
ՔՊ-ն Արսեն Թորոսյանին առաջադրել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին` վերջին 6 տարիներին հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
Անդրադառնալով «առողջապահություն» հասկացությանը` թեկնածուն նշել է, որ նույնիսկ տնտեսագիտորեն ավելի ձեռնտու է ներդրում անել առողջության պահպանման վրա, քան թե զբաղվել հիվանդապահությամբ: Նա կարեւորել է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրերը:
Խոսելով անկախությունից ի վեր առողջապահության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների, ինչպես նաեւ բարեփոխումների շարունակականության կանգի մասին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ գործընթացներին պետք է հետեւողական լինել եւ կենտրոնացված կառավարման շնորհիվ ապահովել ծառայությունների հասանելիություն:
Արսեն Թորոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել կոնկրետ դեպքերի` ծրագրերի ծախսարդյունավետության խնդիրներին, առողջության պահպանման առաջնային օղակի, որակի, հասանելիության եւ դրա նկատմամբ հանրության վստահելիության խնդրին, առողջության համապարփակ ապահովագրությանը, առողջ ապրելակերպին, առողջ միջավայր ունենալուն ուղղված տեսլականին: Այս համատեքստում թեկնածուն կարեւորել է դպրոցական ծրագրում առկա «Առողջ ապրելակերպ» դասընթացը, «Դպրոցական սնունդ» ծրագիրը:
Մտքերի փոխանակության ձեւաչափում պատգամավորները բարձրաձայնել են մարզային առողջության պահպանման առաջնային օղակների գործունեությանը, գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների առկայությանը, Շտապ բժշկական օգնություն ծառայության հասանելիությանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը, առողջապահական տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր: Առաջարկվել է ստեղծել հարթակ, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի քաղաքացիներին դիմելու եզակի հիվանդություններն արտերկրում բուժելու կամ անհրաժեշտ դեղորայքներ ձեռքբերելու հարցերով:
Եզրափակիչ ելույթում Արսեն Թորոսյանը, անդրադառնալով պատգամավորների բարձրացրած հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ: Նա առաջարկել է բարձրացրած հարցերի շրջանակում կազմակերպել աշխատանքային քննարկումներ»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել