HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նորածինը վաճառվեց

Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» երեխայի ծնունդն ընդունող բժիշկ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանն էր:

«Առքուվաճառքին» մասնակցել էին նաեւ այլ անձինք: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ո՛չ հանցագործության միջնորդների, ո՛չ էլ գլխավոր մասնակցի` «գնորդ»-բժշկի նկատմամբ կալանքի սանկցիա չկիրառեց:

Թերթերը գրեցին, թե վերջինս վայելում է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես ԱԺ 2003-2007 թթ. գումարման պատգամավոր Սամվել Սահակյանի եւ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հովանավորությունը: Որոշ լրատվամիջոցներ էլ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշեցին, թե դատախազությունն անպայման բողոքարկելու է բժշկին ազատության մեջ թողնելու որոշումը: Իրականում, սակայն, Գլխավոր դատախազությունն արդարադատությանը հետամուտ լինելու տրամադրվածություն չուներ: Ի սկզբանե քննչական վարչությունը Մ. Ենգիբարյանի արարքը որակելիս դիմել էր «խորամանկության», ինչն էլ բուն պատճառներից մեկն էր, որ բժիշկն այդպես էլ չազատազրկվեց:

2006 թ. նոյեմբերի վերջին Գյումրու երկաթգծի կայարանի շուկայում Անահիտ Պետրոսյանը ծանոթացել է բանջարեղենի առեւտրով զբաղվող Գյուլնարա Մանվելյանի հետ: Հետաքրքրասիրության արդյունքում նա տեղեկացել է, որ 27-ամյա Գյուլնարան հղիացել է արտամուսնական կապից, ունի դժվարություններ, այդ թվում` ֆինանսական, եւ որոշել է ծննդաբերելուց հետո երեխային հանձնել մանկատուն: Ա. Պետրոսյանը խոստացել է Երեւանում բնակվող իր ծանոթ Եկատերինա Առուստամյանի միջոցով օգնել հղի կնոջը, իսկ երեխային մանկատուն հանձնելու դեպքում` տրամադրել որոշակի գումար:

Օրեր անց` դեկտեմբերի 4-ին, հիշյալ կանանց հետ Գ. Մանվելյանն այցելել է «Մասիսի բժշկական կենտրոն»: Ե. Առուստամյանի վաղեմի ծանոթ, հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանը խոսակցության ժամանակ իմանալով, որ Գյուլնարան Վրաստանի քաղաքացի է եւ կորցրել է անձնագիրը, առաջարկել է նրան ծննդատուն ընդունել մեկ այլ անձի անվան տակ: Նա միաժամանակ նշել է, թե կվճարի միայն այն դեպքում, երբ ծննդաբերությունից հետո համոզվի, որ երեխան առողջ է:

Նույն օրը Գ. Մանվելյանը հիվանդանոց է ընդունվել իբրեւ Հայկանուշ Պետրոսյան (Անահիտ Պետրոսյանի դուստրն է - Ա. Դ.) եւ «կեսարյան հատման» եղանակով ծննդաբերել:

Նա երեխային թողել է բժշկական կենտրոնում ու դուրս գրվել, իսկ դեկտեմբերի 18-ին բժշկի հանձնարարությամբ Հ. Պետրոսյանի անվամբ, որպես երեխայի մայր, հիվանդանոցում կազմվել է ծննդի մասին համապատասխան տեղեկանք, ինչի հիման վրա էլ Մասիսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում արձանագրվել է երեխայի ծնունդը եւ տրվել ծննդական: Այնուհետեւ բժիշկ Մ. Ենգիբարյանի թելադրանքով Հ. Պետրոսյանը գրել է երեխայից հրաժարվելու եւ նույն բժշկի՝ Մ. Ենգիբարյանի, հիմնադրած «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատանը տեղավորելու դիմում:

Նորածնի համար բժիշկը վճարել է 2000 ԱՄՆ դոլար, որից 1400-ը բաժին է ընկել երեխայի մորը, 300-ը` Ե. Առուստամյանին, 200-ը` Ա. Պետրոսյանին, 100-ն էլ վերջինիս դստերը` իբրեւ ծննդկան հանդես գալու համար:

Բացի տարբեր անձանց տված ցուցմունքներից, դատարանն այս ամենը հաստատված է համարել նաեւ մի շարք իրեղեն ապացույցներով: Չնայած սրան` բժիշկ-գինեկոլոգ Մ. Ենգիբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հանցագործության մյուս մասնակիցները տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանցից համեմատաբար խիստ պատժի արժանացել է միայն երեխայի մայրը` Գ. Մանվելյանը: Նախաքննության ժամանակ նա մոտ հինգ ամիս անցկացրել է մեկուսարանում: Մյուսները նախնական եռօրյա կալանքից հետո ազատ են արձակվել:

Մ. Ենգիբարյանի արարքը լիովին համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասի 4-րդ կետին` երեխայի առքուվաճառք, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով: Սակայն Գլխավոր դատախազությունը, օգտագործելով օրենսգրքի հնարավորությունները, այս ձեւակերպումը «մասնատել» եւ նրան մեղադրանք է առաջադրել առանձին հոդվածներով` 168 (երեխայի առքուվաճառք) եւ 314 (պաշտոնեական կեղծիք) հոդվածների 1-ին մասերով: Արդյունքում «գնորդին» սպառնում էր ոչ թե 4-ից 8, այլ 2-ից 5 տարվա ազատազրկում:

Մեղադրող Լյովա Մելքոնյանն Արարատի մարզի առաջին ատյանի դատարանին միջնորդել է Մ. Ենգիբարյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատավոր Թաթուլ Պողոսյանը միջնորդությունը բավարարել է մասնակի` բժիշկ-գինեկոլոգին դատապարտելով 2 տարվա ազատազրկման: Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել, եւ նշանակվել է մեկամյա փորձաշրջան:

Պայմանականորեն չեն կիրառվել նաեւ մյուս ամբաստանյալների` Գ. Մանվելյանի, Ե. Առուստամյանի եւ Ա. Պետրոսյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատժաչափերը: Նրանց դեպքում եւս սահմանվել է 1 տարվա փորձաշրջան:

Գլխավոր դատախազությունը ինչպես կալանքի սանկցիա չկիրառելու, այնպես էլ դատարանի այս վճիռը չբողոքարկեց:

Գ. Մանվելյանի որդին տեղափոխվել է Երեւանի Նորք համայնքի մանկատուն: Բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալ բժիշկ-գինեկոլոգի հիմնադրած «Էլեն» բարեգործական հիմնադրամի մանկատունն այլեւս չի գործում: Մ. Ենգիբարյանը շարունակում է ծնունդներ ընդունել «Մասիսի բժշկական կենտրոնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter