
Սլովակիայի վարչապետը սպառնում է կրճատել ուկրաինացիներին աջակցությունը
Սլովակիայի իշխող SMER-SD կուսակցությունը պատրաստ է կոալիցիայի կազմում իրականացնել այդ երկրի տարածքում գտնվող ուկրաինացիների համար սուբսիդիաների «էական կրճատման» շուրջ բանակցություններ։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Ֆիցոյի այս հայտարարությունը պատասխանն է Կիևի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը։ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողություններն անվանել է «սաբոտաժ» և հայտարարել, որ նա «միտումնավոր վնասում է» և հարված հասցնում Սլովակիայի և ամբողջ Եվրամիության պետական ֆինանսներին:
Ֆիցոյի գնահատմամբ՝ Զելենսկու գործողությունների հետևանքով Սլովակիան տարեկան 500 միլիոն եվրո կկորցնի տարանցիկ վճարների համար: Ֆիցոն նաև սպառնացել է դադարեցնել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումները։
Հունվարի 7-ին Սլովակիայի կառավարական պատվիրակությունը Բրյուսելում պետք է մասնակցի գազի տարանցման դադարեցման շուրջ բանակցություններին, որից հետո Ֆիցոն նախատեսում է կոալիցիոն խորհուրդ հրավիրել, իսկ հետո կառավարության նիստ, որտեղ կոալիցիոն գործընկերները պետք է քննարկեն Կիևի նկատմամբ գործողությունները:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա, որն իրականացնում էր «Գազպրոմ»-ը, տարանցման պայմանագրի ավարտի պատճառով դադարեցվել էր հունվարի 1-ին Երևանի ժամանակով ժամը 09:00-ին: Մինչ այդ ռուսական գազը մատակարարվում էր միայն Եվրամիության երեք երկրներ՝ Սլովակիա, Ավստրիա և Հունգարիա։
Գազի տարանցման դադարեցման պատճառով, որի մասին Կիևը նախապես զգուշացրել էր, Սլովակիայի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտ էր սկսվել: Դեկտեմբերի 22-ին Ֆիցոն ժամանել էր Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս այցն անվանել էր «կամ պետական շահերի առևտուր, կամ սեփական գրպանին ուղղված աշխատանք»:
Ավելի ուշ Ֆիցոն սպառնացել էր դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա, իսկ Զելենսկին նրան մեղադրել էր «Սլովակիայի շահերի հաշվին Ուկրաինայի դեմ երկրորդ էներգետիկ ճակատ բացելու» մտադրության մեջ։
Լուսանկարը՝ Bratislavská župa/Վիքիպահեստ
Մեկնաբանել