
Գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյան-100
«1945թ.-ի հաղթական գարունն էր: Լենինականի երկաթգծի թիվ 51 (ներկայիս 25) դպրոցի տնօրենը որոշեց վերանորոգում սկսել: Պտտվելով շենքի շուրջը՝ տնօրեն Տիգրան Շախբազյանը կողային հատվածում հանկարծ նկատեց վեց ստորագրություն:
-Ախ, անպետքներ,- քրթմնջաց Տիգրան Վարոսովիչը և ձեռքը վերցրեց թաց շորը, որով սրբում էին դասասենյակի գրատախտակը,- Խաչիկ, Հայկազ, Սերոժ, Հրայր, Միշա, Կարո` փորձենք ջնջել ձեր ստորագրությունները...
Սակայն տառերը դաջված էին յուղաներկով և ջրով նրանց հախից գալ հնարավոր չէր: Տնօրենը զինվեց մետաղական քերիչով: Սակայն այդ ժամանակ հայտնվեց քիմիայի երիտասարդ ուսուցչուհի Նինա Քինակցյանը:
-Չհամարձակվեք ջնջել աշակերտներիս անունները,- անվախ միջամտեց նա,- սա 10-րդ «ա»-ի շրջանավարտների ստորագրություններն են:
-Եթե բոլոր շրջանավարտները որոշեն թողնել իրենց անունները,- մի փոքր շփոթված արդարացավ տնօրենը,- պատերը չեն հերիքի:
-Նրանք իրենց անունները թողել են 1942թ․-ին՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ,-հայտնեց Նինա Քինաքցյանը,- մենք սպասում ենք նրանց հաղթական վերադարձին:
Եվ, օ՜, հրա՛շք, հենց այդպես էլ եղավ, բոլոր 6-ն էլ, ում անունները դաջված էին դպրոցի պատին, վերադարձան պատերազմից հայրենի քաղաք»: (Владимир Канаев, «Шесть автографов», 1983г., թարգմ. հեղ.-ի)
Սա մի հատված է «Կրոկոդիլ» երգիծական ամսագրի երգիծաբան Վլադիմիր Կանաևի (եղել է Խաչատուր Վարդպարոնյանի աշակերտը) «Վեց ստորագրություն» իրապատումից, որտեղ ներկայացված է լենինականցի դասընկերների ռազմաճակատ մեկնելու ու վերադառնալու մասին հիշողությունները: Հայկազ Երանոսյան, Հրայր Ավետիսյան, Սերոժ Միքայելյան, Կարապետ Աղաբաբյան, Միքայել Հայրապետյան և Խաչատուր Վարդպարոնյան: 1942թ.-ի հունիսի 24-ին, վեց դասընկերներով կանգնած էին նրանք կառամատույցում՝ հոծ բազմության մեջ: Տասն օր առաջ էին հանձնել վերջին քննությունը և ավարտել միջնակարգը, բայց դեռ չէին ստացել հասունության ատեստատ: Որքան երազանքներ ու ցանկություններ ունեին տղաները, որոնք պիտի ժամանակավոր ընդհատվեին պատերազմով:
Նրանք կռվեցին տարբեր ռազմաճակատներում, վիրավորվեցին, սակայն մնացին ողջ ու կարողացան վերադառնալ հայրենի քաղաք՝ շենացնելու հաստատուն մտադրությամբ: Նրանք բոլորն էլ կարողացան կյանքում գտնել իրենց տեղը, սակայն մեր պատմությունը նրանցից միայն մեկի՝ գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի մասին է, ով հետագայում դարձավ Լենինական քաղաքի գլխավոր նկարիչն ու ձևավորողը: Այդ նա էր բերել սպիտակ յուղաներկն ու վրձինը, որ ընկերներով հիշատակ թողնեն դպրոցի պատին:
Խաչատուր Վարդպարոնյանը ծնվել է 1924թ․-ի դեկտեմբերի 24-ին, Լենինականում: Անցած տարեվերջին, գեղանկարչի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանն, ում շատերը ճանաչում են որպես «Վառեմ-մարեմ» ստուդիայի հիմնադիր, արվեստանոցին կից մի փոքրիկ ցուցասրահ էր բացել՝ նշանավոր պապի հարյուրամյա հոբելյանի առթիվ:
«2017թ․-ին, երկար ընդմիջումից հետո կարողացա պապիկիս կտավների ցուցադրությունը կազմակերպել Ասլամազյան քույրերի պատկերասրահում՝ կոչվում էր «Վերածնունդ»: Իր կենդանության օրոք (մահացել է 2004թ․-ին, 80 տարեկանում) պապիկս այդպես էլ ժամանակ ու հարմար պահ չէր գտել սեփական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը կազմակերպելու: Եվ միայն նրա մահից 13 տարի անց ես կարողացա դա անել: Այդ ժամանակ մենք հանրությանը ներկայացրինք Խաչատուր Վարդպարոնյանի միայն յուղաներկ գործերը: 100-ամյակի կապակցությամբ ուզեցի, որ ցուցասրահ այցելողները նրան ճանաչեն նաև որպես անիմատոր, լուսանկարիչ, օպերատոր, որպես Լենինական քաղաքի ձևավորող նկարիչ»:
Խաչատուր Վարդպարոնյանը շատ մեծ ժառանգություն է թողել ընտանիքին՝ 160-ից ավելի կտավ, 150-ից ավելի սև-սպիտակ լուսանկար-վավերագրություն, վիդեոնկարահանումներ պլեներներից և նկարիչների մտերմիկ հավաքներից, որտեղ կարելի է տեսնել անցած դարի շիրակցի ճանաչված նկարիչների ու արվեստագետների՝ Մինաս Ավետիսյանին, Ռաֆայել Աթոյանին, Հենրիկ Իգիթյանին, Հակոբ Հակոբյանին, Շահեն Խաչատրյանին, Էդվարդ Եդիգարյանին: «Կադրերում նույնիսկ ես կամ, որովհետև համարյա միշտ պապիկիս հետ եմ եղել,- ծիծաղում է Միքայելը,- իսկ ինքը չկա, որովհետև սիրում էր նկարել ու չէր սիրում երևալ կադրում»:
Խաչատուր Վարդպարոնյանը նկարել է վաղ մանկական տարիքից: Միջնակարգ դպրոցին զուգահեռ ավարտել է նաև նկարչական դպրոցը: Պատերազմից հետո, 1946 թ․-ին, ընդունվել է Երեւանի գեղարվեստի ինստիտուտի նկարչության ֆակուլտետ: 1949 թվականին, երրորդ կուրսն ավարտելուց հետո, «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու կինոնկարիչների և մուլտիպլիկատորների եռամյա բարձրագույն դասընթացներին: Ավարտելուց հետո աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, մասնակցել բազմաթիվ մուլտֆիլմերի ստեղծմանը՝ եղել է մուլտիպլիկատոր և բեմադրող-նկարիչ:
1954 թվականից աշխատել է Մոսկվայի ձևավորման և գովազդային վարչության գեղարվեստական կոմբինատում, նախ՝ նկարիչ-ձևավորող, ապա՝ գլխավոր նկարիչ: «Պապիկս առաջին գեղանկարիչն էր, որ նկարեց առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին՝ նկարում համադրելով տիեզերանավը երկրագնդի հետ: Դա եղել է շատ մեծ կտավ, որ տեղ է գտել Կարմիր հրապարակին նայող պատմության թանգարանի պատին: Ես չունեմ այդ կտավի էսքիզները, բայց մեծ ցանկություն ունեմ արխիվներից հայտնաբերել, եթե իհարկե պահպանվել են ու պարզ է, որ դա ռուսական արխիվներն են լինելու»,- նկատում է զրուցակիցս:
Խաչատուր Վարդպարոնյանի արխիվում «Սոյուզմուլտֆիլմ»-ում աշխատած տարիներից պահպանվել են «Грибок-теремок» մուլտֆիլմի աշխատանքային էսքիզները (1958թ.): «Պապիկիցս՝ ինձ անցած գործերի մեջ է նաև «Ծերունի Խոտաբիչը» (1956թ.) լիամետրաժ գունավոր հեքիաթ-ֆիլմի գովազդային պաստառը: Խորհրդային տարիներին ֆիլմերը նախ կինոթատրոններում էին ցույց տալիս, իսկ որպեսզի մարդիկ տեղեկանան, շենքի պատին անպայման պիտի պաստառ լիներ, որն այդ տարիներին ձեռքով նկարում էին: Վստահ եմ, որ պապիկիս աշխատանքները քիչ չեն եղել, բայց մեզ մոտ տվյալ ֆիլիմի օրիգինալն է, մենք դա ենք ցուցադրում,- ասում է Միքայելը,- քանի դեռ գործում էր «Ստիլ» պատկերասրահը, այնտեղ էր ցուցադրված, հիմա արդեն մեր նորաբաց ցուցասրահում կլինի»:
Խաչատուր Վարդպարոնյանը հայրենի քաղաք է վերադարձել 1963 թվականին՝ քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Գրիգոր Հասրաթյանի հրավերով: Լենինականում բացվելու էր գեղարվեստական ձևավորման և գովազդի ձեռնարկություն, որի ղեկավարումը հանձնվում է Վարդպարոնյանին: Փողոցներ, խանութներ, սրճարաններ, ռեստորաններ՝ էսքիզից սկսած մինչև ավարտական փուլ, նկարչի գործն է: Նա է ընտրում գույնը, նյութը, կառուցվող դեկորները, պատերի համար նախատեսված սալիկները, նստարանները և այլն: Այն տարիներին լենինականցիների կողմից հաճախակի այցելվող օբյեկտներից թերևս նշենք «Գյումրի» ռեստորանն ու «Կալինկա» թեյարանը, որոնք կրում էին վարդպարոնյանական ձևավորման կնիքը:
Երբ Գրիգոր Հասրաթյանին Լենինականից տեղափոխում են Երևան՝ նշանակելով քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում, նա հրավիրում է Խաչատուր Վարդպարոնյանին՝ աշխատելու մայրաքաղաքում, սակայն մերժում է ստանում: Նկարիչը բացատրում է, որ եթե թողել է Մոսկվան ու վերադարձել ծննդավայր, որի հետ կապված է արմատներով, ապա գերադասում է մնալ ու շարունակել ստեղծագործել հենց այդտեղ: Իսկ հետո՝ 1988թ․-ին, պիտի գար մեծ աղետը՝ երկրաշարժի տեսքով ու աներ իր սրբագրումները՝ ավիրման տեսքով: Արվեստանոցը, գեղանկարները, էսքիզները մեկ վայրկյանում մնում են փլատակների տակ: Երկրաշարժին զոհ են գնում ստեղծագործող և աշխատանքային ընկերներից շատերը: Անցնում է որոշ ժամանակ և Խաչատուր Վարդպարոնյանը վերստին ձեռքն է վերցնում վրձինը՝ նկարելու սիրելի քաղաքը, սակայն այդպես էլ նրա նկարներից և ոչ մեկում տեղ չի գտնում փլատակված Գյումրին: Նրա մտապատկերում և գեղանկարներում Լենինական-Գյումրին շարունակում է մնալ շեն ու կանգուն:
Մեկնաբանել