Կենտրոն վարչական շրջանում աճուրդով հողեր կօտարվեն
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված մի քանի հողատարածքներ վաճառելու որոշումները։
Դասական աճուրդով կօտարվեն Կենտրոն համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը:
Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը։
Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային արժեքը մոտ 1,6 մլրդ դրամ է։
Ըստ կառավարության՝ Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող անշարժ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։ Այս հողամասերը գտնվում են Երևանի բերդի զորանոցային համալիրի սահմաններում, որն իր տարածքով և ենթահուշարձաններով ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ ԿԳՄՍՆ-ն որոշման մասին տված կարծիքում նշել է, որ գույքն օտարելիս անհրաժեշտ է պահպանել տարածքում առկա հուշարձան-շենքերը։
Կենտրոն համայնքի Հանրապետության փողոց 85 հասցեում գտնվող 0.0343 հեկտար մակերեսով հողամասը ևս դասական աճուրդով կօտարվի:
Գույքը ՀՀ սնանկության դատարանի 27.03.2019թ. թիվ ԵԿԴ/0306/04/15 որոշմամբ փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։
Վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 411 մլն դրամ։
Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 113 մլն դրամ է:
Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 30 000 ՀՀ դրամը։
Մեկնաբանել