
150 հազ. դրամը Ավինյանի համար արդեն մեծ գումար չէ. նա վճարել է պետական տուրքը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ՝ դեկտեմբերի 27-ին, վճարել է «Սիվիլնեթ» լրատվամիջոցի դեմ ներկայացրած հայցադիմումի գծով պետական տուրքը՝ 150 000 դրամ: Ստացվում է՝ արդեն 150 000 դրամը «բավականին մեծ» գումար չէ Ավինյանի համար, և «ֆինանսական առումով էական անհարմարություններ» չի պատճառի քաղաքապետին ու նրա ընտանիքին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չէր վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», - նշված էր Տիգրան Ավինյանի միջնորդության մեջ։
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմենուհի Բադիրյանի, եռօրյա ժամկետ էր տրամադրել պետական տուրքը վճարելու համար: Դատարանը Տ. Ավինյանի պատճառաբանությունը բավարար չէր համարել միջնորդությունը հիմնավոր համարելու համար։ Գտել էր, որ քաղաքապետը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն վճարման հնարավորության բացակայության հանգամանքը:
Տ. Ավինյանը լրատվամիջոցից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև վճարել 3 մլն դրամ փոխհատուցում:
Լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելու մասին հրապարակային խոսվեց դեկտեմբերի 18-ին՝ «FactorTV»-ի ուղիղ եթերում Տիգրան Ավինյանի և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճի ժամանակ: Տ. Ավինյանը հայտարարեց. «…մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց։ Ինչ ուզում՝ խոսում է, և անպատիժ»:
Տիգրան Ավինյանին վրդովեցրել է «ՍիվիլՆեթի» նոյեմբերի 13-ի հետաքննությունն այն մասին, որ 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրել է քաղաքական իշխանության բարձունքի։ Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձել է Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվել է ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերյալ քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը:
Մեկնաբանել