«Հետք»-ի պատասխանը՝ ՊՎԾ-ի հերքման պահանջին
Դեկտեմբերի 25-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Պետական վերահսկողական ծառայության՝ «Արմենիա» ԲԿ-ում իրականացրած թերի ուսումնասիրության վերաբերյալ։
Պարզել էինք, որ «Արմենիա» ԲԿ-ում ՊՎԾ ուսումնասիրության ժամանակ «սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագիրն ամբողջ ծավալով չի ստուգվել, շուրջ 3,5 ամսվա տվյալներ չեն ուսումնասիրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով նույնպես հաստատվել էր այդ փաստը։ Անդրադարձել էինք նաև Պետական վերահսկողական ծառայության, Առողջապահության նախարարության և «Արմենիա» ԲԿ-ի պաշտոնատար անձանց փոխկապակցվածությանը։
Հետաքննության հրապարակման հաջորդ օրը ՊՎԾ-ն հերքման պահանջ ներկայացրեց «Հետք»-ին՝ նշելով, որ հոդվածում ներկայացված մի շարք տվյալներ չեն համապատասխանում իրականությանը։
Նախ նշենք, որ մինչև հետաքննության հրապարակումը «Հետքը» հարցազրույցի առաջարկ էր արել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Նա մերժել էր հարցազրույցի մեր հրավերը։ Երբ ասացինք, որ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին մանրամասներ է պատմել «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ, ՊՎԾ ղեկավարի օգնականն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։
Սակայն, ՊՎԾ-ն խուսափել էր պատասխանել մեր ուղղած՝ էական նշանակություն ունեցող մի շարք հարցերի։ Օրինակ, թե «Արմենիա» ԲԿ-ի՝ 2021թ. սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ի փաստաթղթերը ստուգելիս քանի՞ խախտում են հայտնաբերել, ո՞ր ծրագրերի վերաբերյալ, և որքա՞ն է կազմել հայտնաբերված խախտման չափը։
ՊՎԾ-ն խուսափել է մեկնաբանել Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի այն հիմնավորումը, որ «սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրի՝ 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ուսումնասիրությունն ամբողջ ծավալով չի իրականացվել, և վերջնական փաստաթուղթ չի կազմվել։
ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Գարիկ Ղազարյանը չի հերքել այն փաստը, որ «Արմենիա» ԲԿ-ում ուսումնասիրության ժամանակ հիվանդների բոլոր պատմագրերը չեն ուսումնասիրվել։ Պաշտոնյան դա պայմանավորել է «ուսումնասիրության առարկա հանդիսացող փաստաթղթերի ահռելի ծավալով»։
Ուստի, ՊՎԾ-ն մի քանի հնարավորություն ունեցել է «Հետք»-ին մեկնաբանություն տալու, սակայն հրաժարվել է հարցազրույցի առաջարկից, իսկ մեր մի շարք հարցերի չի պատասխանել։
Բացի այդ, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը «Հետք»-ին մեղադրում է նրանում, որ հոդվածում ներկայացված փաստերը «հիմնված են բացառապես Ծառայությունից ազատված, նախկին աշխատակցի «որակումների» վրա»։
Նշենք, որ բացի Ծառայության նախկին աշխատակցի մեկնաբանությունից, «Հետքի» տրամադրության տակ է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթը կարճելու մասին որոշումը։ Որոշման մեջ քննիչը հաստատել է, որ Արմենիա» ԲԿ-ում ստուգման ժամանակ «սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագիրն ամբողջ ծավալով չի ստուգվել։ ՊՎԾ և ՊԱԳ աշխատակիցներից կազմված խումբը 2021թ․-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների փաստաթղթերն ամբողջ ծավալով չի ստուգել, հետևաբար այդ ժամանակահատվածի վերաբերյալ փաստաթղթային արձանագրումներ չեն կատարվել։
Բացի այդ, հարցաքննության ժամանակ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանը նշել է, որ ինքը տեղեկացված է եղել, թե ուսումնասիրությունները կատարվել են ամբողջ ծավալով, իսկ հարցադրմանը, որ սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով՝ 2021թ․ հոկտեմբերից դեկտեմբեր ուսումնասիրություններ չեն իրականացվել, ցուցմունք է տվել, որ այդպիսի տեղեկություն չունի, իրեն զեկուցել են, որ ամբողջ ծավալով ուսումնասիրվել է։
«Արմենիա» ԲԿ խմբի ղեկավար Դավիթ Այվազյանն էլ, որը ուսումնասիրության ընթացքում եղել է նաև Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ցուցմունքում նշել է, որ ուսումնասիրությունն իրականացվել է մինչև դեկտեմբերի 31-ը։ Տեղեկացված է եղել, որ Դավիթ Սարգսյանի և Սուսաննա Մուրադյանի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի սրտի անհետաձգելի վիրահատությունների պատմագրերը ուսումնասիրվել են, և ընթացիկ ուսումնասիրությունների ընթացքում իրեն ո՛չ Սուսաննա Մուրադյանի և ո՛չ էլ Դավիթ Սարգսյանի կողմից հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների մասով տեղեկատվություն չի հայտնվել կամ տրամադրվել։
Չնայած Դավիթ Այվազյանը նշել է, որ իրեն չեն հայտնել հայտնաբերված խախտումների մասին, ուսումնասիրությանը մասնակցած Սուսաննա Մուրադյանը հետագայում բազմիցս բարձրաձայնել է թերի ուսումնասիրության մասին, ինչը նաև հաստատում է ՊՎԾ-ն՝ «Հետք»-ին տված պատասխանում։
Հետևաբար, «Հետք»-ը հերքելու ոչինչ չունի։
Այդուհանդերձ, ներկայացնում ենք ՊՎԾ պատասխանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել