HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիևում հնչող օդային տագնապի ներքո Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրեցին 100-ամյա գործընկերության համաձայնագիր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնում առաջին անգամ այցելել է Կիև և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ստորագրել լայնածավալ համաձայնագիր, որը խոստանում է երկու երկրների հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։

Միջազգային մամուլում «դարաշրջանային գործընկերություն» անվանվող այս համաձայնագիրը Ուկրաինային աջակցելուն է ուղղված՝ «ռուսական ագրեսիային դիմակայելու» գործում։

Համաձայնագրի հիմնական դրույթները

Ստորագրված փաստաթուղթը ֆորմալ առումով ամրագրում է արդեն իսկ ցուցաբերված օգնությունը Ուկրաինային և ներառում է նոր պարտավորություններ անվտանգության, տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

Համաձայնագրի հիմնական նպատակներից մեկը պաշտպանական համագործակցության ամրապնդումն է, ներառյալ՝ ծովային անվտանգության ուժեղացումը Բալթյան, Սև և Ազովի ծովերում, ինչպես նաև նոր մեխանիզմների ներդրումը՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից դուրս բերվող հացահատիկի վերահսկման համար։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է համատեղ ծրագրերի զարգացում անօդաչու սարքերի, տիեզերական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բրիտանական կողմը խոստանում է երկարաժամկետ ներդրումներ, որոնք ուղղված են Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը։

Ստորագրված համաձայնագիրը մոտ ժամանակներս կներկայացվի բրիտանական խորհրդարանին։

Քաղաքական աջակցություն և խորհրդանշական ժեստեր

Համաձայնագրի ստորագրումից առաջ Քիր Սթարմերը և Վլադիմիր Զելենսկին ծաղիկներ դրեցին Ռուսաստանի հետ պատերազմի զոհերի հուշարձանի մոտ։ 

Այնուամենայնիվ, այցը չանցավ առանց միջադեպերի. պաշտոնական արարողության մեկնարկից կես ժամ անց Կիևում սկսվեց օդային տագնապ, և լսվեցին պայթյունի ձայներ։

Ըստ պաշտոնական Կիևի՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ հետ մղեցին հարձակումը։

Համաձայնագրի միջազգային նշանակությունը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրը նպատակ ունի կանխել ռուսական ագրեսիան և ամրապնդել գլոբալ կայունությունը։ Բացի այդ, փաստաթուղթը հաստատում է Լոնդոնի պատրաստակամությունն աջակցելու Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Քիր Սթարմերն Ուկրաինայի հետ գործընկերությունն անվանել է ռազմավարական պատասխան Ռուսաստանի՝ միջազգային հանրությունը ապակայունացնելու փորձերին։

«Պուտինը ձգտում էր վեճ ստեղծել Ուկրաինայի և իր ամենամոտ դաշնակիցների միջև, սակայն այս ռազմավարությունն ավարտվեց խոշոր ձախողմամբ։ Ընդհակառակը, մենք ավելի մոտ ենք դարձել, քան երբևէ, և այս գործընկերությունը մեր բարեկամությունը կբարձրացնի նոր մակարդակի»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բրիտանիայի վարչապետի այցից երկու օր առաջ Կիևում էր նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Այցի ընթացքում նա պաշտոնական Կիևին հավաստիացրել էր, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային անկախ Բունդեսթագի առաջիկա ընտրությունների արդյունքներից։

Այս պաշտոնական հանդիպումների ընթացքում Զելենսկին շարունակում է պնդել, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը անհրաժեշտություն է Եվրոպայի համար։

Զելենսկին հույս է հայտնել, որ արևմտյան պետությունների բանակներից խաղաղապահներ կուղարկվեն Ուկրաինա։ Զելենսկու կարծիքով, խաղաղապահ զորքերը կարող են վերահսկել առաջնագիծը, եթե մարտերի դադարեցումից հետո այն դառնա բուֆերային գոտի։

Ուկրաինայի ապագան Թրամփի օրոք

Այսօր «POLITICO»-ին տված հարցազրույցում Սթարմերը մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կարող է կրճատել ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի ղեկավարը պարտավորվել է ակտիվ դեր ունենալ ցանկացած խաղաղության նախաձեռնության մեջ, որը կարող է առաջարկվել  Թրամփի կողմից՝ ներառյալ բրիտանական խաղաղապահ զորքերի Ուկրաինայում հնարավոր տեղակայումը։

Հարցազրույցոմ Սթարմերը նշել է՝ կարևոր է, որ Ուկրաինայի բոլոր մյուս դաշնակիցները նույնպես ավելացնեն ռազմական աջակցությունը և Վլադիմիր Զելենսկուն դնեն «հնարավոր ամենաուժեղ դիրքում» Ռուսաստանի հետ գալիք բանակցությունների համար։

Հարցին՝ արդյոք Թրամփի վերադարձը նշանակում է, որ Եվրոպան պետք է շատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային, Սթարմերը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ մենք հավաքականորեն պետք է ավելին անենք։ Կարծում եմ՝ սա ընդունված կարծիք է ողջ Եվրոպայում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter