HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոսֆերատուի երրորդ գալուստը

Զավեն Բոյաջյան

Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում դոն Կոռլեոնեի դերակատարման առաջացրած էյֆորիկ փոթորկին ի պատասխան Մարլոն Բրանդոն, որն այստեղ մարմնավորել է իր ամենատպավորիչ կերպարներից մեկը, սթափ մարդու իրատեսությամբ ու ինքնահեգնանքով նկատել է, թե ավելի շատ գրիմն է խաղացել իր դերը, քան ինքը: 

Սուրբ ծնունդին էկրան ելած «Նոսֆերատու»-ի նոր տարբերակում գլխավոր հերոսի կերպարանագծման մեջ հենց գրիմին էլ ապավինել են, բայց առանց իրատեսության ու ինքնահեգնանքի: Շվեդ դերասան Բիլ Սքարսքորդը, որի ազգանունն ամերիկացիները Սքարսգարդ են արտասանում, բառացիորեն անհետացել է գրականության և կինոյի վամպիրապետի՝ Դրակուլայի կերպարանքի տակ (Բրամ Սթոքերի միջակ, բայց լեգենդար վեպի արյունախում կոմսն այստեղ վերանվանվել է Օռլոք կամ Նոսֆերատու, քանի որ, ինչպես հայտնի է կինոյի պատմությունից, անցյալ դարի 20-ականների սկզբին  գերմանացի կինոդասական Ֆրիդրիխ Մուռնաուին այդպես էլ չհաջողվեց ստանալ Սթոքերի այրու համաձայնությունը վեպի էկրանավորման համար, և նա ստիպված էր դիմել վայրերի ու կերպարների անվանափոխման, իսկ նոր «Նոսֆերատուն» հնի ռիմեյքն է 1979-ին մի ուրիշ ականավոր գերմանացու՝ Վեռներ Հերցոգի իրականացրած ևս մի ռիմեյքից հետո, որի հետքերը նույնպես շատ ակնհառու են նոր տարբերակում): Բնութագրական գրիմի կիլոգրամների տակ անթեղված Սքարսգորդից թերևս միայն աչքերն են մնացել: Իսկ քանի որ Դրակուլայի կերպարի ստեղծման  պատմական նախատիպը համարվում է XV դարում  Վալախիայի իշխան Վլադ Ցեպեշը, ռեժիսոր և  սցենարիստ Ռոբերտ Էգերսը տիպիկ հոլիվուդյան ուղղագիծ մոտեցմամբ Օռլոքին օժտել է հենց Վլադ Ցեպեշին բնորոշ արտաքին ատրիբուտիկայով: Եվ այսպես դիվային արարածը դժնատես, սրաքիթ, բեղավոր ու յափնջավոր կազակի կերպարանք է ստացել (սա, ի դեպ, մատուցվում է իբրև մեծ նորամուծություն), իսկ կենդանի մեռելի նրա բնույթը՝ բազմաթիվ սարսափի ֆիլմերում գերեզմանից հառնող զոմբիի արտաքին նկարագիր: 

Դրակուլայի ոդիսականի մեջ, որը կինոդիցաբանության շրջիկ սյուժեներից է, բազում մշակութաբանական շերտեր են երևան հանվել (հենց միայն Կոպոլայի հանրահայտ էկրանացումը կարելի է այդ շերտերի հանրագիտարան կոչել), նա վերածվել է նույնիսկ հավիտենական մենության ու դատապարտվածության լուսապսակով եզերված ողբերգական հերոսի: Էգերսի ֆիլմում այդ ամենից համարյա նշույլ չկա ինչպես Օռլոքն է արտաքուստ  նմանեցվել Վլադ Ցեպեշին, նույն ոգով էլ նրա ամբողջ էությունն է հանգել դժոխային սիրեցյալի ամպլուային: Եվ ընդհանրապես նա ավելի շատ սիմվոլ է, քան կերպար՝ այն աստիճանի, որ նույնիսկ կարևոր չէ, թե ով կպատկերեր այս հերոսին՝ անճանաչելիորեն փոխակերպված: Ինչ խոսք, Նոսֆերատուն մնացել է որպես այնկողմնային, իռացիոնալ, սպառնալի թե աղետաբեր չարիքի մարմնացում կամ թեկուզ մարդու ենթագիտակցության մթին գաղտնարաններում ապրող չարի անձնավորում, բայց, ներեցեք, սա բնավ էլ ոչ գյուտ է, ոչ հայտնություն, և այս ծեծված աքսիոմն ավելորդ անգամ վերահաստատելու համար 50 միլիոն ծախսելով ռիմե՞յք է կյանքի կոչվել: Անկեղծ ասած, ես չհասկացա առանց նոր ասելիքի կամ մեկնակերպի «Նոսֆերատու»-ի երրորդ գալուստն իրագործելու ձգտումը, որի մասին Էգերսը սկսել է խոսել դեռ 2015-ից: Այն ամենը, ինչ նա ներկայացնում է Դրակուլայի պատմությամբ, այլ ռեժիսորներ արդեն քանիցս արել են, ընդ որում՝ շատ ավելի բովանդակալից ու բազմապլան ֆիլմերով հենց միայն Կոպոլայի արդեն հիշատակված էկրանացումն ավելի քան պերճախոս վկայություն է: 

Ինչևէ, մնում է ենթադրել, որ միստիկ աղջամուղջի երգիչ Էգերսն այսքան տարի տարված է եղել քրեստոմատիական պատմությունն ուղղակի յուրովի հրամցնելու մտադրությամբ, ասել կուզի՝ իր մյուս ֆիլմերից հայտնի «ֆիրմային» ոճով: Ըստ երևույթին՝ նա համարել է, թե այդ հիպերբոլիկ, սրտամաշ, ցնորատեսական/հոգեգարական և միշտ նկարուն ու ջանադիր ոճը լիովին կփոխհատուցի կամ կչեզոքացնի ավանդական պատումի ծեծվածությունը, ուստի և ինքնին ռիմեյքի արդարացված հիմնավորում է: Ամեն դեպքում հանուն նախորդ տարբերակները ստվերելու կոչված փառասիրական ձեռնարկման Էգերսը ջանք չի խնայել իրեն առավելագույնս դրսևորելու համար նոր «Նոսֆերատուն» մթնշաղային ռոմանտիկ էսթետիզմի շքահանդես է, և այստեղ ամենից շատ շեշտադրված է արտահայտիչ պատկերաշարը, գոթական հեքիաթի չարագուշակ, անրջալի, ահազդու, մահատեսիլ մթնոլորտը: Անհնար է պատշաճը չհատուցել և՛ Էգերսին, և՛ նրա ֆիլմերի մշտական օպերատոր Ջարին Բլաշքեին, և՛ նկարիչ Քրեյգ Լեթրոփին: Միայն թե Կասպար Դավիդ Ֆրիդրիխից, Վերմեերից, բարոկկոյից ներշնչված նկարագեղ պատկերային համակարգի տեսողական կատարելության տակ տորիչելյան դատարկություն է, որտեղ փչում է ունայնության քամին: Այդ կատարելությունը, որքան էլ հիպնոտիկ գեղեցկությամբ օժտված, որքան էլ ակնահաճո կամ խռովալի, անկարող է կոծկել մտքի պարապը: Ի լրումն՝ սյուժեն հանգչող կրակի պես հազիվ է մարմրում, պաթետիկ երաժշտության գերածախսը ավելի շատ ավանդականորեն հնաոճ է, քան հիրավի հուզական երանգ է բերում պատկերին, սարսափի ֆիլմ է, բայց իսկապես ահ ու սարսափի մատնող համարյա բան չկա, տաղտուկն է գիշերահավի պես մերթընդմերթ թևերը փռում, Նոսֆերատուին վերագրված ձայնային ներգործությունն իր զոհերի վրա հեքիաթային պարզամտության է նման: Փաստորեն, նրա մոգական, թովիչ զորությունը կամ չարի հմայքը հանգեցվել է ավելի շատ ձայնին: Իսկ Օռլոքն ինքը իսպառ զուրկ է թովչանքից, էրոտիկ բաղձալիության մասին խոսելը՝ աբսուրդ (զոմբիները sexy չեն լինում): Զարմանալի չէ, որ նման Դրակուլայի պարագայում նրա հեռավար ազդեցության մղձավանից տապակվող Էլենը՝ ֆիլմի հերոսուհին, առավելապես նման է դիվահարի կամ ընկնավորի և կլինիկական դեպք է հիշեցնում: Էլենի դերակատարուհի Լիլի-Ռոզ Դեփը նմանակում է Իզաբել Աջանիին՝ Ժուլավսկու «Դիվահարություն»  և Լինդա Բլերին՝ Ֆրիդքինի «Դիվահալածը» հռչակավոր ֆիլմերից (միգուցե Էգերսը մտադրվել է մի գնդակով երկու-երեք նապաստակ որսալ): Պարզապես քանի որ Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի սիրասուն դուստրը լուսատարիներով հեռու է ֆենոմենալ Աջանիի պայթուցիկ ուժից և նույնիսկ չի կարող չափվել Լինդա Բլերի հետ, ստիպված է դիմել գերխաղի՝ խեղդվելով կեղծ դրամատիզմի ու պաթետիկայի պղտոր ջրերում: Բայց նույնիսկ իրոք դրամատիկ տեսարաններում խեղճ Լիլի-Ռոզի ապակե, դատարկ աչքերը ոչինչ չեն ասում, իսկ ամենից հաճախ դեմքին ցավի ու մորմոքի սառած հայացք է, միօրինակ դիմակ: 

Մյուս դերակատարներն առհասարակ հիշարժան չեն, զուտ մարիոնետային թե անտուրաժային գործառույթ ունեն, բացառությամբ Նիքոլաս Հոուլթի, որն առանձնանում է ոչ միայն Թոմաս Հաթերի՝ Էլենի ամուսնու դերակատարմամբ, այլև միակ կերպարն է, որ զարգացում է ապրում՝ որոշակի ուղի անցնում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Նույնիսկ Էգերսի սիրելի դերասանը՝ Ուիլեմ Դեֆոն, չի արդարացնում սպասելիքները որպես խոշոր կինոդեմք և գլխավոր վամպիրագետ՝ պրոֆեսոր Ալբին Էբերհարթ ֆոն Ֆրանց: Նրա կերպարն ավելի շատ կոմիքսային բնույթ ունի, ի դեպ, ինչպես և օպերային Նոսֆերատուն: Մինչդեռ ժամանակին Դեֆոյի խաղն ուղղակի վայելք էր Էդմունդ Էլիաս Մերիջի «Վամպիրի ստվերը» ֆիլմում (2000), որտեղ նա հանդես էր գալիս Մուռնաուի տարբերակում Նոսֆերատու խաղացած լեգենդար Մաքս Շրեքի դերում:

Հակառակ այս ամենին՝ Էգերսի «Նոսսֆերատուն» արդեն կարող է լիարժեք դրամարկղային հիթ կոչվել՝ ավելի քան 100 միլիոն դոլար բերելով և իհարկե, Էգերսի ամենաշահութաբեր ֆիլմը դառնալով: Նման ցուցանիշից հետո, իհարկե, այն հարցը, թե ինչու է այս ռիմեյքն ասպարեզ հանվել, հոլիվուդյան չափանիշներով անիմաստ է  կամ էլ զուտ կինոքննադատներին հուզող սխոլաստիկական հարցադրում: Իսկ նրանց, ում լիովին գոհացնում է ոճավորված պատկերների գեղադիտակային հոսքը մերօրյա տեսահոլովակային գեղագիտության խաղի կանոններով, այդ կարգի հարցեր չեն էլ հետաքրքրում: 

Գլխավոր լուսանկարում՝ Զավեն Բոյաջյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter