HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդիրները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք ոլորտներ կարգավորող նախագծեր

Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումները խորհրդարանը հունվարի 21-ի նիստում քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա:

Պատգամավորներն առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, փոփոխություններ չեն եղել:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ լավարկող նորմ է առաջարկում Կառավարությունը, սակայն ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հակադարձում է` այդպես չէ, պարզապես գույքահարկը թանկանալու է: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոսել է գույքերի կոնսոլիդացիայի կարեւորության մասին, իսկ ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ կարգավորմամբ խնդիրը կիսատ է լուծվում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը եւ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը վստահեցրել են` նորմը լավարկող է: Սուրեն Թովմասյանը հավելել է` որեւէ մեկի գույքահարկը չի ավելանում ու նշել, որ իրավունքի պետական գրանցման օրվանից սկսած սխալներ են արվել եւ այժմ փորձ է արվում շտկել դրանք:

«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ այս ֆոնդերը հասել են մոտավորապես 135 մլրդ դրամի եւ էական նշանակություն ունեն ՀՀ կապիտալի շուկայի մասնակցության մեջ:

Առաջինից երկրորդ ընթերցում մեկ բովանդակային փոփոխություն է եղել. ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերը կառավարող կառավարիչներին կամ իրականացնող անձանց հնարավորություն է ընձեռվել ԿԲ թույլտվությամբ կառավարելու նաեւ այլ ֆոնդեր, որ վերջիններս նոր ընկերություններ չվերագրանցեն եւ իրենց գործունեությունը կարողանան անընդմեջ ծավալել:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բացառապես տեխնիկական բնույթի առաջարկներ են ներկայացվել, որոնք ընդունվել են, բովանդակային փոփոխության նախաձեռնությունը չի ենթարկվել: Հիմնական կարգավորումները` այստեղ:

Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է նախաձեռնությունը եւ փաստել. «Պարզեցված ընթացակարգով, ենթադրում եմ, որ ՊԵԿ-ում արագ կստեղծվի գրադարան, որտեղ կգրանցվեն բոլոր նմանատիպ սարքավորումները, որոնք արդեն անցել են այս կամ այն տնտեսավարողի կողմից փորձաքննությունը: Դրանց եզրակացություններն այդտեղ կներբեռնվեն, եւ անկախ այն հանգամանքից, թե որ ընկերությունն է նույն տեսակի ապրանք բերում, արդեն կանցնի այդ ընթացակարգով, համապատասխան փաստաթղթերը եւ փորձաքննությունն այլեւս անհրաժեշտ չեն լինի: Սա շատ կարեւոր է նաեւ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter