HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործի կարճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազի անվան հետ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգարժան պարոն Սարգսյան

Դեռևս 2008թ.սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործություններ կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը:

Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին ստացականներ գրել այն մասին, թե իբր վերջինս պարտքով խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում:

Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք և մինչև 2008 թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:

Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հադվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փաստի առթիվ:

Միայն 13.02.2009 թ-ին է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ:

Ակնհայտ թերի, միակողմանի քննություն կատարելուց հետո, նախաքննական մարմինը 3 անգամ `28.02.2009 թ., 06.08. 2009. և 11.03.2010թ. որոշումներ է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ`30.06. 2009թ., 19. 10. 2009թ. և 10.06.2010թ. վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, և կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն են հիմնավորում, որ Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը թույլ է տալիս օրենքով սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:

Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները:

Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ:

Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի ու սանձարձակ քայլի` համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից, և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը, միմյանց հաջորդելով, կարճվել են:

Ի վերջո, Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը կատարել է, և 17. 09. 2010թ. քննիչի կողմից (որի եղբայրն, ի դեպ, նույնպես աշխատում է Վ.Ղարիբյանի մոտ որպես առաքիչ) կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել` վերացնելու այդ որոշումներն ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանի կողմից բողոքարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան, և մենք բոլորս սպասում ենք այդ դատարանի որոշմանը:

Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանալու է հերթական անգամ խուսափել կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Ավելին` անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը` ընտանիքը թողնելով փողոցում:

Հագելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ` հայցելով Ձեր միջամտությունը` Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում:

Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս, այցելել էինք նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված  դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Փաստորեն, ստացվում է, որ դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը:

Համոզված ենք, որ դիմումի բովանդակությունը  Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն:

Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակով` հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով թույլ չէք տա, որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:

Հարգելի պարոն նախագահ, խնդրում ենք Ձեր հանձնարարությունը պատշաճ մարմիններին օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter