«Օրներս անիմաստ մթնեցնում ենք»
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը Ռուսաստանում է: Ընտանիքը պահելու համար նրանք մեկնել են արտագնա աշխատանքի: Սակայն մեկնողներից շատերն այդպես էլ տուն չեն վերադառնում:
«Ոմանք մոռանում են իրենց երեխաներին ու էլ հետ չեն գալիս: Բայց ամենացավալին դա չէ: Վերջին հինգ տարում Ռուսաստանից 20-ից ավելի դիակ են բերել գյուղ: Միայն անցյալ տարի 5 մարդ բերեցին, որոնցից 3-ին սպանել էին»,- ասում է պեմզաշենցի Արկադի Թադեւոսյանը:
Պեմզաշենը հիմնադրել են 1915 թ. ցեղասպանությունից փրկված` Մուշից եւ Բասենից գաղթած հայերը: Խորհրդային Միության օրոք գյուղը վերածվել է քաղաքատիպ ավանի` հիմնված զարգացած արդյունաբերության վրա: Կարի ֆաբրիկան, հիդրոհաղորդակ գործարանը եւ շինանյութերի կոմբինատն ամբողջությամբ ապահովել են բնակչության զբաղվածությունը: Հայաստանի անկախացումից հետո, սակայն, այս ձեռնարկությունները սեփականաշնորհվել են ու փակվել: Այսօր իր հզորության ընդամենը 10-12 տոկոսով վերագործարկվել է միայն շինանյութերի կոմբինատը: Բայց գյուղից շատ քչերն են աշխատանք ստացել. երեւանցի տերերն աշխատուժն իրենց հետ բերել են քաղաքից:
«Բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները շատ ծանր են: Միայն թոշակով ու նպաստով ապրել հնարավոր չէ»,- ասում է փոխհամայնքապետ Յուրա Աբրահամյանը: Վերջինիս խոսքերով` նախորդ 15 տարվա ընթացքում ավելի քան 300 ընտանիք Պեմզաշենից հեռացել է: «Անցած նախագահական ընտրութուններում գրանցված 2200 ընտրողներից ընտրություններին մասնակցեց միայն 1500-ը: Մեկ ամիս անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակիցների թիվը 1100-ի չէր հասնում: Ոչ թե չեն մասնակցել, այլ այդքան մարդ, հիմնականում ջահելներ, գնացել են արտագնա աշխատանքի: Իսկ եթե նրանց գործերը հաջողվեց, վաղը տանելու են նաեւ իրենց ընտանիքներին»,- վստահեցնում է փոխհամայնքապետը:
«Ոչ գնալն է մի բան, ոչ` մնալը: Գնացողներից շատ քչերն են հարստացել` 5-6 հոգի: Մնացածը մյուսների պես չարքաշ կյանքով են ապրում»,- ասում է Սուսաննա Բարսեղյանը:
«Մարդիկ տարիներով ռուսաստաններում են, բայց ամիսներով մի կոպեկ փող տնեցիներին չեն կարողանում ուղարկել»,- ավելացնում է 23-ամյա Սոֆի Բարսեղյանը: Նա ունի երկու զավակ, ամուսինը Ռուսաստանում է, բայց արդեն 4 ամիս է` գումար չի ուղարկել: «Մեկ տարուց ավելի է` նրան չեմ տեսել»,- շեշտում է ջահել հարսը:
«Դե լավ, քիչ բողոքի, համարյա բոլորն էլ քո օրին են: Ուրիշները երկու տարի է` իրենց տղամարդկանց երեսը չեն տեսել»,- ծիծաղելով ավելացնում է Մանիկ տատը:
«Օրներս անիմաստ մթնեցնում ենք: Տան գործ ենք անում, իբր խմելու ջրով տնամերձ ենք մշակում: Էն էլ գրաֆիկով են տալիս ու շատ կարճ ժամանակով: Ինչ տնկում ենք, անձրեւի բախտին է: Մի խոսքով, ոչ ապագա կա, ոչ էլ` հույս»,- շարունակում է Սոֆին:
Պեմզաշենում անասնապահությունն ու հողագործությունը զարգացած չեն: Սեփականաշնորհված հողերի գերակշիռ մասը չի մշակվում: Դրանք հիմնականում բարդ ռելիեֆ ունեն` գտնվում են թեքությունների վրա, բերրի չեն եւ հետն էլ մնում են անջրդի:
«Գյուղի վարելահողերը 400 հա են: Մեկ հոգին միջինով 1600 քառ.մ հող ունի, իսկ ոռոգման ջուր չկա: Նույնիսկ դրանցով անասնապահություն զարգացնել չի լինում, որովհետեւ միայն բազմամյա խոտաբույսեր են աճում, որ գրեթե անպիտան են: Մարդիկ այսօր նույնիսկ իրենց չեն կարողանում պահել, ամեն ինչ առնելով` անասուն ո՞նց պահեն»,- տարակուսում է փոխհամայնքապետ Աբրահամյանը:
«Եթե այս պայմաններում հողի հարկերը նույնիսկ 100 տոկոսով հավաքագրենք, կկազմի 3 մլն 900 հազար դրամ, մայր եկամուտներով` 4,5 մլն: Գյուղապետարանի բյուջեն հիմնականում գոյանում է պետական դոտացիայից` ընդամենը 28 մլն դրամ, որով հարց լուծել չես կարող,- շարունակում է Յուրա Աբրահամյանը,- հազիվ կարողանում ենք մանկապարտեզի, դպրոցի եւ գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարել: Ճիշտ է` մասնակի փոսալցման աշխատանքներ իրականացնում ենք, բայց դա ոչինչ է»:
Փոխհամայնքապետն ասում է, որ գյուղում խմելու եւ ոռոգման ջրի ցանց անցկացնելու համար ծրագիր են ներկայացրել դոնոր կազմակերպութուններին: Ճապոնական դրամաշնորհի միջոցներով Երեւանից «Ջինջ» անունով մի կազմակերպություն շահել է մրցույթը, եւ դեռ գարնան սկզբին շինաշխատանքները պետք է սկսվեին:
«Այս ընտրությունների, քաղաքական հարցերի հետ կապված էլ չեն երեւում: Մենք իրենց հետ ուղիղ կապ չունենք: Շիրակի մարզպետարանից երկու անգամ պարզաբանել են, թե դրամաշնորհների արգելափակում է եղել, դրսի բանկերից գումար չի գալիս: Բայց վստահեցրել են, որ ամեն ինչ ուժի մեջ է»,- ասում է Յ. Աբրահամյանը:
Պեմզաշենի համայնքապետ Երվանդ Միքայելյանն էլ նշում է, թե մոտ 350 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հիշյալ ծրագրով իրականում գյուղում պետք է անցկացվեր միայն խմելու ջրի նոր ցանց: «Իսկ ոռոգման ջրագծի ծրագիր դեռ չունենք: Գրել եմ, որ տան, բայց դա դեռ չի եղել»,- ասում է նա:
Տարբեր են նաեւ համայնքապետի եւ նրա տեղակալի տվյալները` կապված Պեմզաշենի բնակչության հետ: Յուրա Աբրահամյանը նշում է, որ գյուղում ապրում է մոտ 800, Երվանդ Միքայելյանը` 900 ընտանիք: Մինչդեռ, պաշտոնական տվյալներով, 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ` համայնքում ապրել է 755 ընտանիք: Իսկ այս տարիներին գուղից ընտանիքներով արտագաղթը շարունակվել է:
Գյուղի համար ստեղծված ծանր կացությունից դուրս գալու միակ ճանապարհը Յ. Աբրահամյանը համարում է աշխատատեղերի ստեղծումը: «Գյուղացին իր ուժերով ոչինչ անել չի կարող: Ինչ-որ տեղ մեզ համար վարկերն էլ են անհասանելի: Ընդհանրապես Շիրակի մարզը ռիսկային գոտի է համարվում: Բանկերը ռիսկ չեն անում փող տալ, գյուղացին էլ գրավ դնելու ոչ մի բան չունի, որ գոնե մանր ու միջին բիզնես զարգացնի: Մնում է` դրսից ներդնողներ գան, արտադրություն կազմակերպեն եւ օգտագործեն տեղի աշխատուժի մեծ ներուժը: Պեմզաշենցիք աշխատող ժողովուրդ են, ուղղակի ռիսկի դիմող գործարար է պետք»,- ասում է փոխհամայնքապետը:
«Ոչ մի բան էլ իրավիճակը չի փոխի:Պետական մոտեցում եւ լուրջ մշակված ծրագիր է պետք: Հակառակ դեպքում գյուղը հեռանկար չունի»,- եզրափակում է պեմզաշենցի Սոս Բարսեղյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել