
Դավիթ Առուշանյան. «Մարզպետարանն աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ, որքան շուտ հասկանան, այնքան լավ»
11 ամիս փոխքաղաքապետի պաշտոնում, 23 ամիս ԱԺ պատգամավորի կարգավիճակում և ընդամենը մեկ ամիս՝ մարզպետի պաշտոնում`43-ամյա Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզի 14-րդ մարզպետն է: Պաշտոնում նշանակվել է 2024թ-ի դեկտեմբերի 19-ին: Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում Շիրակի պետական համալսարան) բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբնապահպանության բաժինը: Մինչև Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության տնօրենը: Դավիթ Առուշանյանի աշխատելաոճին գյումրեցիները ծանոթ են, իսկ մարզի բնակչությունը կհասցնի որոշակի պատկերացում կազմել առաջիկա ամիսներին:
«Շատ աշխատել, հնարավորինս արագ արձագանքել խնդիրներին, արդար որոշումներ կայացնել՝ սա էն իդեալական վիճակն է, որի ակնկալիքն ունեն մարդիկ ամեն մի նոր նշանակման հետ կապված,-նկատում է Դավիթ Առուշանյանը,-ես դա զգացել եմ Գյումրու փոխքաղաքապետ աշխատած ժամանակ: Չեմ ասում անթերի եմ եղել, սակայն հնարավորինս արել եմ ամեն ինչ, որ դիմացինի մոտ անարդարության զգացողություն չլինի: Մարզպետի պաշտոնում ևս իմ աշխատելաոճը չի փոխվի»:
Շիրակի մարզպետարանում նոր նշանակումով մեծ տեղաշարժեր պաշտոնյաների առումով չեն եղել: Նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի՝ պաշտոնը թողնելուն զուգահեռ, աշխատանքից ազատման դիմումներ էին գրել նրա օգնականներն ու խորհրդականները, ինչպես նաև փոխմարզպետ Աննա Մարտիկյանը: Աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, մասնագիտությամբ ֆինանսիստ-հաշվապահ Գնունի Աղաբեկյանը, ով «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ից մարզպետարան էր հասել նախ մարզպետի օգնականի կարգավիճակում, հետո անցել խորհրդականի դասին ու անչափ կարճ ժամանակով՝ ընդամենը 9 օր, հանգրվանել վարչության պետի պաշտոնում:
Մարզպետի աշխատակազմում փոխմարզպետներից շարունակում է պաշտոնավարել Ալբերտ Այվազյանը, երկրորդ փոխմարզպետի նշանակմանը սպասում են առաջիկայում: Մարզպետի աշխատակազմի ենթակայության տակ գործող կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչությունները դեռ կշարունակեն գործել ժամանակավոր պաշտոնակատարների վերահսկողությամբ: Հիշեցնենք, որ կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանն ու քաղաքաշինության վարչության նախկին պետ Խաչատուր Խնձրցյանը հարուցված քրեական գործերի շրջանակներում ձերբակալվել էին նախորդ մարզպետի՝ Մուշեղ Մուրադյանի օրոք:
Նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի փոխանցմամբ, թափուր պաշտոնների համար մրցույթների հայտարարում առայժմ նախատեսված չէ: Դրա փոխարեն, նորանշանակ մարզպետը որոշել է խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով հրավիրել մարզում գործող ֆինանսիստների և իրավաբանների ուշադրությունը: Սա առաջին դեպքն է, երբ հայեցողական պաշտոնի համար հայտերի ընդունման հայտարարություն է տարածում մարզպետարանը:
«Հասկանում եմ, որ շատերի համար սա անակնկալ էր: Ինչպես գիտեք, ես իրավունք ունեմ իմ հայեցողությամբ ընտրել մասնագետին և նշանակել, որովհետև խորհրդականի պաշտոնը մրցութային չէ: Սակայն ուզեցի գնալ այլ ճանապարհով: Մրցույթ չէ, հանձնաժողով չկա որպես այդպիսին, իմ նպատակն այլ է: Սա հնարավորություն կտա ծանոթանալու մարզի ներուժին և ընտրելու լավագույնին: Բոլորս էլ հասկանում ենք, թե ֆինանսների ոլորտը որքան բարդ է, գաղտնիք չէ, որ օրենքները սովորաբար խախտում կամ հմտորեն շրջանցում են հենց ոլորտի գիտակները: Թերևս սրանով է պայմանավորված, որ ցանկություն ունեմ լավագույններին ընդգրկելու իմ թիմում,- շեշտում է Դավիթ Առուշանյանը,- պարտադիր չէ, որ ղեկավարը լավատեղյակ լինի բոլոր ոլորտներից, սակայն, ցանկալի է, որ շրջապատված լինի այդ ոլորտները շատ լավ իմացող մարդկանցով»:
Զրուցակցիս փոխանցմամբ, նոր աշխատանքում արագ կողմնորոշվելուն օգնում են նախորդ պաշտոնավարումները, ինչ-որ տեղ էլ՝ խանգարում: «Քաղաքի մարդ» լինելն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը,-ասում է Դավիթ Առուշանյանը,-առաջին իսկ օրվանից ստիպված էի բացատրել բոլորին, որ մարզպետարանն աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ: Ու սա որքան շուտ հասկանան, էնքան լավ: Աշխատակազմին ես ներկայացրել եմ իմ պահանջները, աշխատելաոճը, շեշտել, որ չկան մեր լիազորություններից դուրս ոլորտներ, բոլորը մեր հոգածության տակ են, ու մենք զբաղվելու ենք բոլոր պրոբլեմներով, որոնք ծագելու են մարզում»:
Մեկ ամիսը կարճ ժամանակ է, սակայն առաջիկայում ուրվագծվում են հատկապես առողջապահության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները: «Գյումրու պոլիկլինիկաների հարցն է հրատապ: Երկրորդ պոլիկլինիկայի հետ կապված ծրագիր կա, շուտով հյուրընկալելու ենք նախարարին, փորձում եմ որոշակի փոփոխություններ անել այդ ծրագրում, տեսնենք ինչպես կստացվի: Եթե կյանքի կոչվի, ապա կունենանք արդիականացված, ժամանակակից սարքավորումներով հագեցած, վերանորոգված պոլիկլինիկա»,- ասում է նորանշանակ մարզպետը:
Համայնքների խոշորացումը խիստ կրճատել է համայնքապետերի թիվը՝ նախկին 116-ի փոխարեն ներկայումընդամենը 6 պաշտոնյայի հետ են քննարկվում խնդիրները: Սակայն դա չի կրճատում պատասխանատվությունը մարզի բնակավայրերի նկատմամբ:
«Ենթադրում եմ, որ մարզում կան գյուղեր՝ կապ չունի մոտիկ, թե հեռու, որտեղ ոչ մի մարզպետ իր պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չի այցելել: Շատ քիչ մարդ կա, որ կարող է պարծենալ Շիրակի մարզի գերազանց իմացությամբ, պետք է խոստովանեմ, որ ես այդ քչերի մեջ չեմ: Իմ մտերիմներից մեկը վերջերս կատակով առաջարկեց հետևել Հարուն ալ Ռաշիդի օրինակին, ով ամեն գիշեր զգեստափոխված շրջում էր Բաղդադի մեջ, որ տեսնի ինչպես են ապրում մարդիկ, Հովհ. Թումանյանը շատ սիրուն հեքիաթ ունի այդ մասին,-Դավիթ Առուշանյանը ծիծաղում է,-և պատկերացրեք, որոշել եմ օգտվել ընկերոջս խորհրդից ու առաջիկայում, առանց նախապես որևէ մեկի տեղեկացնելու, այցելելու եմ մարզի փոքր գյուղերից մեկը: Եթե կարողանամ դա դարձնել սովորույթ ու աշխատանքի բաղկացուցիչ մաս, կարծում եմ կշահենք բոլորս: Այլ է, երբ քեզ զեկուցում են, և լրիվ ուրիշ բան է, երբ ինքդ ես քո աչքով տեսնում ու անձամբ լսում»:
Նոր մարզպետի նշանակումն համընկավ համայնքներում ծառայողական մեքենաների կրճատման գործընթացի հետ: «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Ախուրյան խոշորացված համայնքում 21 ծառայողական մեքենա կա, արդյո՞ք դա նորմալ է, վստա՞հ ենք, որ մեքենաները ծառայեցրել են միայն բնակավայրի կարիքների համար,-հարցնում է զրուցակիցս,-եթե այդպես լիներ, եթե իրոք մեծ կարիք լիներ, ապա Ախուրյանում կրճատումից հետո չէր մնա 3 մեքենա: Շիրակի մարզպետի աշխատակազմին սպասարկող մեքենաներն ևս կրճատվել են՝ 5-ից մնացել է 3-ը, Արթիկում 10 մեքենայից մնացել է 6-ը, Անիի համայնքապետարանում՝ 4-ից 2-ը, Ամասիայում՝ 6-ից 4-ը, որից մեկը շտապօգնության մեքենան է, Աշոցքի համայնքապետարանում՝ 6 մեքենայից 3-ը: Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի 6 համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով»:
Կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն՝ բոլոր ոլորտներում լինելու են տեսանելի փոփոխություններ, զրույցն ամփոփելիս հավաստիացրեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Մեկնաբանել