում սովորական դարձած ապրելու եւ աշխատելու հնարավորությունից, գոյությունը պահպանելու համար ստիպված եղան փնտրել եկամտի նոր աղբյուրներ: Ահա այս պայմաններում սովորաբար դրսեւորվում է մարգինալության երեւույթը: Մասնագիտական գրականության մեջ գոյություն չունի մարգինալության միանշանակ սահմանում: Մարգինալության երևույթն ընկալվում է որպես հասարակության մեջ կառուցվածքային փոփոխության գործընթացում սոցիալական կարգավիճակների փոփոխություն, երբ սոցիալական խումբը կամ անհատը հայտնվում են երկու խմբերի կամ կառուցվածքների միջակայքում:

19-րդ դարի երկրորդ կեսին մարգինալության մասին բարձրաձայնեց սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը, որը ձեւակերպեց այն միտքը, որ յուրաքանչյուր հասարակությանը բնորոշ է մարգինալ խմբերի` հոգեկան հիվանդների, հանցագործների, մարդասպանների պարտադիր առկայություն: Այս շարքին կարելի է նաեւ դասել երեխային լքող ծնողներին:

Մարգինալությունը փոփոխական երեւույթ է, որի փոփոխությունները անմիջականորեն կապված են սոցիալական ինստիտուտներում տեղի ունեցող փոփոխությունների հետ, միեւնույն ժամանակ, վերջիններիս հիման վրա խիստ փոփոխական են «մարգինալության» դրսեւորումների համար սահմանված չափանիշներն ու առանձնահատկությունները: 20-րդ դարի 60-ական թվականներին ֆրանսիացի գիտնականներն արդեն ուշադրություն դարձրին այն փաստին, որ մարգինալություն երեւույթը պայմանավորված է մշակութային, սոցիալական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ փոխկապակցված գործոններով:

«Սոցիալական» եւ «մարգինալ» դաշտերը սերտորեն փոխկապակցված են. «սոցիալականը» չի կարող գոյություն ունենալ առանց «մարգինալի», եւ հակառակը, այս երեւույթները մի ամբողջություն են: Կախված մարգինալ դաշտի ձեւավորման համար սոցիալական դաշտում առկա նպաստավոր պայմաններից, «մարգինալությունը» կարող է գրավել սահմանային կամ դուրս գալ թույլատրելի նորմերի սահմաններից եւ գրավել կենտրոնական դիրք: Այսպիսով, առաջին անգամ ձեւակերպվեց «մարգինալացում» երեւույթը:

Անցումը շուկայական հարաբերություններին Հայաստանում բերեց ավանդական սոցիալական ինստիտուտների փլուզմանը, ինչը ձեւավորեց լղոզված սոցիալ-մշակութային պատկեր, եւ միաձեւ ընդհանրական արժեհամակարգի բացակայություն: Արդյունքում առաջացան անցումային շրջանին հատուկ սոցիալ-մշակութային հին արժեքների, մշակույթի եւ նոր իրականության միջեւ տարաձայնություններ:

Մարդու կենսագործունեության քաղաքական, տնտեսական, սոցիալական ասպարեզներում փոփոխությունները բերեցին Հայաստանի հասարակության մարգինալացման: Այսպես մարգինալների շարքերում, բացի սովորական լյումպեններից, որոնք չեն ցանկանում աշխատել, ունեն սահմանափակ պահանջներ, չեն ընդունում հասարակության կողմից սահմանած նորմերը, հայտնվեց նաեւ բնակչության տնտեսապես ակտիվ մասը, ինչի հետեւանքով այլեւս դժվար էր մարգինալ եւ ոչ մարգինալ կատեգորիաների դասակարգումը:

Ընդ որում «նոր» մարգինալ խմբերի ձեւավորմանը զուգընթաց «հները» պահպանվում էին: Այսօր սոցիալական ինստիտուտները ձեւավորվում են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական անկայուն պայմաններում, ինչը բերում է վերջիններիս իդենտիֆիկացման գործընթացի դեֆորմացման, ինչպես նաեւ փոխակերպում է նպատակաուղղված սոցիալական քաղաքականությունը զգացմունքների ազդեցության տակ ձեւավորվող վարքի, երբ իրատեսականի համեմատ գերակայում են զգացմունքները:

Նմանատիպ երեւույթ առկա է Երեխայի Պաշտպանության դաշտում: Առանց ներկայացնելու բազում թվեր եւ փաստեր, միայն նշելով, որ հիմնավորված է, հանդգնում եմ կոչել այս երեւույթը «Երեւանյան հիվանդություն»: Երեխայի առաջնային պահանջներն ու իավունքները կարեւորվում էին ընտանիքից դուրս, ինչի հետեւանքով երեխային լքած ծնողների մոտ տեղի էր ունենում մարգինալացում:

Ի վերջո մանկական խնամակալական հաստատությունները նպաստում են երկկողմ` ինչպես հաստատությունների սաների, այնպես էլ իրենց ծնողների սոցիալական եւ մշակութային մարգինալացմանը: Միեւնույն ժամանակ նոր արժեքների` մարդու, մասնավորապես երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը դուրս բերեց որբ երեխային ստվերից եւ սահմանեց նոր կարգավիճակ:

Միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունները ձեւավորեցին մանկատան երեխայի հետ աշխատող նոր մեխանիզմներ, որոնք արտացոլվեցին նաեւ օրենսդրական դաշտում: Սահմանվեց «առանց ծնողական խնամքի մնացած երեխա» կարգավիճակը: ՀՀ Կառավարությունը վերջին հնգամյակում նախաձեռնել է հաստատությունների բեռնաթափման քաղաքականություն, որը սակայն իրականացվում է բացառապես սոցիալական քաղաքականության համատեքստում:

Ազգագրական աղբյուրները փաստում են, որ մինչեւ 2005 թ.-ը Արցախում եւ Ջավախքում երբեւիցե չեն գործել որբանոցներ-մանկատներ: 2008-ին Ախալքալաք այցելության ժամանակ փորձեցի զրուցել այս թեմայի շուրջ մի վաստակաշատ մանկավարժի հետ: «Վրացիք Ջավախքի հայաթափման ծրագիր նախաձեռնեցին ու աջարներով բնակեցրին գյուղերը, բայց որ ըդոնք մեռնին գը, գերդաստանը կտանի, իրենց Խուլոյի պերեվալներում կթաղի: Ու ադոր համար վրացիք 2005-ին Բոգդանովկա մանկատուն բացին, բերին որբ վրացիներ, որ արմատ գցեն, հետ գնալու տեղ չունենան»,- պատմեց Վ.Ա.-ն եւ տեղեկացրեց, որ ծնողազուրկ ազգությամբ հայ երեխաներ այդ մանկատունը չի ընդունում, հայ որբերին տեղափոխում են Հայաստան: Երբ վերջերս լսեցի, որ Քաշաթաղում/Լաչին/բացվել է մանկատուն, անմիջապես հիշեցի այս պատմությունը եւ մտածեցի, որ մերոնք էլ բնակեցման ծրագիր են իրագործում` օգտագործելով մանկատուն սոցիալական ինստիտուտը:

Բայց քիչ ուշ երբ իմացա, որ Շուշիում պատրաստվում են բացել «որբանոց», իսկ Ստեփանակերտում արդեն գործում է մանկատուն եւ մի քանի անորոշ կարգավիճակի խնամք տրամադրող հաստատություններ, որոնք, վստահեցնում եմ, շատ շուտով, խաղալով Սփյուռքի «որբուկ» հասկացողության զգացմունքների վրա, որը որեւէ առնչություն չունի այսօրվա որբ երեխայի հետ, առաջին պատահած հովանավորի օգնությամբ հեշտությամբ կվերածվեն մանկատան, հասկացա, որ Արցախը վարակվում է «Երեւանյան հիվանդությամբ»:

ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի պաշտոնյա Քրիստինա Ռոչելլան իտալուհի է, նա կրքոտ պայքարում է «խնամքի հաստատություն» երեւույթի դեմ: Թեմային անծանոթ մարդուն կարող է տարօրինակ թվալ նման մոտեցումը. սոցիալական ծանր վիճակ, ծնողներն ունեն բազում խնդիրներ, ինչու չօգնել երեխային քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններում մեծանալ: Երբ փորձում ես հարց տալ, թե ինչու են բացվում բարեգործական միջոցներով գործունեություն ծավալող մանկատներ, անմիջապես հնչում է պատասխան, գումար է գալիս երկիր, ինչու եք խանգարում: Սակայն ինչ գին են մենք վճարելու այդ գումարի համար տասնյակ տարիներ անց: Քրիստինան ինձ տրամադրեց մի հաշվետվություն, որի վերնագիրն էր «Վերջի սկիզբը»:

Իտալիայում իրականացված ծրագրի վերլուծություն էր, որի արդյունքում այսօր այդ երկրում չկան մանկատներ: Սրան ի պատասխան սովորաբար հնչում է, «Ինչ ես Իտալիան համեմատում Հայաստանի հետ»:

Նշեմ միայն, որ այդ գործընթացը Իտալիայի իշխանությունները սկսել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1947-ին, իսկ ավարտին են հասցրել 2005թ.-ին: Երբ խնամքի հաստատությունը բացվում է, այն այլեւս սկսում է ինքն իրեն վերարտադրել, միշտ գտնվում են փայլուն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չի փակել այդ հաստատությունը, նույնիսկ եթե վերջինիս կարիքը այլեւս չի զգացվում:

Գիտնականները պնդում են, որ մարգինալությունը չի փոխանցվում գենետիկ ճանապարհով, քանի որ սոցիալական վերահսկողության առկայությունը սոցիալական համեմատաբար առողջ պայմանների պարագայում ի վիճակի է չեզոքացնել անհատների սոցիալական վարքի յուրահատուկ մարգինալ ձեւերը: Արժեհամակարգում սահմանված գերակայություններն ու տաբուներն էլ ձեւավորում են հասարակական կարծիք եւ մտածողություն:

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի եւ Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երեխայի ընտանիքում խնամվելու բազմակողմանի առավելությունները, այդ թվում տնտեսական խնայողությունները, որ կարող է պետությունը ունենալ օրինակ, երեխային տեղավորելով խնամատար ընտանիքում: Հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ Երեխայի Պաշտպանության Ազգային Հանձնաժողովը շուտով կհայտնվի վարչապետի կամ փոխվարչապետի անմիջական հսկողության ներքո, ինչը կնպաստի Երեխայի Պաշտպանության Դաշտում առավել արդյունավետ քաղաքականության իրականացմանը: Դժվար է այսօր դատողություններ անել կամ կանխատեսել Ջավախքի պարագան:

Սակայն Արցախը ի զօրու է ձեւավորել մեր ազգային հոգեկերտվածքին հարիր մշակութային քաղաքականություն` համապատասխան գերակայություններով եւ տաբուներով, որն իր հերթին կկանխորոշի արդյունավետ տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն ընդհանուր առմամբ, եւ մասնավորապես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: Մեծարգո պրն. Հարությունյան, թույլ մի տվեք հիվանդ կարծրատիպերի սերմանումը Արցախի բնակչության դեռեւս ստերիլ արժեհամակարգում, տրամադրեք առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին այլընտրանքային ծառայություններ` խնամատարություն, խնամակալություն, բացառեք մանկական խնամակալական հաստատությունների գործունեությունը Արցախում: Վստահ եմ, որ կարող եք, դեռ ուշ չի:  

Աննա Մնացականյանը Հայ օգնության միություն Երեւանի գրասենյակի տնօրենն է

30.05.2011

Մեկնաբանություններ (1)

Քնար
Երեկ ամերիկահայ ծանոթի հետ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունն էի այցելել, երեխաների խաղալիքներ էինք տարել: Երեխաների հետ խաղալուց հետո պատրաստվում էինք արդեն դուրս գալ, երբ աղջիկներից մեկը, որ այդ ընթացքում կողքիցս չէր հեռանում, ինձ ուժեղ գրկեց ու նայելով աչքերիս մեջ հարցերեց`Էլի կգաս, չէ...Գիտեի հատստատ, որ կգնամ, բայց պանասխանից խուսափեցի:Եթե ձեր կյանքում գոնե մեկ անգամ նայել եք նման երեխաների աչքերի մեջ, ապա կհասկանաք ինձ ու կհամաձայնեք, որ երեխաներին անգամ չուզենալով խաբելն մեղք է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter