HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որսորդները՝ Կոտուց լեռան ճանապարհին

«Հետքին» դիմել են արշավականներ, որոնք հունվարի 12-ին բարձրացել են Կոտուց լեռ։ Նրանք արձանագրել են հրացաններով 5 որսորդների, որոնք Գևորգ Մարզպետունի ամրոցից բարձրանում էին դեպի Կոտուց լեռ։  

Կոտուց լեռան գագաթը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում` Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Արշավականներն իրենց ավտոմեքենան կայանել են Գևորգ Մարզպետունի ամրոցի մոտ (Տափի բերդ) և մնացած ճանապարը դեպի լեռնագագաթ անցել են ոտքով։

«Իջնելիս լսեցինք, որ ինչ-որ մեկը ձայն է տալիս, հավանաբար մտածում էին, որ մենք էլ ենք որսորդներ։ Մի պահ մտածեցի՝ գուցե արգելոցի աշխատակիցներն են, բայց հետո հեռախոսի միջոցով մոտեցրեցի և նկարեցի, հասկացա, որ որսորդներ են»,- պատմում է արշավականը։ Վերջինս խնդրեց չհրապարակել իր անունը աշխատանքի վայրում խնդիրներ չունենալու պատճառով։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 16-րդ հոդվածը հստակ սահմանում է հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմները, որով արգելվում է որսորդությունը։

«Իջանք, նստեցինք մեքենա, շարժվում ենք ու տեսնեմ, մի մեքենա պտտվում է ու հետ գնում։ Եղբայրս որոշեց արագ քշի, մոտենա, որ տեսնենք՝ ինչ մեքենա է, բայց ինքն ինչքան արագացնում էր, այդ մեքենան էլ էր արագացնում։ Մոտեցանք, տեսանք ու հասկացանք, որ փախչում են, իսկ մեքենան «Բուխանկա» կոչվող մեքենաներից էր։ Մի քիչ առաջացանք, սպիտակ 06 էլ էր մոտենում, մեզ տեսավ, պտտվեց ու հետ գնաց։ Այսինքն՝ որսորդները չափից շատ են այդ տարածքում»,- պատմում է ականատեսը։

Մեր զրուցակիցը պատմեց, որ չնայած արդեն մութն ընկնում էր, ժամը 18-ի սահմաններում էր, բայց այդ մարդիկ շարունակում էին բարձրանալ դեպի լեռնագագաթ։ Իսկ իջնելիս արշավականները մեքենաների ակտիվ հոսք են նկատել դեպի վերև, այդ ժամին ուր էին բարձրանում՝ հայտնի չէ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռադիկ Օղիկյանին ուղարկեցինք ենթադրյալ որսագողերի լուսանկարը։ Ռադիկ Օղիկյանն ասաց, որ էկոպարեկային ծառայություն իրականացնողները նման արտահագուստ չունեն։ Ամեն դեպքում, տնօրենն ասաց, որ մեր լուսանկարն ուղարկել է Էկոպարեկային ծառայությանը, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն։ Նրանք էլ կկարողանան սպառիչ պատասխանել բոլոր հարցերին։

Ռադիկ Օղիկյանը միաժամանակ ասաց, որ թեկուզ Կոտուց լեռան գագաթն իրենց տարածքում է, բայց Վեդիի կողմից մի հատված դուրս է մնում իրենց տարածքից, համայնքային տարածքներ են, գուցե որսորդներին այդտեղ են նկարել։

Քիչ առաջ ստացանք նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի պատասխանը«Էկոպարեկային ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունից պարզվեց, որ նշված տարածքը չի հանդիսանում պետական արգելոցի պահպանվող տարածք, իսկ նկարում երևացող անձիք՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությամբ զբաղվով էկոպարեկային ծառայության աշխատակիցներ չեն, չեն կրում նման համազգեստ և չեն օգտվում նկարում պատկերված տրանսպորտային միջոցից»:

Արշավականը պատմեց, որ որսորդներին նրանք տեսել են Տափի բերդից Կոտուց լեռ բարձրացող ճանապարհին։ Թե կոնկրետ արգելոցի, թե համայնքային տարածքում էր, դժվարացավ ասել, սակայն ակնհայտ էր, որ ուղղությունը դեպի լեռնագագաթ էր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter