HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվար-հուլիս ամիսներին գնաճը կազմել է 2.2 տոկոս. այս տարվա առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում 2012 թվականի առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նախարարի ելույթը` ստորև. 

Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ամփոփել է հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Պետք է ասել, որ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշների արդեն իսկ ճշգրտված գնահատականները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները բավականաչափ հուսադրող են։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիսը 2011 թվականի հունվար-հուլիսի նկատմամբ 7.8 տոկոս է տնտեսական ակտիվության գնահատականը, սակայն առավել ուրախալի է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 113 է, այսինքն` 13 տոկոսով է աճը, գյուղատնտեսությունը` 8.1 տոկոսով։

Դեռևս ցածր է շինարարությունը, սակայն մենք ունենք մեկ ուրախալի զարգացում, որ շինարարության մեջ արդեն իսկ սկսել է բնակչության միջոցների հաշվին շինարարության աճ տեղի ունենալ, և համապատասխանաբար ծառայությունների ծավալը ևս 12 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է։ Եթե դա համադրենք տնտեսական աճի տրամաբանությանը, ապա մեր գնահատականներով, 6-6.5 տոկոսը տնտեսական աճի ցուցանիշն է։ Իհարկե, ճշգրտումներ հնարավոր են, որովհետև սա ֆինանսների նախարարության գնահատականներն են և ոչ թե Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ցուցանիշները։

Հատկապես կարևոր էր, որ արդյունաբերության ոլորտում ունենք աճ, և էական աճ  է նկատվել նաև բուսաբուծության ոլորտում, և մյուս զարգացումը բնակչության հաշվին շինարարության աճն էր, որ վերջին տարիներին նվազման միտում ուներ։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն հունվար-հուլիս ամիսներին կազմել է 2.2 տոկոս, և եթե միայն հուլիսին ունենք 1.5 տոկոսանոց գնանկում։ Որպես կանոն, գնանկումը միշտ լինում է հուլիս-օգոստոս ամիսներին` 2-3 տոկոսի սահմաններում։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիս ամիսներին մնացած տարիների համեմատ բավականաչափ ցածր ցուցանիշ է արձանագրվել։

Մենք կարող ենք վստահորեն ամրագրել, որ այս տարվա գնաճի ցուցանիշն ամբողջովին հասանելի է և կլինի, եթե ոչ սահմանված թիրախից ներքև գտնվող սահմանագծում, ապա հաստատ թիրախին շատ մոտ։ Եթե 4 տոկոսանոց թիրախին պլյուս մինուս 1.5 տոկոս ունենք, ապա մեր գնահատականներով` այս պահի դրությամբ զարգացումները տանում են 4-ից փոքր-ինչ ներքև տարեկան գնաճային ձևավորմանը, եթե հատկապես միջազգային շուկաներում այլ զարգացումներ չլինեն։ Ինչ վերաբերում է բյուջետային գնահատականներին, ապա հուլիս ամսվա համար հարկերը և սոցվճարները նախատեսված էին 79.5 մլրդ դրամի չափով, հավաքվել է 80.5 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին յոթ ամիսներին պետական բյուջեի եկամուտները 489.6 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա համար ծրագրավորված 638.2 մլրդ դրամի 76.7 տոկոսը։ Հարկային եկամուտները և պետական տուրքը 475 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա ծրագրի 75.9 տոկոսը։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք կազմել են 503.9 մլրդ դրամ, ինչը կազմում է 9 ամսվա համար ծրագրված 689 մլրդ դրամի 73.1 տոկոսը։ Ես համադրում եմ 3-ամսյա և 9-ամսյա ցուցանիշները, որովհետև մեր պլանավորումն ամսական չէ, այլ ծախսերի և եկամուտների տեսանկյունից եռամսյակներով է։ Բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տեմպը բարվոք է, և մենք ավելի քան վստահ ենք տնտեսական աճի շարունակականության և եկամուտների հավաքագրման վրա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter