![](/static/articles/17/18/95/l-LdGshjFHL2.jpg)
ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանը Ռուսաստանին համոզել է չկիրառել միջուկային զենք
ԱՄՆ-ն «խիստ մտահոգված է» ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ։ Այդ մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանություններին թվում էր, թե Վլադիմիր Պուտինն առնվազն դիտարկում է միջուկային զենք կիրառելու տարբերակը։ «Նույնիսկ եթե հավանականությունը 5%-ից հասել է 15%-ի, դա շատ լուրջ է»,- ասել էր Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով լուրջ էին Վաշինգտոնում վերաբերվում Պուտինի սպառնալիքները։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման հարցն այն քչերից էր, որտեղ Չինաստանը, հավանաբար, օգնել է ԱՄՆ-ին` չնայած այն բանին, որ Պեկինն աջակցում է Մոսկվային։
Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը «հիմքեր ունի ենթադրելու», որ Չինաստանի իշխանությունները կապ են հաստատել ռուսական կողմի հետ և զգուշացրել նրանց զերծ մնալ միջուկային զենքի կիրառումից:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրեց տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ծրագրերի մասին: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ Չինաստանը կապ է հաստատել Ռուսաստանի հետ և ասել. «մի արեք դա»»,- ընդգծել է Էնթոնի Բլինքենը։
Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Կրեմլը Ուկրաինային և Արևմուտքին բազմիցս սպառնացել է միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ։
2024 թվականի սկզբին ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվեցին մի քանի հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները 2022 թվականի վերջին քննարկել են Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Մասնավորապես, այդ մասին հայտնել էր CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան իր աղբյուրներին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ այն բանից հետո, երբ արևմտյան հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել նախապատրաստվող հարվածի մասին, ԱՄՆ-ն կապ է հաստատել դաշնակիցների հետ, նախազգուշացրել Ռուսաստանին ու փորձել այս հարցով ստանալ Չինաստանի և Հնդկաստանի աջակցությունը, որպեսզի նրանք Մոսկվային համոզեն հրաժարվել այդ հարձակումից։
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Լուսանկարը՝ AFP գործակալության
Մեկնաբանել