HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ընդդիմադիրներին շարունակում են ծեծել

Հունիսի 25-ին, ժամը 16-ի սահմաններում անհայտ անձինք ծեծի են ենթարկել երիտասարդական ընդդիմադիր «Հիմա» շարժման ակտիվիստ Նարեկ Հովակիմյանին:

Նարեկն ուսանող է, սովորում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Այդ օրը նա քննություն հանձնելուց առաջ բուհի միջանցքում նկատել է, որ սպորտային համազգեստով մոտ 25-ամյա մի երիտասարդ իրեն ակնդետ հետեւում է: Մի քանի ժամ անց համալսարանի հարեւանությամբ վերջինս մոտեցել է Նարեկին, ներկայացել իբրեւ «մասիվցի Գուգո» եւ խնդրել առանձնանալ այգում` ինչ-որ աղջկա թեմայով զրուցելու:

«Ասաց` իբր Արմինեին նեղացրել եմ: Բայց ես այդպիսի մարդ չեմ ճանաչում եւ անմիջապես հասկացա, թե ինչն ինչոց է»,- պատմում է Նարեկը: Նա փորձել է խույս տալ «Գուգոյից», սակայն վերջինս ձայն է տվել «Լյով» անունով ավելի բարձրահասակ եւ տարիքով մեկին, ամուր բռնել է Նարեկի դաստակից եւ սպառնացել` «Եթե խելոք չգաս, զոռով կտանենք»:

Նարեկին չի հաջողվել փախչել: Վազելով նրա ետեւից` «Գուգոն» ու «Լյովը» Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցումում բռնել են նրան ու սկսել ծեծել: Հարվածները հիմնականում ուղղված են եղել տղայի գլխին:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բժիշկները 19-ամյա Նարեկի մոտ ախտորոշել են ուղեղի թեթեւ ցնցում: Տուժողն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն դեմքը դեռ այտուցված է, իսկ աչքերն արյունով են լցված:

«Հիվանդանոցում ինձ այցելեցին նաեւ ոստիկանները, իսկ հաջորդ օրը գնացի դատաբժշկի մոտ: Հավանաբար քրեական գործ է հարուցվել, բայց չեմ հավատում, որ հանցագործներին կբռնեն»,- ասում է Նարեկը: Նա վստահ է, որ այս ամենը պայմանավորված է իր ընդդիմադիր կեցվածքով, եւ կատարվածի ետեւում իշխանություններն են:

«...Սա նույն ձեռագիրն է, որով վերջին շրջանում ծեծի էին ենթարկվել «Հիմա» շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական կազմակերպության ղեկավար Նարեկ Գալստյանը (Տես` «Եթե թերթերն իմանան, կսատկացնենք», Հերթական ոտնձգությունը ընդդիմադիր ակտիվիստի դեմ),- ասված է միջադեպի առնչությամբ Համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած հայտարարությունում:- Պարտված քոչարյանա-սերժական ռեժիմը ոչ մի կերպ չի հասկանում, որ նման քայլերով նա միայն ավելի ու ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը եւ ժողովրդի ատելությունն իր նկատմամբ: Ոչ մի կերպ չի հասկանում, որ դրանով ոչ թե կանխում է Համաժողովրդական շարժման մեջ երիտասարդության իր համար այնքան վտանգավոր զանգվածային ներգրավումը, այլ առավել ամրացնում է նրանց պայքարի կամքը...»:

Դատապարտելով «վարչախմբի հրահանգով կազմակերպված այս ստոր արարքը»` Կենտրոնը վստահեցնում է, որ «այսօրինակ հանցագործությունները կատարողներն ու կազմակերպիչները շուտ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջեւ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter