HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Քաղցկեղ է առաջացնում». ԱՄՆ գլխավոր վիրաբույժը կոչ է անում մարդկանց զգուշացնել ալկոհոլի քաղցկեղածին հետևանքների մասին

ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Վիվեք Մյորթին կոչ է անում հաշվի առնել նոր հետազոտությունների արդյունքները, որոնք ալկոհոլի օգտագործումը կապում են քաղցկեղի յոթ տեսակի առաջացման հետ: Ինչպես գրում է BBC-ն, Մյորթիի կարծիքով՝ ծխախոտի տուփերի նման ալկոհոլի շշերի պիտակների վրա պետք է լինի նախազգուշացում այն մասին, որ ալկոհոլը քաղցկեղ է առաջացնում։ 

Ամերիկացի այս պաշտոնյան, որն առողջապահական համակարգի հիմնական պատասխանատուներից մեկն է, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է՝ ամերիկացիների մեծամասնությունը տեղյակ չէ այն ռիսկերի մասին, որ ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է քաղցկեղի առաջացման։ Նրա խոսքով՝ դրա հետևանքով տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 100,000 և միայն ԱՄՆ-ում քաղցկեղից մահվան շուրջ 20,000 դեպք։ Նրա խոսքով՝ տարեկան ևս մոտ 13,500 մարդ էլ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով մահանում է ճանապարհային պատահարների ժամանակ։

Մյորթիի պնդմամբ՝ ալկոհոլը, ծխախոտից և ճարպակալումից հետո, քաղցկեղի առաջացման երրորդ ամենատարածված կանխարգելելի պատճառն է:

«Ալկոհոլի օգտագործման և քաղցկեղի առաջացման ռիսկի միջև ուղղակի կապը հաստատված է քաղցկեղի առնվազն յոթ տեսակի համար, ընդ որում` անկախ ալկոհոլի տեսակից»,- ընդգծել է ԱՄՆ գլխավոր վիրաբույժը։

Մյորթիի հայտարարության մեջ նշվում են կրծքագեղձի (կանանց մոտ), կոկորդի, լյարդի, կերակրափողի, բերանի, մակկոկորդի և հաստ աղիքի քաղցկեղները:

Նա կոչ է արել ոչ միայն փոխել պիտակները, այլև վերանայել ալկոհոլի կիրառման նորմերը ու բարձրացնել բնակչության շրջանում իրազեկման մակարդակը: Բուժաշխատողներին էլ խորհուրդ է տվել խրախուսել մարդկանց շրջանում ալկոհոլիզմի ստուգումներ անցնելու պրակտիկան և բուժման ուղարկել բոլոր նրանց, ում դա անհրաժեշտ է։ 

Միացյալ Նահանգներում ներկայում ալկոհոլային խմիչքների շշերի վրա նշվում է, որ ալկոհոլը վտանգավոր է հղի կանանց, վարորդների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են մեքենայական սարքավորումներով:

Մյորթիի այս հայտարարությունից հետո ալկոհոլային խմիչքներ արտադրող ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերն ընկել են 4%-ով։

Լուսանկարը՝ bhoperehab.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter