HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ալիևը սպառնում է և մեղադրանքներ հնչեցնում, Փաշինյանը՝ երկխոսություն առաջարկում

Երեկ՝ հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին և նոր պահանջներ ներկայացրել։ Ալիևն ասել էր, որ ժամանակակից հայկական պետությունը «ֆաշիստական» պետություն է։

«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանը պետք է իր մեջ այն ոչնչացնի, կա՛մ մենք այն կոչնչացնենք։ Մենք ուրիշ ելք չունենք։ Հայաստանի առաջին երեք ղեկավարները եղել են ֆաշիստական գաղափարախոսության կրողներ»,- ասել էր Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև խոսել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և բացվելու է։ «Ադրբեջանը Նախիջևանի հետ հաղորդակցության համար չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շրջանցող ճանապարհներ։ Հայկական կողմը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը, չարժե բարկացնել մեզ։ Նրանք պետք է հասկանան, որ այստեղ տերը մենք ենք»,- հայտարարել էր նա։

Անդրադառնալով Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելուն՝ Ալիևն ասել էր, որ Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինումը։ Իսկ Ֆրանսիային և մյուս երկրներին, որոնք Հայաստանին զենք են վաճառել, հորդորել է չեղարկել պայամանագրերը և ուղարկված զենքերը հետ վերցնել։

«Դա մեր պայմանն է։ Ով ինչպես ուզում է թող ընդունի այն։ Ես իմ խոսքն ասացի»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այսօր Ալիևի հայտարարություններին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Արմենպրեսին» տված գրավոր հարցազրույցով։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն անում է ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, որ Հայաստանը նույնպես ագրեսիվ պատասխաններ կտա, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները, և տարածաշրջանում նոր էսկալացիայի ձևավորման «հիմնավորում» կստեղծվի:

«Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինայնի գնահատմամբ՝ նույն տրամաբանությամբ են արվել նաև Հայաստանի՝ «ֆաշիստական» պետություն լինելու մասին պնդումները։ Այս պարագայում վարչապետն առաջարկում է ընդունել այն փաստը, որ Ադրբեջանում նման կարծիք կա, և փորձել հասկանալ դրա պատճառը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարություններին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի օրակարգում միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, և Հայաստանը պատրաստվում է այն իրագործել։

««Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հարցազրույցում պատասխանել է նաև զենք ձեռք բերելու մասին Ալիևի հայտարարություններին։ Նա նշել է, որ Հայաստանը ճանաչում է իր հարևանների տարածքային ամբողջականությունը, նրանցից որևէ տարածքային պահանջ չունի, իսկ ՀՀ տարածքից օկուպացված ավելի քան 200 քմ տարածքը ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակներ չունի։

«Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է վարչապետը:

Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների արդեն երկրորդ հեռակա բանավեճն է։ Ըստ էության, այս ֆորմատը սկսել է փոխարինել երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ բանակցություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter