Պասուց տոլման, հայկական շամպայնը, վրացական սացիվին ու ամանորյա ավանդույթները Եղիկյանների ընտանիքում
-Դուք պիտի միայն տեսնենք, թե իմ սկեսուրն ինչ հմտությամբ է տոլմա փաթաթում՝ համաչափ, նուրբ, գյումրեցու ասած՝ ինչխոր մատ կպած չէղնի,- Կատարինան լայն ժպտում է:
-Ո՞ր տոլման՝ կաղամբի թե՞ խաղողի թփով, մսով թե՞ ձավարով,- թվարկում եմ՝ փորձելով հիշել հայկական խոհանոցում տեղ գտած տոլմաների տեսականին:
Հարցս զվարճացնում է Կատարինային:
-Ցանկացած՝ կապ չունի, որ պատկերավոր ասեմ՝ «ювелерный» գործ է անում: Այս հարցում, մեր երեքիցս՝ նկատի ունեմ ինձ ու տատիին, մաման անգերազանցելի է:
Գյումրիում հայտնի թամադա Արմեն Եղիկյանի հյուրընկալ հարկի ներքո ենք: Նախաամանորյա եռուզեռին ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները գրեթե չեն մասնակցում, դե ինչպես բոլոր հայկական ընտանիքներում՝ խոհանոցային շքերթը գլխավորում են կանայք։
-Ես հիմա միայն հետևում եմ կատարվողին,- 86-ամյա Էմմա Բեգլարյանի դեմքին ժպիտ է հայտնվում,- կարող եմ խորհուրդներ տալ, բայց այլևս չեմ պատրաստում, էդ վաղ էր, որ շերեփն իմ ձեռքին էր, հիմա արդեն Մելանյան ու Կատյան են խոհանոցին տիրություն անում:
65-ամյա Մելանյա Իսրայելյանը սեղանին է շարում ավանդական «պասուց տոլմայի» բաղադրիչները՝ թթվեցրած ամբողջական կաղամբ, աղացած ձավար, լոբի, սիսեռ, ոսպ, տապակած սոխ և համեմունքներ: «Պասուց տոլման» կարելի է վստահաբար կոչել հնագույն ուտեստ, որի բաղադրատոմսը պահպանվել ու սերնդեսերունդ փոխանցվել է՝ սկսած հեթանոսական շրջանից: Մեր նախնիները հավատում էին, որ աստվածներին ձավարեղեն ու լոբազգիներ զոհաբերելով՝ կստանան իրենց օրհնությունը, իսկ հաջորդ տարվա բերքն անպայման առատ ու որակյալ կլինի: Քրիստոնեական շրջանում, այն ավելի շատ հայտնի է, որպես պահքի ուտելիք, բայց դա չի խանգարում, որ հայ տանտիկինները պասուց տոլման պատրաստեն նաև Նոր տարուն:
-Ճիշտն ասած՝ գյումրեցիք ժամանակին միայն ձավարով են սարքել պասուց տոլման, ուրիշ բան չեն ավելացրել, իսկ ոսպ, լոբի, սիսեռով սարքածը համարել են գյուղական,- նկատում է տիկին Մելանյան,- բայց մենք բոլոր բաղադրիչներն էլ լցնում ենք, որովհետև հատկապես սիսեռն ու ոսպը շատ համեղ են դարձնում տոլման, նաև համեմունքներից ծիտրոնն ու ռեհանը:
«Պասուց տոլման» սովորաբար տաք չեն մատուցում: Այն պետք է ուտել սառը, եփելու հաջորդ օրը, երբ բոլոր համերը խառնված են լինում: Տոլմայի այս տեսակը թերևս ամանորյա մյուս բոլոր ուտեստներից երկար կարելի է պահել ու նույն ախորժակով ճաշակել անգամ 10-րդ օրը: Մինչ տիկին Մելանյան Կատյայի օգնությամբ տոլման է փաթաթում, ես զրուցում եմ մեծ տիկնոջ՝ Էմմա տատի հետ:
-Էմմա տատ, դուք ծնվել եք 1938թ․-ին, այսինքն ձեր մանկության գիտակցական հատվածը համընկնում է համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքի և հետպատերազմյան շրջանի հետ: Կհիշե՞ք, թե այդ տարիներին ինչն էր ձեզ տոնի զգացողություն պարգևում:
Տիկին Էմման մի պահ ընկնում է մտքերի մեջ.
-Մանդարինի հոտը...մանդարինը նոր տարվա խորհրդանիշն է միշտ եղել ինձ համար,-հիշողություններից Էմմա տատի դեմքի կնճիռները մի պահ հարթվում են,- գիտեք, մենք վատ չենք ապրել: Հայրս հաշվապահ էր, Լենինականից իրեն գործուղել էին Լոռու մարզի Սանահին գյուղ, հետո տեղափոխվեցինք Վանաձոր: Մեր երեք երեխաներից միայն մեծ եղբայրս է ծնվել Լենինականում: Սեփական տան մեջ էինք ապրում, դիմացը հողամաս ունեինք, մրգի ծառեր կային, շուկայից շատ բաներ առնելու կարիք չունեինք: Նոր տարին նշում էինք, ինչպես բոլորը:
Այդ տարիներին տոնական սեղաններն իրարից շատ չէին տարբերվում: Հիշում եմ, որ հավի խաշած միս էին դնում, կարմիր հատ լոբին խաշում էին, վրան կարմիր պղպեղ ու գլուխ սոխ էին կտրատում, դա էին դնում, հետո՝ ավելուկից աղցան էին սարքում, ովքեր տավարի միս էին կարողանում առնել՝ խաշլամա էին անում, դե պասուց տոլման պարտադիր կար, անպայման չեչիլ պանիր պիտի լիներ սեղանին ու լավաշ, չրերից կոմպոտ, մուրաբաների տեսականին պարտադիր էր: Երեխաների ուրախությունն իրենց նվեր ստացած տոպրակներ էին՝ մեջը խնձոր, պոպոք, կաղին ու չամիչ, մի քանի հատ էլ կոնֆետ: Չարազեղենն էլ հիմիկվա նման բազմազան չէր՝ մենակ պոպոք, կաղին ու կաշտան էր, հետն էլ ամբողջական, մի մեծ վազայով էին դնում, վրան՝ ջարդիչ, հայրս կատակում էր, թե տուն եկողը մի բանով պիտի՞ զբաղվի:
Զրույցին հետևող Կատարինան հիշում է կլոր, անալի գաթայի մասին, որի մեջ կոպեկ էին դնում և կտրում Նոր տարվա գիշերը: Ում բաժին էր հասնում կոպեկով կտորը, նշանակում է տարին հաջող էր լինելու հենց իր համար:
-Ուզում եմ պապայիս պատմությունները փոխանցեմ: Մտածում եմ, շատերը կկարդան, հետո կպարզվի, որ իրենք էլ են Նոր տարուն դա պատրաստել,- բացատրում է Կատյան,- իմ պապն ու տատը արմատներով Էրզրումից են: Հայրս մեծ սիրով էր հիշում իր մորը ու պատմում էր, որ Ամանորին սովորաբար կաթ էին եփում տանը, շերտ-շերտ վրայի սերը քաշում էին ու լցնում ամանի մեջ, վրան ցանում էին յուղ ու մեղր: Էդպես երևի մի 10 անգամ ու ստացվում էր անչափ համով անուշեղեն: Իմ մանկությունից հիշում եմ տնական հալվան, որ արդեն իմ մայրն էր պատրաստում՝ ալյուրը խարկում էին, լցնում նավակաձև ափսեի մեջ, վրան մուրաբա էի ավելացնում, խառնում, ձև տալիս ու դնում սեղանին: Էս վերջերս սկեսուր մայրիկս սարքել էր, մի ամբողջ մանկություն աչքերիս առջևով անցավ: Հետո խոզի մսից ու բանջարեղենից դոնդող էին պատրաստում, հիշում եմ հայրս ինչպես էր գազարից զգուշորեն ծաղիկներ ստանում, որ դոնդողի մեջ սիրուն երևա:
Ես չգիտեմ էս ներկայիս սերունդն ինչ է փոխանցելու իր հաջորդին: Հիմա Նոր տարուց առաջ կամ ընտանիքով գնում են ուրիշ երկիր, կամ էլ հենց իրենց երկրում են մնում, բայց մի երեք օրով էլի տնից բացակայում են, որ չպատրաստեն կամ էլ կիսաֆաբրիկատները խանութներից առնում-բերում են, որ շատ չտանջվեն: Նախկինում սեփական ձեռքով պատրաստած ուտեստով հպարտանալն էլ էր երևույթ, մեկի մոտ շերտավոր գաթան է լավ ստացվում, ինչպես իմ սկեսրոջ մոտ, մյուսի պասուց տոլման է ամենահամովը, էն մեկի՝ բլինչիկը: Հիմա առածով են պարծենում, ոչ թե սարքածով։
-Քո էլ պատրաստած էկլերն է անզուգական,- հարսին լրացնում է տիկին Մելանյան,- գիտեք, մեր տոները դրանք ավանդույթները պահպանելու և փոխանցելու լավագույն ձևերից մեկն են: Ես հասկանում եմ, որ շատ բաներ էլ չենք անում՝ զարգացել ենք, դարն է ուրիշ, սերնդի պահանջն է փոխվել, ուտելիքն է դարձել բազմազան ու բազմատեսակ՝ ամեն ինչ հնարավոր է ճարել, ամեն ինչ կա՝ ինչ սիրտդ ուզի ու երևակայի՝ տարվա ցանկացած եղանակի: Բայց մի տխուր բան կա այս ամենի մեջ, մարդիկ քիչ-քիչ երազելու կարողությունն են կորցնում, նոր տարվա կախարդանքն են կորցնում: Ինչ էր Նոր տարին նախկինում հայի համար՝ իհարկե մտերիմներով հավաքվել-ուրախանալու հնարավորություն, օտար ափերում բախտ որոնող հարազատի վերադարձ, իրար հետ կռվածների հաշտվելու առիթ, նոր հագուստ, նոր խաղալիքներ, լիքը մանդարին և այլն:
Ուզում եմ մի պատմություն հիշեմ: 1999թ․-ի դեկտեմբերն էր, ինձ կանչեցին քաղաքապետարան, որ նոր բնակարանի բանալիները տան: Ու ստացվեց այնպես, որ Նոր տարին պիտի նոր հասցեում նշեինք: Հիմա մամայի հետ սեղանը սարքում ենք ու ասում եմ, հետաքրքիր է, առաջինը մեր դուռն ո՞վ է բացելու, համարյա ոչ ոք նոր հասցեն չգիտի: Ու մեկ էլ դռան զանգը տալիս են, բացում եմ ու շեմքին կանգնած լաց եմ լինում: Արմենս էդ ժամանակ բանակ էր, իրեն տուն էին թողել ու ինքը մոտ 12 կմ ոտքով եկել էր Գյումրի, գտել էր մեր նոր բնակարանը: Դրանից լավ ամանորյա նվեր մեզ համար չէր կարող լինել:
Զրույցի ընթացքում «պասուց տոլման» հարս ու սկեսուր փաթաթում, վերջացնում են՝ միաժամանակ քննարկելով, թե էլ ինչ պիտի պատրաստեն ու ինչն է պակասում:
-Վա՜յ, սացիվին հանկարծ չմոռանանք,- ասում է Կատարինան,-Արմենը վրացական խոհանոցի էդ ճաշատեսակը շատ է սիրում, պարտադիր պատրաստում ենք: Ինձ թվում է բան չենք մոռացել:
Կանայք գոհ են իրենցից՝ հասցրել են ամեն ինչ: Այնպես որ, 2024թ․-ի դեկտեմբերի 31-ի երեկոյան, Եղիկյանների 6 անձից բաղկացած ընտանիքը, հանգիստ խղճով կհավաքվի սեղանի շուրջ, ուղիղ կեսգիշերին, սովորության համաձայն շամպայն կբացեն, կշնորհավորեն գալիք 2025թ.-նն ու կմաղթեն աշխարհին խաղաղություն: Իսկ հետո, ինչպես ընդունված է բոլոր հայկական ընտանիքներում, տան տղամարդը կդժգոհի՝ «էս ուտելու բան չե՞ք բերում, սոված մեռանք»:
Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել