
Թրյուդոն կարող է հեռանալ Կանադայի իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մոտակա շրջանում կարող է հայտարարել իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հայտնել է Globe and Mail թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա տեղի կունենա մինչև հունվարի 8-ը, երբ կկայանա կուսակցության ակտիվի ժողովը կուսակցական ղեկավարության հետ։
«Պարոն Թրյուդոն արդեն երկուշաբթի օրը կարող է հայտարարել կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարականի մասին»,- պարբերականին հայտնել են միանգամից երեք զրուցակիցները։ Լիբերալ կուսակցության գործադիր կոմիտեի հավաքը, որի իրավասության ներքո է կուսակցության առաջնորդի մասին որոշման ընդունումը, նշանակված է այս շաբաթ։ «Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նա (Ջասթին Թրյուդոն՝ խմբ.) կհեռանա անմիջապես, թե վարչապետի պաշտոնում կմնա մինչև նոր առաջնորդի ընտրությունը»,- շարունակել են պարբերականի զրուցակիցները։
Ավելի վաղ CBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Լիբերալ կուսակցության ավելի քան 50 պատգամավոր կողմ էր արտահայտվել կուսակցության ղեկավարի փոփոխությանը, սակայն միայն 21-ն էր իր կարծիքը հայտնել հրապարակայնորեն: Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը ևս վարչապետին կոչ էր արել հրաժարական տալ։
Կանադայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդի հեռանալուց հետո։ Նա համաձայն չէր Թրյուդոյի արտաքին տնտեսական կուրսի հետ։
Լուսանկարը՝ Carlos Osorio/Reuters
Մեկնաբանել