HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրակի օրվանից TikTok-ը անհասանելի կլինի ԱՄՆ-ում

TikTok ընկերությունը կիրակի օրվանից պատրաստվում է դադարեցնել հավելվածի հասանելիությունը ԱՄՆ օգտատերերի համար, եթե ԱՄՆ Գերագույն դատարանը որևէ քայլ չձեռնարկի կասեցնելու այն արգելքը, որը ուժի մեջ է մտնելու հունվարի 19-ին: Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Ըստ արգելքի՝ հնարավոր չի լինելու Apple Store կամ Google Play հավելվածներից ներբեռնել TikTok հավելվածը, սակայն հավելվածն իրենց հեռախոսներում ունեցող օգտատերերը արգելքի ուժի մեջ մտնելուց հետո կկարողանան որոշ ժամանակ շարունակել օգտագործել TikTok-ը: 

Սակայն, ըստ Reuters-ի, TikTok-ը նախատեսում է այնպես անել, որ հավելվածը բացելու դեպքում օգտատերը տեսնի փոփ-ափ հաղորդագրություն, որը կտեղափոխի նրան արգելքի վերաբերյալ տեղեկատվությամբ կայք: 

Ընկերությունը նաև նախատեսում է օգտատերերին հնարավորություն տալ ներբեռնել իրենց անձնական տվյալները՝ նախքան հավելվածի հասանելիության ամբողջական սահմանափակումը:

TikTok-ը և դրա չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել: ByteDance-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որի մոտ 60%-ը պատկանում է BlackRock-ի և General Atlantic-ի նման ներդրողներին։ ByteDance-ը Միացյալ Նահանգներում ունի ավելի քան 7000 աշխատակից:

Նախորդ տարվա ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, համաձայն որի՝ ByteDance-ը պարտավոր է մինչև 2025 թվականի հունվարի 19-ը վաճառել իր ակտիվները ԱՄՆ-ում, հակառակ դեպքում հավելվածը կարգելափակվի ԱՄՆ ամբողջ տարածքում:

Չնայած ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և մի շարք օրենսդիրների` TikTok-ի արգելափակման վերջնաժամկետը երկարաձգելու կոչերին, ԱՄՆ Գերագույն դատարանը կարծես հակված էր ուժի մեջ թողնելու նշված օրենքը: 

Թրամփը, որի երդմնակալությունը նախատեսված է արգելքի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, հայտարարել էր, որ նրան հարցի քաղաքական կարգավորման համար ժամանակ է հարկավոր:

TikTok-ը և ByteDance-ը պնդում են, որ օրենքը խախտում է ԱՄՆ սահմանադրության Առաջին փոփոխությունը (First Amendment), որը պաշտպանում է խոսքի ազատությունը, և առնվազն դրա ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգում են խնդրում: 

TikTok-ը անցյալ ամիս դատարան ներկայացրած փաստաթղթում նշել է, որ իր 170 միլիոն ամերիկացի օգտատերերից մոտ մեկ երրորդը կդադարեցնի հավելվածի օգտագործումը, եթե արգելքը տևի մեկ ամիս կամ ավելի երկար։ 

Բայդենի ադմինիստրացիան որոշման համար ենթարկվել է կոշտ քննադատության։

Գլխավոր լուսնակարը՝ Marco Djurica

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter