HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Բարդ գործարք էր». ինչու՞ է Team-ը ձեռք բերել իռլանդական Imagine-ը

2024 թվականի դեկտեմբերի կեսին հայկական Թիմ ընկերությունների խումբը (Team) հայտարարեց Իռլանդիայի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերման մասին։ Imagine-ը ֆիքսված ձայնային կապի և անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։

Գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հարցերին պատասխանել է Imagine-ի նորանշանակ գործադիր տնօրեն Նայլ Թալլոնը։ 

Ինչպե՞ս Team ընկերությունների խմբին հաջողվեց ձեռք բերել Imagine-ը։ Կանադական Brookfield Corporation-ը, որը Imagine-ի մեծամասնության սեփականատերն էր և կպահպանի բիզնեսի փոքրամասնությունը, հեշտությա՞մբ է համաձայնել գործարքին։

Գործարքի վրա աշխատել ենք ավելի քան մեկ տարի: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ ուղարկեցին հեռահաղորդակցության ընկերության ֆինանսական տնօրենի հաստիքի նկարագիրը, վերջինս պետք է օգներ իրականացնել ընկերության վաճառքը: Ես կապվեցի վաղեմի ընկերոջս՝ Ալեքսանդր Եսայանի (Team Telecom Armenia-ի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը,- հեղ.) հետ, որին չէի հանդիպել 12 կամ 15 տարի։ Միասին մենք իրականացրել էինք մի շարք նախագծեր, երբ նա ստեղծում էր Ucom-ը, իսկ ես աշխատում էի Ericsson-ում։

Այսպես, Ալեքսանդրի և նրա կապերի միջոցով սկսեցինք բանակցություններ Brookfield-ի հետ, սկսեցինք քննարկել, վերլուծել ու մշակել բոլորի համար շահավետ գործարք։

Որքա՞ն է արժեցել գործարքը։ 

Գործարքի գումարը հրապարակման ենթակա չէ, սակայն Pilotfish advisory-ի, Team Group-ի և Brookfield-ի թիմերը կատարել են զգալի ներդրումներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ փորձագիտական առումով։ Սա նոր և հետաքրքիր սկիզբ է Imagine Communications Group-ի համար։ Այժմ կարող ենք վերաիմաստավորել Imagine-ը։

Իռլանդական independent.ie-ը հաղորդում է, որ գործարքին աջակցել է հոլանդական ING բանկը։ Ի՞նչ աջակցության մասին է խոսքը՝ վարկավորմա՞ն, թե՞ այլ։

Կարող եմ ասել, որ սա բարդ գործարք էր, որը ներառում էր բոլոր կողմերին, և այն պետք է լիներ փոխշահավետ։ Ձեռք բերված ընկերությունն այժմ գտնվում է շատ ավելի լավ ֆինանսական վիճակում, քանի որ հաշվեկշռում այլևս չկան երկարաժամկետ պարտքեր։ Առանց Brookfield-ի և բանկերի աջակցության այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել։

Ըստ նույն պարբերականի՝ 2023 թվականին Imagine-ը մոտ 50 մլն եվրոյի վնաս է կրել։ Բացի այդ, խումբը 2023 թվականի վերջում ունեցել է մոտ 27 միլիոն եվրո բանկային պարտք: Ի՞նչն է «ստիպել» Team խմբին ձեռք բերել վնասով աշխատող ընկերություն։ 

Իմ կարծիքով Team ընկերությունների խումբը, մասնավորապես՝ Ալեքսանդրը և Հայկը, շատ խելացի են այս ոլորտում։ Ես նույնպես փորձառու եմ տելեկոմ ոլորտում։ Ակնհայտ է, որ գործարքի իրականացման համար մենք պետք է տեսնենք արժեք, և այն պետք է շահավետ լինի բոլոր կողմերի համար։ Կարծում եմ՝ մենք նաև շուկայում ենք տեսնում իրական հնարավորություններ։ Իհարկե, դա անսովոր է այսքան զարգացած շուկայում, սակայն մենք ունենք հստակ ռազմավարություն և նկատում ենք հաջողության հասնելու իրական հեռանկարներ։

Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերումը ինչպե՞ս կանդրադառնա իռլանդական և հայկական հեռահաղորդակցության շուկաների վրա։

Նախևառաջ, հրաշալի է, որ հայկական ընկերությունը գնել է եվրոպական ընկերություն։ Մենք նաև նմանություններ ենք տեսնում մեր երկրների պատմությունների, արժեքների և, իհարկե, մեր ազգերի ու ժողովուրդների հպարտության միջև։

Team ընկերությունների խումբը շատ հավակնոտ է, և վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի թիմերի փորձն ու կարողությունները միասին կնպաստեն երկու շուկաներում ընկերությունների զարգացմանն ու առաջընթացին։ Անհամբեր ենք տեսնելու, թե ուր կտանի մեզ այս հնարավորությունը։ Սա դեռ սկիզբն է։

Ունե՞ք հայկական շուկայի հետ աշխատանքի փորձ, ի՞նչ խնդիրներ և հեռանկարներ կնշեք։

Այո, Հայաստանում իրականացրել եմ 3 կամ 4 նախագիծ Ալեքսանդրի ու Հայկի հետ։ Շատ բան է փոխվել այդ ժամանակներից ի վեր։ Նախորդ շաբաթ Երևանում էի և տեսանելի էր, թե ինչքան է տնտեսությունը զարգացել, և ինչքան է Team ընկերությունների խումբն աճել։ Հայաստանի տելեկոմ շուկայի հիմնական մարտահրավերը, իհարկե, մեկ բաժանորդից ստացվող միջին եկամտի (ARPU) ցածր մակարդակն է։ Իռլանդիայի դեպքում բարձր մրցակցային շուկան է։ Հուսով եմ՝ մեր համատեղ փորձը կնպաստի երկու խմբերի զարգացմանը և կուժեղացնի մեր մրցակցային դիրքերը յուրաքանչյուր երկրում։

Ի՞նչ տեսակարար կշիռ ունի Imagine-ը Իռլանդական հեռահաղորդակցության շուկայում այսօր և ի՞նչ կշիռ է ունեցել հինգ տարի առաջ։

Imagine-ը Իռլանդիայի լայնաշերտ ինտերնետի շուկայում արդեն 26 տարվա փորձ ունի: Այս տասնամյակների ընթացքում ընկերությունը տարբեր մասնաբաժիններ է ունեցել շուկայում, իսկ այս նշանակալի գործարքով ամրապնդում ենք մեր դիրքերը՝ հստակ հեռանկար ու նպատակ ունենալով ոլորտում ծավալել առավել ծանրակշիռ գործունեություն:

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին են տրամադրել Թիմ ընկերությունների խմբից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter