HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ծխում է 16-ից բարձր տարիքի տղամարդկանց 52 տոկոսը

Մայիսի 31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքը կազմակերպել էին մամուլի ասուլիս` նվիրված Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։ Սակայն ինչպես նշեց «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Դիանա Պետրոսյանը, իրենց կողմից վերջին ամիսներին անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ օրենքն այնքան էլ արդյունավետ չի գործադրվում։

Հիմնական պատճառը խնդրի վերաբերյալ հանրության վատ իրազեկվածությունն է և ոչ պահանջատեր լինելը։ «Միայն օրենքներով և սահմանափակումներով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ օրենքին հետևողը մեր բնակչությունն է։ Եթե օրենսդրական փոփոխություններին զուգահեռ հնարավոր չլինի որոշակի փոփոխություններ կատարել մարդկանց մտածելակերպում և վարքագծում, ոչ մի օրենք չի կարող խնդիրը լիարժեք լուծել ծխախոտի դեմ պայքարում։ Ցանկացած լուծում պետք է ունենա նաև հասարակական ըմբռնում և աջակցություն»,- նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը, Հայաստանում ծխում է 16-ից բարձր տարիքի տղամարդկանց 52 տոկոսը։ Կանանց շրջանում իրավիճակը բևեռացված է. Երևանում ծխող կանանց թիվը շատ ավելին է, քան մարզերում։ Վերջին ուսումնասիրություններից, որ կատարվել են 2010թ.-ին բժշկական կրթօջախների 3-րդ կուրսի ուսանողների շրջանում, պարզվել է, որ ծխում է աղջիկների 8-10 տոկոսը։

Ա. Բազարչյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ է կատարվում արգելել ծխախոտի գովազդն ամբողջությամբ։ «Իհարկե, մենք կուզենայինք, որ շատ շուտ ստեղծվեին ծխախոտից զուրկ հասարակական գոտիներ, ծխախոտից զուրկ Հայաստան, սակայն դա միայն օրենսդրական հարց չէ։ Դա նաև հասարակական կազմակերպությունների և հասարակության խնդիրն է։ ՀՀ առաղջապահության նախարարությունը մշտապես շեշտել է, որ իրազեկման և մի շարք այլ գործառույթներում հասարակական կազմակերպություններն ու զանգվածային լրատվամիջոցներն իր հիմնական գործընկերներն են»,- նշեց Ա. Բազարչյանը։

«Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի համակարգող Դիանա Պետրոսյանը նույնպես շեշտեց բնակչության իրազեկման հարցը։ «Շատ կարևորում ենք քաղաքացիական հասարակության ակտիվությունը և փորձում ենք աշխատել բնակչության հետ, որպեսզի բարձրացնենք նրանց իրազեկության աստիճանն իրենց իրավունքների մասին։ Ի վերջո, օրենքներն ընդունվում են իրենց համար, և հենց հասարակությունն է, որ պետք է պարտադրի օրենքների կիրառումը»,- նշեց Դ. Պետրոսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter