
Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը:
«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,
Ձերդ գերազանցություններ, գործընկերներ,
- Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։
- Մեր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում։
- Հատկապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն պետքարտուղար, և Ձեր թիմին այս ճանապարհին` մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:
- Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։
- Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է խաղաղության օրակարգին և դրա իրագործմանը, ինչպես նաև շարունակելու սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար։
- Ուրախ ենք նաև հայտարարելու, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մենք հավատում ենք, որ համատեղ գործողություններն էական նշանակություն ունեն այս սպառնալիքը հասցեագրելու գործում։
- Մենք նաև սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով։
- Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։
- Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների խորացման վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել