HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 %-ի ֆենոմենը․ ձկնաբույծները դատի են տվել Կառավարությանը

Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերեր Նորայր Գասպարյանը, Լևոն Ասատրյանը և Արամ Բարսեղյանը Կառավարության դեմ դատական հայց են ներկայացրել: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2023թ․ դեկտեմբերի 28-ի 2305-Ն որոշումը, որով սահմանվել է հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։

Փակ շրջանառու համակարգը ջրախնայող համակարգ է, որն ապահովում է ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի չափով ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։

Կառավարության նույն որոշմամբ սահմանվել է, որ փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը պետք է կատարեն ջրօգտագործողներն իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։

Արամ Բարսեղյանը 2013 թվականից ձկնաբուծությամբ է զբաղվում։ Ձուկն արտահանում է Ռուսաստանի Դաշնություն։ Ասում է, որ եթե դատարանը չչեղարկի Կառավարության որոշումը, ապա իր տնտեսությունը միանշանակ փակվելու է։ Ավելին, ունեցած-չունեցածը տալու է բանկերին և երկրից փախչելով՝ գլուխն ազատի մնացած պարտքերից։ 

Արամ Բարսեղյանը վստահ է, որ այդ համակարգը պարզապես չի աշխատի։ «Ով այդ նախագիծը կազմել է, ինքը ձկնաբուծությունից կիլոմետրերով հեռու է։ Իրենց այդ քայլով ողջ ձկնաբուծական տնտեսությունները կփակեն։ Ես կփակեմ, որովհետև փակ ցիկլով աշխատելն ուղղակի անհնար է»,- ասում  է Արամ Բարսեղյանը։ 

Նա մանրամասնում է, որ ամռանը ջուրը շատ ուժեղ տաքանում է, ձմռանը՝ սառչում, այդ համակարգը պետք է հոսանքով աշխատի, իսկ Աստված չանի համակարգը փչանա, ողջ ձկնատեսակները կսատկեն։ 

«Եթե էդ ապարատուրան ամառը կարողանա սառեցնի, ձմռանը՝ տաքացնի, սարսափելի թվերի հետ է կապված։ Ավելի լավ է մենք փակենք մեր տնտեսությունները, գնանք մեր տներում նստենք, քան դրա տակը մտնենք։ Կառավարությունն ուզում է տնտեսություններն աշխատեցնել, թող մեր տնտեսությունները գնի, հետո փակի։ Ես էլ եմ համաձայն, որ իմ ծախսերը փոխհատուցեն, ինչքան ներդրել եմ, ինձ տան, փակեմ, հանգիստ ապրեմ։ Մեզ դեմից պարտադրում էին մեծացնել, հնարավորինս շատ արտադրել, մենք մտանք դրա տակ, դվիժոկներ դրեցինք, աերատորներ դրեցինք, ջուրը ֆռցրինք, որ կարողանանք ձուկ արտադրել, նենց բան արեցին մեր գլխին, որ մենք հիասթափված չգիտենք՝ ինչ անենք՝ ձուկ պահենք, թե չպահենք»,- ասում է ձկնաբույծը։ 

ԱՁ Լևոն Ասատրյանը նույնպես հայցվորներից մեկն է։ Նրա որդին, ով զբաղվում է այդ հարցերով, պատմեց, որ փակ շրջանառու համակարգ ներդնելը շուրջ 1 մլն դոլարի սահմաններում է, իսկ իրենք նման հնարավորություններ չունեն։ 

«Ո՞վ էդքան փող ունի էդ համակարգը դնի։ Բացի դրանից, մեր ջրերն աղի են, մամռակալում են, էդ համակարգը ուղղակի չի աշխատի մեզ մոտ»,- մեզ հետ զրույցում նշեց Լևոն Ասատրյանի որդին՝ Արման Ասատրյանը։ 

2024թապրիլին անհատ ձեռնարկատերերը միասնական հայց են ներկայացրել Վարչական դատարան։ Միաժամանակ նրանք միջնորդություն են ներկայացրել, որով խնդրել են կասեցնել վիճարկվող որոշման գործողությունը: Նախագահող դատավոր Ելենա Առաքելյանը բավարարել է նրանց միջնորդությունը մինչև այս գործի դատաքննության ավարտը։ 

Կառավարությունը լիազորել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ դատարանում իր անունից հանդես գալու համար։ Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Կառավարությունը ստացել և փոխանցվել է Շրջակա միջավայրի նախարարությանը։ Վերջինս էլ հունիսին դատարանին միջնորդել է գործով կիրառված դիմումի ապահովումը վերացնել:

Միջնորդությամբ մասնավորապես նշել է, որ ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգի ներդրման դեպքում տարեկան կխնայվի մոտ 341 մլն մ3 ջրաքանակ, ինչի արդյունքում, համաձայն հիդրոերկրաբանների կողմից իրականացված ուսումնասիրությունների, կգրանցվի ստորերկրյա ավազանի մակարդակի դրական տեղաշարժ։

ՇՄՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում իրականացնող տնտեսվարողների մեծ մասը ջրօգտագործման թույլտվությունները ներկայացրել են վերանայման, իսկ 31 ջրօգտագործող 32 ջրօգտագործման թույլտվության վերանայման և երկարաձգման համար արդեն վճարել է պետական տուրք։ Վերանայման հիմնական նպատակը ջրօգտագործման թույլտվություններում փակ շրջանառու համակարգի պահանջի, այդ թվում՝ վիճարկվող որոշման պահանջների ամրագրումն է, որն իրականացվում է` հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը:

«Սակայն վիճարկվող որոշման գործողությունը մինչև գործով դատաքննության ավարտը կասեցնելն, ըստ էության, հնարավորություն չի տալիս Շրջակա միջավայրի նախարարությանը՝ վերանայելու նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվությունները: Բացի դրանից, Շրջակա միջավայրի նախարարությունը նույն պահանջը պետք է ամրագրի նաև երկարաձգման ներկայացված ջրօգտագործման թույլտվություններում, որոնք պետք է երկարաձգվեն 5 տարով՝ նախկին 1,5 տարվա փոխարեն, ինչը վիճարկվող որոշման կասեցման պարագայում ևս հնարավոր չէ իրականացնել, ինչն առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծում նաև այն տնտեսվարողների համար, որոնք վճարել են պետական տուրք՝ ջրօգտագործման թույլտվությունը վերանայելու և 5 տարով երկարաձգելու նպատակով»,- այսպես է հիմնավորել ՇՄՆ-ն։

Նախարարության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ որևէ ջրօգտագործող 2024 թվականի հունիս ամսվա դրությամբ չի ենթարկվել վարչական պատասխանատվության փակ շրջանառու համակարգը չտեղադրելու համար։

Ձկնաբուծարանները կփակվեն,եթե Կառավարության որոշումն անվավեր չճանաչվի

Ձկնաբույծներն իրենց փաստարկներն ունեն։ Նրանք նշել են, որ ջրի մաքրման համար անհրաժեշտ է իրականացնել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի միայն մաքրել ջուրը։ Գործող տնտեսություններում նման աշխատանքների իրականացումն անհնարին է, քանի որ դրանց իրականացման համար անհրաժեշտ է վերակառուցել տնտեսությունները, իսկ վերակառուցման համար տեղափոխել կենդանի ձուկը, որն անհնարին է, քանի որ այդ քանակի կենդանի ձկան տեղափոխումը հնարավոր է միայն համապատասխան քանակի արտադրողականություն ունեցող և դատարկ տնտեսությունում, ինչպիսին ՀՀ-ում չկա։

Եթե ձկնաբույծները հարկադրված են լինում տեղադրելու փակ շրջանառու համակարգեր, ապա դա պահանջելու է վերակառուցել առկա գործող տնտեսությունները, քանի որ դրանք հարմարեցված են այլ տեխնոլոգիայի։ Վերակառուցումը որոշակի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում է, հաստատում, ՇՄԱԳ փորձաքննության անցկացում, շինարարական աշխատանքների իրականացում։ Շինարարական աշխատանքների կատարման ժամանակահատվածում տնտեսությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ինչը խիստ խնդրահարույց է, քանի որ ձկան արտադրությունն անընդհատ ցիկլ է, և տնտեսավարողներն իրենց արտադրական ծավալները պլանավորում և իրականացնում են առնվազն երկու տարվա կտրվածքով, մանրաձկից մինչև ապրանքային ձուկ (0,7-1 կգ) ստանալը տևում է 18 ամիս, իսկ այն տնտեսություններում, որոնք զբաղվում են մայրական կազմի բուծմամբ (խավիարի արտադրություն) արտադրական ցիկլը տևում է իշխանի համար 3-3,5 տարի, իսկ թառափի համար՝ 5 տարի և ավել։

Այսինքն՝ համակարգի տեղադրման համար տնտեսվարողները ստիպված պետք է դադարեցնեն արտադրությունը, ամբողջովին դատարկեն ավազանները, որպեսզի կարողանան սկսել փակ շրջանառու համակարգի տեղադրման աշխատանքները, որոնց կատարման ամբողջ ժամանակահատվածում արտադրություն չի իրականացվելու։ Արդյունքում ոչ թե նվազելու են արտադրական ծավալները, այլ ամբողջությամբ դադարեցվելու են, և դրանից միայն 1,5 տարի անց տնտեսվարողները կարող են ունենալ ապրանքային ձուկ, իսկ մայրական կազմ արտադրողները պետք է ամեն ինչ սկսեն զրոյից, ավելին, չեն կարողանալու կատարել վարկային պարտավորությունները և կանգնելու են սնանկացման վտանգի առջև։

Ըստ դիմողների՝ նկարագրվածը բավարար է փաստելու համար, որ վիճարկվող որոշման գործողությունը չկասեցնելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Մինչդեռ կասեցումը կնշանակի փակ շրջանառու համակարգի տեղադրման պարտականության բացակայություն և նկարագրված ծանր հետևանքների կանխում։

Ձկնաբույծները նաև նշել են, որ տնտեսվարողները չեն կարողանալու կատարել վարկային պարտավորությունները, ներքին շուկայում առաջանալու է ձկան դեֆիցիտ, նվազելու են պետական բյուջե վճարվող հարկերը, տուժելու են ոլորտի հետ փոխկապակցված այլ ոլորտներ (օրինակ՝ բեռնափոխադրումները, ձկան կերի տեղական արտադրությունը, ներմուծումը, վերամշակումը), արտահանողները զրկվելու են միջազգային շուկաներից։ Ավելին, փակ շրջանառու համակարգի տեղադրումն ուղղակի ազդեցություն է ունենալու ձկան ինքնարժեքի վրա, ինչն առաջ է բերելու իրացման խոչընդոտներ, որի հետևանքով՝ տեղական արտադրանքն այլևս մրցունակ չի լինելու ԵԱՏՄ միասնական շուկայում և դուրս է մղվելու դրանից, ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու է տեղական շուկայում ձկան և ձկնամթերքի լճացման։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջուրը ձկան արտադրության հիմնական հումքն է, դրա 40 տոկոս նվազեցումը բերելու է արտադրության առնվազն 40 տոկոսի նվազեցման, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է 40 տոկոսով աշխատատեղերի կրճատման, 40 տոկոսով արտահանման ծավալների նվազեցման, 40 տոկոսով պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցման, 40 տոկոսով ձկան կերի արտադրության նվազեցման, 40 տոկոսով ձկան կերի ներմուծման նվազեցման, 40 տոկոսով վարկային պարտավորությունների կատարման նվազեցման և այլն։ Վերոգրյալից հետևում է, որ վիճարկվող որոշման գործողությունը չկասեցնելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների նաև հանրության համար։ Կասեցումը կնշանակի փակ շրջանառու համակարգի տեղադրման պարտականության բացակայություն և նկարագրված ծանր հետևանքների կանխում»,- նշել են ձկնաբույծները։

Այսպիսով, ձկնաբույծները ներկայացրել են, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն թե՛ դիմողների, թե՛ հանրության համար, եթե դիմողների և հանրապետության մյուս ձկնաբույծների ձկները անկեն, ձկնաբուծությունը ու ձկան շուկան կենթարկվեն կոլապսի, իսկ ձկնաբույծները՝ սնանկացման։

Մեկնաբանություններ (4)

Խաչիկ Դանիելյան
Նախ սկսենք նրանից, որ Հայաստանը համարվում է 30 սակավաջուր երկրներից մեկը։ Երկրորդ ամսուրդ է, որ ծով ու գետ չունեցող երկիրը ձուկ է արտահանում։ Հիմա ամենակարևորի մասին իշխան ձկի աճի իդեալական ջերմաստիճանը 14-15 աստիճանն է, այսինքն նույն ջերմաստիճանը, որն ունի արտեզյան ավազանից դուրս եկող ջուրը։ Ջկնաբույծները ձկան աճի իդեալական պայմաններ ստեղծելու նպատակով անխնա բաց են թողնում ջուրը, որպեսզի իդեալական ջերմաստիճանը պահպանվի։ Իշխան ձկան աճի համար նորմալ պայման է 8-22 աստիճանը, ինչու ձկնաբույծները չեն ցանկանում շրջանառեն ջուրը։ Եթե 4 անգամ շրջանառեն ջուրը, ամռան ամիսներին ջուրը 22 աստիճանի սահմանը չի հատի, իսկ ձմռանը 8 աստիճանից չի նվազի։ Ձկնաբույծները 4-5 տարի առաջ էլ գիտեին որ կիսափակ, կամ փակ ռեժիմի են անցնելու, թող պատրաստվեին, ամեն անգամ շանտաժով շարունակում են դատարկել արտեզյան ավազանը, իրենց չի հետաքրքրում որ արտեզյան ավազանի ջուրը խմում են տասնյակ քաղաքներ և գյուղեր։ Արտեզյան ավազանի ջուրը դատարկվելու պատճառով տարեց տար ավելի է կոշտանում, բնակիչները խմելու ջուրը գնում են։
Smbat Petrosyan
Դա ֆորմալ դիրքորոշումն է։ Ի նկատի ունեմ նախարարությունը ինչ առարկություններ ունի ձկնաբույծների բերած փաստարկներին։ Նախորդ մեկնաբանությունում էլ էի նշել, որ համակողմանի պատկերացում կազմելու համար պետք է լսել նաև «չբողոքող» ձկաբույծներին, եթե այդպիսիք կան.
Քրիստինե
Հարգելի Սմբատ Նախարարության դիրքորոշումը ևս ներառված է, մեծ պարբերությամբ, դեռևս միջնորդության տեսքով է եղել, դատական նիստերին եթե հավելյալ դիրքորոշում արտահայտեն, նույնպես կներառվի հաջորդիվ հոդվածներում։ Շնորհակալություն կարծիքի համար
Smbat Petrosyan
Հոդվածը շատ կողմնակալ է: Կառավարության/նախարարության դիրքորոշումն էլ արժեր պարզել: Արդյոք այս որոշումից տուժում են միայն այս երկու ձկնաբույծները։ Մյուսներն ի՞նչ կարծիք ունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter