
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայում հրադադարի շուրջ
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին: Այս մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Քաթարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին։
«Քաթարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդներին հաջողվել է հասնել հրադադարի համաձայնության Գազայի հատվածում հակամարտող կողմերի միջև։ Առաջին փուլում ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորական կանայք։ Փոխարենը, համաձայնության շրջանակներում, իսրայելական բանտերից և ձերբակալման կենտրոններից կազատվեն պաղեստինցի բանտարկյալներ», – ասել է նա։
Համաձայնությունը բաղլացած է երեք փուլից, ամեն մեկը տևելու է մոտ 42 օր։
«Այս համաձայնագրով կդադարեցվեն Գազայում մարտական գործողությունները, խիստ անհրաժեշտ հումանիտար օգնություն կտրամադրի պաղեստինցի խաղաղ բնակիչներին և կվերամիավորի պատանդներին իրենց ընտանիքների հետ՝ ավելի քան 15 ամիս գերության մեջ գտնվելուց հետո»,-ասել է Ջո Բայդենը:
Պայմանավորված դրույթների թվում են բանտարկյալների փոխանակումները, Իսրայելի զորքերի դուրսբերումը Գազայի տարբեր հատվածներից, տեղահանված պաղեստինցիների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հնարավորությունները։ Այնուհետև, մնացած երկու փուլի մանրամասները պետք է որոշվեն հետագա բանակցությունների ընթացքում։
Ըստ երևույթին, սա անցած տարի մայիսին քննարկված՝ Բայդենի առաջարկած հրադադարի համաձայնագիրն է, որը Իսրայելը հրաժարվեց ստորագրել։
Հրադադարի մասին լուրը Գազայում ուրախության ալիք է բարձրացրել։
Իսրայելի զինուժը, հրադադարի մասին հայտարարությունից հետո, սակայն, շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ուղղությամբ։ Ըստ Գազայի առողջապահության մարմինների՝ Իսրայելի օդային հարվածները շարունակվել են ողջ գիշեր և հինգշաբթի առավոտյան, որի հետևանքով զոհվել է առնվազն 46 պաղեստինցի։
Այսօր Իսրայելի կառավարությունում հրադադարը հաստատելու հարցի վերաբերյալ քվեարկություն էր լինելու, սակայն Բենյամին Նեթանյահուն անորոշ ժամանակով հետաձգել է քվեարկությունը։
Ե՛վ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և՛ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել են, որ Գազայում հրադադարը իրենց ձեռքբերումն է։
«Այս ծրագիրը մշակվել և համաձայնեցվել է իմ թիմի կողմից և հիմնականում կիրագործվի նոր վարչակազմի կողմից: Հենց այդ պատճառով ես հանձնարարել եմ իմ թիմին ամբողջությամբ տեղեկացնել նոր վարչակազմին»,- ասել է Բայդենը չորեքշաբթի երեկոյան իր հրաժեշտի ելույթի ժամանակ։
Ելույթից հետո լրագրողներից մեկը Ջո Բայդենին հարցրել է, թե, իր կարծիքով, պատմության գրքերում ում է վերագրվելու այս հրադադարը՝ իրե՞ն, թե Թրամփին։ Ի պատասխան՝ Բայդենը քմծիծաղով ասել է՝ կատա՞կ եք անում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին իսրայելցի պատանդների ազատ արձակման պայմանավորվածությանը հասնելու համար։
Prime Minister Benjamin Netanyahu spoke this evening with US President-elect Donald Trump and thanked him for his assistance in advancing the release of the hostages and for helping Israel bring an end to the suffering of dozens of hostages and their families. pic.twitter.com/nSkK6Emfk8
— Prime Minister of Israel (@IsraeliPM) January 15, 2025
Հրադադարի՝ մոտ 96 ժամ տևած բանակցություններին նախագահ Ջո Բայդենի թիմի հետ մասնակցել է նաև Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը:
Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն X հարթակում ողջունել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։
«Հույս ենք հայտնում, որ սա կարևոր դեր կխաղա պաղեստինյան և իսրայելական ժողովուրդների անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև ճանապարհ կհարթի համապարփակ խաղաղության և կայունության համար Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում։ Գնահատելի են միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս կարևոր նվաճմանը»,-ասված է հայտարարության մեջ։
#Armenia welcomes the agreement on ceasefire in #Gaza which should ensure the release of hostages & captives of both sides, expressing our hope that it will be instrumental for guaranteeing the security of the Palestinian & Israeli peoples & paving the way for all-inclusive peace…
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 16, 2025
Մեկնաբանել