HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենի վարչակազմը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածները. նախագահը չի տվել իր համաձայնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության թիմը նրան ներկայացրել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակման տարբերակները, եթե Թեհրանը միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի մինչև հունվարի 20-ը։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Ջեյք Սալիվանի գլխավորությամբ ազգային անվտանգության թիմի հետ Բայդենի հանդիպումը, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։

Բայդենի որոշ օգնականներ, ներառյալ՝ Սալիվանը, կարծիք են հայտնել, որ Իրանի և նրա պրոքսի ուժերի հակաօդային պաշտպանության և հրթիռային հնարավորությունների թուլացումը կբարձրացնի հաջող հարվածի հավանականությունը և կնվազեցնի վրեժխնդրության ու տարածաշրջանային էսկալացիայի ռիսկը:

Սակայն բուն հանդիպումը, ինչպես նշում է ամերիկացի պաշտոնյան, պայմանավորված չի եղել հետախուզական նոր տվյալներով և կապված է եղել ամերիկյան գործողությունների հետ այն սցենարի պարագայում, եթե Իրանը մինչև Բայդենի պաշտոնավարման ժամկետի ավարտը քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի ուժեղացման ուղղությամբ:

Axios-ի մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ Սպիտակ տանը Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ ակտիվ քննարկումներ չեն ընթանում։ Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ ոչ այս հանդիպման ժամանակ, և ոչ էլ դրանից հետո Բայդենն իր համաձայնությունը չի տվել հարվածների իրականացմանը։

Axios-ը նշում է, որ անցումային շրջանում իրանական միջուկային օբյեկտներին հարվածը «հսկայական արկածախնդրություն» կլիներ նախագահի կողմից, որը մի կողմից խոստացել էր, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, իսկ մյուս կողմից՝ մի նոր հակամարտություն կփոխանցեր նոր վարչակազմին: Պարբերականը հավելում է, որ Ջո Բայդենի նախագահության օրոք Իրանի միջուկային ծրագիրն «էականորեն առաջ է շարժվել»։ 

2023 թվականի դեկտեմբերի վերջին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Իրանն ավելացրել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության տեմպերը (միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ է մինչև 90 տոկոս և ավելի հարստացված ուրան)։ Այդ ժամանակ էլ Ջեյք Սալիվանը նշել էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանին և նրան աջակցող զինված խմբավորումներին հասցված վնասը կարող է Թեհրանին դրդել միջուկային զենք ստեղծել: Axios-ի տվյալներով՝ 2024 թվականի գարնանը Բայդենի վարչակազմը մասնավոր կարգով նախազգուշացում էր ուղարկել Իրանին, որտեղ «լուրջ մտահոգություն» էր հայտնել Թեհրանի կողմից միջուկային հետազոտությունների իրականացման վերաբերյալ: Ընդ որում, Իրանում հերքում են միջուկային զենք ստեղծելու մտադրությունը։ 

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ևս դիտարկում է իրանական օբյեկտներիին պատասխան ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը, որպեսզի խոչընդոտի Իրանի միջուկային ծրագրին։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի թիմն ուսումնասիրել է երկու տարբերակ, որոնցից մեկը ենթադրում էր Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացումը և վերջինիս Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու նպատակով աջակցությունը, իսկ երկրորդը՝ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը, որոնք կարող էին ուղեկցվել ֆինանսական խիստ պատժամիջոցներով: Քննարկումը դեռևս վաղ փուլում է։ 

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter