HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը դրական է արտահայտվել «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ

Կառավարությունը առաջարկություններ և դրական դիրքորոշում է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես Կառավարության 2025 թ. հունվարի 9-ի նիստում նշել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրինագիծը Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով: «Այժմ Կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից: Նախ՝ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն և նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի շուրջ ապահովմանը, նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Տեղյակ ենք, որ ակնհայտորեն ԵՄ-ն և անդամ երկրներն ունեն շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ, ազատ մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ, զարգացած գիտություն: Նաև Դուք՝ պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն կիրառվել են կամ քննարկվում եմ մեր և ԵՄ-ի միջև: Օրինակ՝ գործընկերության նոր օրակարգը և այլն: Եվ ահա, ելնելով այս հանգամանքներից, մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել, իհարկե, նաև որոշ առաջարկներ ունենք՝ առավելապես իրավական տեխնիկայի առումով: Առաջարկում ենք, օրինակ՝ համարակալել դրույթները, ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել և այլն: Եվ ըստ բովանդակության, որը բովանդակային կամ գուցե նաև ինչ-որ առումով խմբագրական կարելի է համարել, առաջարկում ենք «հռչակում է» բառը փոխարինել «հայտարարում է» բառով»,- ասել է նախարարը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «2023 թվականի աշնանը ես Եվրոպական խորհրդարանում ելույթ եմ ունեցել, որի հիմնական ուղերձը եղել է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ելույթին արձագանքն աննախադեպ էր: Այդ ելույթից հետո 2024 թվականի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն եռակողմ հանդիպում: Ըստ վարչապետի՝ դա աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր, և այս արձագանքների ֆոնին քաղաքացիական նախաձեռնություն է ձևավորվել և Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված կարգով 50 000 ստորագրություն հավաքելով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ սա առաջին օրենսդրական նախաձեռնությունն է, որը ծագումնաբանության այսպիսի պատմություն ունի և ընդգծել, որ դե յուրե Կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ, որ Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը: «Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը բառիս հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ Կառավարության որոշման մակարդակով: Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով: Ուրիշ տարբերակ չկա»,- ասել է վարչապետը և հավելել. «Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական որևէ կազմակերպության անդամագրվելու որոշում մեր Սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, մեր այսօրվա դիրքորոշումը այս համատեքստում դիտարկելով հանդերձ՝ այս օրենքի ընդունման պարագայում, անհրաժեշտ է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը. «Ո՞րն է այդ պատկերացումը: Պատկերացումը հետևյալն է, որ այս օրենքի ընդունումից հետո, մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որն իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»:

Հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար երկրի ղեկավարն ընդգծել է, որ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունները, Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահին որևէ այլ գործողություն չունի անելու: «Բայց նաև արձանագրենք, որ այս ընթացքում շատ լուրջ զարգացումներ տեղի են ունեցել Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Դրանցից մեկը վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկն է: Մի հարց, որը Հայաստանի օրակարգում եղել է տասնյակ տարիներ: Առանց չափազանցության՝ տասնյակ տարիներ, բայց նաև այս հարաբերությունների այս մթնոլորտը հասկանալիորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ստեղծել, ձևավորել է ակնկալիք՝ այս հարցը հնարավորինս արագ և արդյունավետ լուծում կստանա, մանավանդ հիմա, որ Եվրոպական միության երկրներ վիզաներ ստանալու հետ կապված մեծ խնդիր կա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսքը շարունակելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչո՞ւ կառավարությունը չի առարկում այս նախագծի ընդունմանը, որովհետև մենք արդեն իսկ արել ենք հայտարարությունը եվրոպական ամենաբարձր հարթակից, և պետք է մեր քաղաքական գործողությունները լինեն հետևողական, և մենք հետևողական պետք է լինենք մեր քաղաքական գործողությունների մեջ»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ մենք վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որը հիմնված է մեր պետական շահերի վրա՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի վրա: Եվ այս մոտեցումը բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում է, համենայնդեպս, մինչև այն պահը, երբ արդեն հանրաքվեով որոշում կայացնելու անհրաժեշտություն կառաջանա: Իսկ այդ համատեքստում արդեն կունենանք բոլորովին ուրիշ իրավիճակ, և արտաքին, ներքին քաղաքականությունների մասին մեր պատկերացումները որոշակիորեն այդ պահին պետք է համապատասխանեցվեն այդ պահի պատկերացումներին»:

Վարչապետն անդրադարձել է նաև եվրոպական երկրների դեսպանատներում վիզաների համար գոյացող հերթերի խնդրին և նշել, որ այն շատ մեծ դժգոհություններ է առաջացնում: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին, որ խնդրով զբաղվեն:

Վարչապետը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանից Եվրամիություն ուղևորահոսքի զգալի աճի պատճառները: «Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ երկրներն ու պաշտոնյաներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի են: Այսինքն՝ իրենք կանխատեսում են, որ 1 տարվա կամ 1 ամսվա մեջ պիտի 300 մարդու համար վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ԵՄ երկրներ ուղևորահոսքի աճի պատճառներից են ավիացիոն ոլորտում բարեփոխումները, ինչպես նաև այն, որ Հայաստանի քաղաքացիների սպառողական վարքագիծը փոխվել է, ինչն էլ կապված է քաղաքացիների ֆինանսական հնարավորությունների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter