
Իգիթյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման
Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի հասնող գույքին խարդախությամբ տիրանալու համար մեղադրվող Գրիգոր Իգիթյանին սեպտեմբերի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման:
Դատավարությունը տեւեց 1,5 տարի: Միայն վիճաբանությունների փուլը, պաշտպանական կողմի նախաձեռնությամբ, ձգվեց 4 ամիս: Ի վերջո, սեպտեմբերի 9-ին մեղադրյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հրապարակեց պաշտպանական ճառը, իսկ ամբաստանյալ Գ. Իգիթյանը հայտարարեց, որ մեղսագրվող խարդախությունում իրեն մեղավոր չի ճանաչում:
Փոխարենը դատարանը հիմնավորված համարեց, որ Գ. Իգիթյանը 1995-2001 թթ. շարունակական գործողություններով մոլորության մեջ է գցել ամերիկահայ բարերար Ջորջ Նաջարյանին` շահելով վերջինիս բացառիկ վստահությունը, «խարդախությամբ տնօրինել է նրա բանկային հաշիվներում առկա եւ բիզնեսից գոյացած դրամական միջոցները, որոնց օգտագործմամբ էլ խաբեությամբ իրավունք է ձեռք բերել փաստացի Նաջարյանին պատկանող Երեւան քաղաքի Աբովյան 32 հասցեում գտնվող ֆոտոխանութի եւ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի թիվ 4 եւ 11/12 կիսակառույց շենքերի ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքի նկատմամբ»:
Հիշյալ անշարժ գույքերը, որ այսօր կալանքի տակ են, եւ ֆոտախանութի համար Ջ. Նաջարյանի միջոցներով ձեռք բերված ֆոտոլաբորատորիան դատարանը վերադարձրեց տուժողին` անվավեր ճանաչելով Իգիթյանի անվամբ տրված բոլոր փաստաթղթերը: Իսկ Նաջարյանի քաղհայցը` մեղադրյալից բռնագանձել ֆոտոբիզնեսից գոյացած եկամուտների իր բաժնեմասը (շուրջ 90 հազար ԱՄՆ դոլարի չափով), դատավոր Ժորա Վարդանյանը թողեց առանց քննության` պահանջը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ:
Դատարանն ապացուցված համարեց նաեւ այն, որ Իգիթյանը «Ձորագյուղ» թաղամասի թիվ 11/12 շենքը հարկային մարմիններում ցույց չի տվել, վաճառքի պայմանագրով շուկայականից ակնհայտ ցածր գնով օտարել է, իսկ գործարքից գոյացած ավելի քան 5,5 մլն դրամը չի մուտքագրել պետբյուջե:
Գ. Իգիթյանը չարամտորեն հարկերից խուսափելու համար իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է եւ դեռ նախաքննության փուլում վերականգնել պետությանը պատճառած վնասը:
Սրա հետ մեկտեղ, իբրեւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, դատավորը դիտարկեց այն, որ «մեղադրյալն ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին ունի երկու անձ, դատվածություն չունի եւ, ըստ իր հայտարարության, վատառողջ է»:
Իգիթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, Ժ. Վարդանյանը թողեց անփոփոխ` մինչեւ դատավճիռը կստանա օրինական ուժ: Այն բողոքարկելու համար տրված է մեկամսյա ժամկետ: Դա նշանակում է, որ բողոքարկման դեպքում, եթե նույնիսկ վերաքննիչ դատարանը որեւէ բան չփոխի, քանի դեռ վճռաբեկ դատարանի վճիռը (կամ բողոքը վերադարձնելու որոշումը) չի լինի, Իգիթյանը կմնա ազատության մեջ:
«Դատարանն ավելի մարդասեր գտնվեց: Համենայնդեպս, ավելի ապահով եւ հանգիստ կլինեինք բոլորս, եթե մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը ամբաստանյալի նկատմամբ կիրառվեր վճռի ապահովման միջոց, այսինքն` խափանման միջոց ընտրվեր կալանքը»,- գտնում է Նաջարյանի շահերի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը: Այնուամենայնիվ, վերջինս ընդգծում է, թե, մեծ հաշվով, դատավճռից բավարարված է:
Իգիթյանը, հավանաբար, վճիռը կբողոքարկի: Ժամանակին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին հղած իր դիմում-բողոքներում նա սպառնում էր, թե իր «իրավունքների պաշտպանության համար պատրաստ է հասնել Եվրադատարան»:
Մեկնաբանել