![](/static/articles/17/19/17/l-99s2V3LL6E.jpg)
Սիրիան քրդերից պահանջում է ցած դնել զենքերը
Սիրիայի նոր իշխանությունները երկրի հյուսիսում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության զինյալներից պահանջել են անհապաղ վայր դնել զենքերը: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը։
Վերջինիս տվյալներով՝ Դամասկոսի նոր իշխանությունների և Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել: Այդ ժամանակ Քրդական բանվորական կուսակցությունից և դրա սիրիական ճյուղից՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից», սիրիական իշխանությունները պահանջել են անհապաղ վայր դնել զենքերը՝ առաջարկելով միանալ կանոնավոր բանակին։
«Նոր իշխանությունները նույնիսկ չքննարկեցին այդ հարցը՝ Քրդական բանվորական կուսակցությունից պահանջելով վայր դնել զենքերը»,- գրում է թերթի վերլուծաբան Աբդելքադիր Սելվին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 4-ին հայտարարել էր, որ Քրդական բանվորական կուսակցությանն այլ ընտրություն չի մնացել, քան վայր դնել զենքերը: Նրա խոսքով՝ «կամ քուրդ զինյալները զենքերը կթաղեն հողի մեջ,կամ էլ կթաղվեն դրանց հետ միասին»։ «Երրորդ ճանապարհ գոյություն չունի»,- հավելել էր Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության միջև հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից։ Թուրքական իշխանությունները քրդական այս կուսակցությանը համարում են Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք և պարբերաբար PKK-ի դեմ ռազմական գործողություններ իրականացնում Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տարածքներում։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ուժերի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է ավելի քան 3000 քուրդ զինյալ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել