
Իրանն ու Ռուսաստանը Մոսկվայում 20-ամյա ռազմավարական համագործակցության պայմանագիր կստորագրեն
Հունվարի 17-ին նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ակնկալվում է, որ երկու նախագահները կստորագրեն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որի շուրջ երկու կառավարությունները բանակցել են մի քանի տարի շարունակ։
Ըստ կողմերի պաշտոնական հայտարարությունների՝ այս համաձայնագիրը կսահմանի երկկողմ հարաբերությունների շրջանակն առաջիկա 20 տարիների համար։
Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի խոսքով՝ նոր փաստաթուղթը բաղկացած է 47 հոդվածից և կփոխարինի 2001 թվականին ստորագրված երկկողմ համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը։
Վերանայված տարբերակի շուրջ բանակցությունները սկսվել են 2022 թվականին։ Անցյալ տարվա հունիսին կողմերը հայտարարել էին, որ համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է։
Թեև փաստաթղթի մանրամասները դեռ չեն հրապարակվում, հաղորդվում է, որ այն ներառում է համագործակցություն՝ տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, խաղաղ միջուկային էներգիայի, հակաահաբեկչական միջոցառումների, տարածաշրջանային գործընկերության և բնապահպանական նախաձեռնությունների ոլորտներում, նախատեսվում են նաև համատեղ միջոցառումներ փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռազմավարական համագործակցության այս պայմանագիրը «ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ»։ Լավրովն այն համեմատել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ստորագրած ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի հետ՝ նշելով, որ այն միտված է կառուցողական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը։
Իրանի իշխանությունները շեշտում են, որ փաստաթուղթն ընդգրկելու է դրույթներ, որոնք միտված են ապահովելու տարածքային ամբողջականության սկզբունքները։
Փաստաթուղթը, ենթադրաբար, չի անդրադառնալու Ղրիմի կամ այլ վիճահարույց տարածքների ճանաչման խնդրին։
Փաստաթղթի ստորագրումը կապվում է նաև երկրների դեմ ուղղված պատժամիջոցների հետ. և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը շարունակում են մնալ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների տակ։
Նոր պայմանագրով երկու երկրները պարտավորվում են հակազդել իրենց կողմից «անօրինական և արտատարածքային» համարվող պատժամիջոցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցներին։
Պայմանագրում լինելու են նաև դրույթներ պաշտպանական ու ռազմական ոլորտներում համագործակցության մասին, ինչպիսիք են, օրինակ, համատեղ ռազմական վարժանքներն ու ծրագրերը, թեև դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։
Նեմաթոլլահ Իզադին, որը Իրանի վերջին դեսպանն էր Խորհրդային Միությունում, իրանական մամուլի հետ զրույցում նշել է, թե Փեզեշքիանի այցը և փաստաթղթի ստորագրումը ծառայում են որպես Ռուսաստանի ուղղությամբ վստահության ամրապնդման միջոց։
Նա հավելել է, որ այս քայլը նպատակ ունի վստահեցնել պաշտոնական Մոսկվային և նախագահ Պուտինին, որ Իրանը չի խզի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլանա։
Իրանցի նախկին մի դիվանագետ, որի անունը չի նշվում, մտահոգություն է հայտնել, որ այս համաձայնագիրը բացասական ազդեցություն կունենա Իրանի և Եվրոպայի միջև շարունակվող բանակցությունների վրա, որոնք ուղղված են միջուկային հակամարտության կարգավորմանը։ Նա ընդգծել է, որ Իրանի հարևան երկրների մեծ մասը չի ողջունի այս բանակցությունների հաջող ավարտը։ Այս մասին գրել է Middleeasteye թերթը։
Իրանի դեսպան Ջալալին համաձայնագրի դրույթները որակել է փոխշահավետ։ Նա հավելել է, որ ստորագրությունից հետո փաստաթուղթը պետք է վավերացվի Իրանի խորհրդարանում։
Մեկնաբանել