HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանեկան բռնություն իրականացրած անձանց համար վերականգնողական ծրագիր կգործարկվի

Կառավարությունը հաստատեց Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիրը, որը ներառում է կրթական, ուսուցման, վարքաբանական աշխատանքի մեթոդներ։

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր բռնությունը կատարել են առաջին անգամ, ու ոստիկանության եզրակացությամբ չկա հիմք, որ էլի կկատարեն։ Ինչպես նաև, եթե կա դատարանի պարտադիր պահանջ։ Ըստ կառավարության՝  զայրույթի կամ հույզերի կառավարման, կոնֆլիկտների կառավարման ծրագրերը բավարար չեն։

Վերականգնողական ծրագրերը կարող են իրականացվել ինչպես ազատազրկման վայրերում, այնպես էլ դրանցից դուրս։

Ոստիկանությունը ընտանեկան բռնության առնչությամբ 2023-ին տվել է 424, իսկ 2024-ին՝ 574 նախազգուշացում։ Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանությունը կնախազգուշացնի ու բացատրական աշխատանքներ կտանի քաղաքացու հետ, նրան կուղղորդի անցնել այս ծրագիրը։ Ծրագիրը պարտադիր կլինի միայն այն դեպքում, երբ դատարանի որոշում լինի։

Իսկ կամավոր հիմունքը հնարավոր է փոխվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ մեկ տարի ծրագիրը գործարկելուց հետո, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կլինեն։ Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի երկրի փորձ են հաշվի առել։

ՀՀ-ում մինչ այժմ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիր չի իրականացվել: 

«Եթե մենք նախկինում ընդամենը  խոսում էինք ընտանեկան բռնության զոհին պաշտպանելու մասին, կամ հետագայում գործիքակազմի ուժեղացման մասին, մենք պիտի նաև նկատենք, որ հիմա խոսում ենք բռնարարի վերասոցիալականացման մասին, բռնարարի մոտ հոգեբանական փոփոխության կազմակերպման մասին։ Նախկինում նմանատիպ խոսույթը, բռնարարին որևէ ձևով վերաբերվել կամ նրա հետ աշխատանք տանել՝ ուղղակի կարող էր խելագարության դաշտի ինչ-որ պնդում լինել։ Բայց պետությունը հիմա թիրախավորում է թե՛ զոհին, թե՛ բռնարարին, որովհետև սա է միակ ինստիտուցիոնալ ճանապարհը հարցին վերաբերվելու»,- նշեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնման ծրագրի բովանդակությունը, թե՛ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնող մարմնի գործառույթները, թե՛ արդյունավետորեն կիրականացվեն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց կրկնակի հարձակումից պաշտպանելու համատեքստում:

«Այս և նման համակարգերի ներդրմամբ, կարծում եմ, նաև շատ կարևոր խորքային սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում երկրում և մեր հանրության շրջանում։ Իհարկե, դեռ պետք է գնահատել՝ ինչ խորություն և ծավալ ունեն դրանք, բայց ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ  կերպ կասկածի տակ չի դնում մարդու կյանքի անձռնմխելիությունը, իսկ այս ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ չեն ոտնահարվում հանրության շահերը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած ընտանեկան բռնություն ուղիղ առնչվում է հանրության շահին և ունենում է այլ հետևանքներ։

Նախագծով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությունը առնվազն պետք է ունենա մեկական վերապատրաստված սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի հաստիք։ Նախատեսվող նախնական գումարը՝ տարեկան 7 000 000 ՀՀ դրամ որպես հաստիքային միավորների աշխատավարձ:

Նախատեսվում է, որ 2026 թվականին անհրաժեշտ կլինի ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող առնվազն երկու կենտրոնի առկայություն, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 7 000 000 ՀՀ դրամ։

Լուսանկարում՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter