
Քաջարանցիները վրդովված են
Քաջարանի գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Մենք խորապես գիտակցում ենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կարեւոր դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսության հաշվեկշռում: Կոմբինատի հիմնադիր նախագնացները մեր պապերն էին, եւ հաջորդ բոլոր սերունդները որդեգրեցին բնիկ լեռնագործի ավանդական մասնագիտությունը: Լեռնահանքային արդյունաբերության հսկան եւ նորաստեղծ քաղաքը կոչվեցին մեր հինավուրց Քաջարան գյուղի անվամբ ու մինչեւ այժմ կրում են այդ անունը:
ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումն աննախադեպ իրարանցում է առաջացրել գյուղում: Եթե այդ որոշումը կյանքի կոչվի, ապա մենք կկորցնենք մեր գյուղը, կպղծվեն մեր սրբավայրերը: Ըստ եվրոպական, ինչպես եւ խորհրդային մասնագետների հետազոտությունների` մեր տարածաշրջանում ընդերքի հիմնական հարստությունը գտնվում է Ողջի գետի աջակողմյան լեռնազանգվածներում: Ըստ այդմ` մեր գյուղը, որ գետի ձախակողմում է, վերջին տասնամյակներում իր տնտեսությունը զարգացրել-ընդլայնել է` հաշվի առնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից տարածքների շահագործման ընդլայնումը:
Եվ այժմ, երբ սահմանային Կապուտջուղի մյուս կողմում թուրքերն են ցինիկաբար ոչնչացնում հայկական հուշարձանները, ապա այս կողմում` կոմբինատի ծպտված սեփականատերերի կողմից խնդիր է դրվել բռնազավթել-լուծարել սահմանամերձ Քաջարան գյուղը` դրա տարածքը բաց հանքի վերածելու նպատակով:
Մեզ թվում է, որ ակնկալվող տարածքներում հանքարդյունահանման համար կպահանջվեն զգալիորեն քիչ ներդրումներ, քան արվում է աջակողմյան Ալուն սարի սանդղաձեւ հանքավայրի շահագործուման դեպքում, ինչը նշանակում է, որ սեփականատերերը ցուցաբերում են ավելի քիչ ծախսերով ավելի շատ շահույթ ստանալու հավակնություն: Քաջարան գյուղն ունի հեթանոսական ու քրիստոնեական մի քանի հնավայրեր:
Այն պատմական իրադարձությունների վայր է, առ այսօր կանգուն է գյուղի Սբ. Հակովբ եկեղեցին, որը կարեւոր դեր ունեցավ Դավիթ Բեկի, այնուհետեւ Նժդեհի գլխավորած ազատագրական պատերազմներում: Եվ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում կառավարության` պատմամշակութային վայրերով հարուստ այս գյուղի տարածքի հիմնական մասը կոմբինատին տրամադրելու մտադրությունը: Գյուղում վերընձյուղվել են նախկին բռնադատված հինգ գերդաստաններ, Մեծ հայրենական եւ Արցախի ազատագրական պատերազմներում զոհված 61 երիտասարդների ընտանիքները:
150-ի հասնող առանձնատները բարձրադիր գոտում գտնվող գյուղը վեր են ածել ծառաստանի, որն անօրինակ երեւույթ է մեր շրջանում: Համայնքն ունի 200-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն, 1000-ի հասնող մեղվափեթակ: Գերեզմանատունը, որտեղ նաեւ Մեծ հայրենականում զոհվածների փառահեղ կոթողն է, ամփոփում է մեր անվանի նախնիների, ինչպես եւ լեռնահանքային կոմբինատի վաստակաշատ աշխատողների աճյունները: Եվ այդ գերեզմանի տարածքը նույնպես տրվում է կոմբինատին, որը որեւէ բացատրություն չի կարող ունենալ:
Քաջարանն այսօր ներհոսք ունի. նոր կազմավորված շատ ընտանիքներ քաղաքից գյուղ են վերադառնում եւ իրենց ապագան կապում նախնիների գյուղի հետ: Օրավուր ընդլայնվող գյուղատնտեսական արտադրությամբ համայնքը սատարում է մերձակա Քաջարան քաղաքի բնակչությանը եւս:
Սահմանամերձ Քաջարան գյուղի ռազմավարական մեծ նշանակությունն ըմբռնելով են մեծն Սերո Խանզադյանը եւ բազմաթիվ այլ արվեստագետներ իրենց անմահ ստեղծագործությունները նվիրել գյուղին: Համայնքի բնակիչներս վրդովված ենք կոմբինատի սեփականատերերի անխոհեմ ձգտումներից:
Մենք զարմացած ենք նաեւ հայրենի մեր կառավարության պահվածքից. Մի՞թե Հայոց կառավարությունը հանուն մի քանի սեփականատերերի (որոնց անունները նույնիսկ վեց տարի շարունակ գաղտնի է պահվում հայ հասարակությունից) ախորժակի պետք է զոհաբերի հազարամյակների խորքից եկող եւ հայ-ադրբեջանական սահմանագլխին հպարտորեն կանգնած Քաջարան գյուղը: Խնդրում ենք ձեզ` կասեցնել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման կիրարկումը:
Մենք հավատում ենք ձեզ եւ չենք պատկերացնում, որ դուք այդքան հեշտությամբ կհամաձայնեք հնամենի մեր գյուղի վերացման ծրագրին, որի հիմքը դրված է կառավարության այդ որոշման մեջ:
Կից ներկայացնում ենք Քաջարան գյուղում այդ հարցի կապակցությամբ ս.թ. մայիսի 29-ին տեղի ունեցած հասարակական ժողովի մասնակիցների ստորագրությունները (թվով` 600 ստորագրություն):
31 մայիսի 2011թ.
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել