Ճանապարհաշինարարների և ստուգող լաբորատորիաների հարցով ՏԿԵՆ-ը դիմել է Դատախազություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվի և իրավական գնահատական տրվի Հայաստանում իրականացված անորակ ասֆալտապատումների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերին։ Այս մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախորդ տարի «Հետքն» իր ուսումնասիրությամբ բացահայտել էր ճանապարհների որակի լաբորատոր ստուգումներ կատարողների և ճանապարհաշինարարների կապը, լաբորատորիաների հավատարմագրված չլինելու փաստը։
ՏԿԵ նախարարությունում մտահոգված են ճանապարհաշինարարների և լաբորատորիաների կապերով և Դատախազություն դիմելով՝ ակնկալում են, որ հենց այդ կապերը կդառնան ուսումնասիրության առարկա։
«Ցանկացած կապ, եթե դա հիմնավորված է, ինձ համար մտահոգիչ է։ Մեկ կապը, նույնիսկ, անընդունելի է ինձ համար։ Այն սխեման, որը ներկայացվել է, այդ սխեման մանրամասն․․․ նաև մեր գործընկերներն են այդ սխեմայից տեղյակ։ Առաջիկայում, նաև մեր գրությամբ, իրավական գնահատական կտրվի՝ կա՞ արդյոք այդպիսի սխեմա, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ կա, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հետագայում նման կապը կապալառուների, տեխնիկական հսկողների, նաև նախագծողների միջև բացառելու ուղղությամբ։ Չնայած այս ամբողջ ընթացքում փորձել ենք բացառել»,- հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիդ Խուդաթյանը։ Ճանապարհաշինության մեջ ի հայտ եկած խնդիրները նախարարը կապեց ճանապարհաշինության ծավալի կտրուկ աճով, միևնույն ժամանակ նախարարության դերը արձանագրեց՝ նման բացեր չպետք է թույլ տրվեն։
«Մեզ համար ցանկացած ծավալի անորակ աշխատանքն անընդունելի է, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք մեծ ծավալների հետ։ Եթե 500 կմ ճանապարհ ենք կառուցում ամեն տարի, բացառապես պետական միջոցներով, ևս 200 կմ ճանապարհ էլ կառուցել ենք սուբվենցիոն ծրագրերի արդյունքում․․․ 700 կմ կառուցված ճանապարհի մեջ որոշակի թերություններ, անորակ աշխատանքներ կլինեն։ Սա օրինաչափ է, բայց ոչ ընդունելի։ Պլանավորում ենք շահագործման հանձնել ամբողջապես լավ վիճակով ճանապարհներ»,- հայտարարեց նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ճանապարհային դեպարտամենտի հետ ունեցած քննարկումների արդյունքներով նախարարը տեղեկացրեց, որ որոշել են 2025 թ․-ից փոխել լաբորատոր ստուգումների առկա մոտեցումները։ Պետության և Ճանապարհային դեպարտամենտի կողմից պատվիրված ճանապարհների նորոգման աշխատանքներից հետո ճանապարհները կընդունվեն բացառապես Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի դրական եզրակացությունն ունենալու պարագայում։ «Ճանապարհային դեպարտամենտի կարողություններն ավելացնելու անհրաժեշտություն կա, և ընթացիկ տարվա ընթացքում այս ուղղությամբ աշխատելու ենք»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։
Մեկնաբանել